Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Փաշինյանը դեռևս հնարավորություն ունի Հայաստանը զերծ պահել ձախողված երկրների շարքին դասվելու տխուր հեռանկարից

Օգոստոս 04,2019 18:53

Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանը դեռևս սպասում է հիմնարար, արմատական փոփոխություններ: Քաղաքական համակարգը շարունակում է մնալ դեգրադացված, խորհրդարանի դերը հասցվել է նվազագույնի, իսկ տնտեսության շարժիչ ուժը շարունակում է մնալ օլիգարխիան:

Անցած մեկուկես տարիների ընթացքում, այո կատարվել են փոփոխություններ, սակայն դրանք կրել են առավելապես ցուցափեղկային, մակերեսային բնույթ: Խորքային առումով սակայն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համակարգերը շարունակում են գործել նախկինից եկող իներցիայով՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Քաղաքական համակարգի ամենամեծ ինստիտուցիոնալ արատը սուպերվարչապետական համակարգն է, որը վերացնելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն շատ արագ հարմարվեց դրան. այսօր Հայաստանն ապրում է Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական համակարգում: Մեր քաղաքական համակարգի մյուս ամենամեծ արատը խորհրդարանի դերի, նշանակության գրեթե զրոյացումն է:

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը չունի որևէ գործառութային նշանակություն, քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է խորհրդարանից դուրս, քաղաքական օրակարգը՝ իշխանության թեթև ձեռքով ձևավորվում է գործող իշխանության ու նախկին համակարգի դիմակայության տրամաբանությամբ, ինչն ամբողջությամբ դուրս է դնում Ազգային Ժողովը ընթացիկ քաղաքական գործընթացներից:

Այս պայմաններում առողջ, մրցակցային քաղաքական համակարգի մասին խոսակցություններն անգամ դառնում են ծիծաղելի: Այսպիսով, ունենք սուպերվարչապետական համակարգ, զրոյական նշանակություն ունեցող խորհրդարան, Ազգային Ժողովի պատերից դուրս ընթացող քաղաքական գործընթացներ և օլիգարխիկ տնտեսություն: Ճիշտ նույն պատկերը, ինչ նախորդ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալով հանդես է եկել բազմաթիվ խոստումներով, որոնց մեծ մասը ոչ միայն չի կատարվել, այլ իշխանությունն անգամ ուղերձներ չի հղում, որ դրանք կարող են կատարվել: Սահամանադրական փոփոխություններ, սուպերվարչապետական համակարգի վերացում, Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, օլիգարխիկ տնտեսության ապամոնտաժում, բիզնեսի ու քաղաքականության սերտաճում…

Չկատարված խոստումների շարքը կարելի է շարունակել, սակայն նշվածները բավական են արտացոլելու համար այն պատկերը, որը նկարագրեցի վերևում:

Քաղաքական ու տնտեսական համակարգի նշածս բոլոր արատները տրված, բայց չկատրաված խոստումների հետևանքն են: Առանց քաղաքական համակարգի հիմնարար բարեփոխման, առանց մրցակցային քաղաքական համակարգի արմատավորման ու զարգացման, առանց բիզնեսի ու քաղաքականության իրական տարանջատման Հայաստանում հնարավոր չէ արձանագրել տնտեսական հաջողություններ:

Տնտեսական հեղափոխության մասին հայտարարած իշխանությունը պարտավոր է ձեռնարկել բարեփոխումներ առաջին հերթին քաղաքական համակարգում՝ ի դեմս Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման, Սահմանադրական փոփոխությունների ու որպես դրա հետևանք սուպերվարչապետական համակարգի վերացման, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման վերացման ու օլիգարխիկ տնտեսության իրական կազմաքանդման ու ազատ մրցակցության արմատավորման:

Մինչև այս հիմնարար փոփոխությունների իրականացումը տնտեսական կյանքում չենք կարող ակնկալել ոչ միայն բեկումնային, այլ անգամ սովորական զարգացում: Հայաստանի տնտեսության զարգացման համար այդքան անհրաժեշտ օտարերկրյա ներդրումները կարող են կատարվել միայն քաղաքական ու տնտեսական առողջ միջավայրի առկայության պայմաններում:

Տնտեսությունն ու քաղաքականությունը կապված են օրգանական, դիալեկտիկական կապով: Այդպիսին է նաև այդ համակարգերի զարգացման միջև կապը: Եվ ուրեմն, առանց քաղաքական համակարգի բարեփոխման հնարավոր չէ տնտեսության իրական զարգացում: Նույն կերպ՝ առանց մրցակցային տնտեսության, առանց օլիգարխիկ համակարգի վերացման հնարավոր չէ ունենալ առողջ, մրցակցային քաղաքական համակարգ:

Հ.Գ. Արձակուրդի օրերին վարչապետի դստեր տարածած լուսանկարներից մեկում երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ընթերցում է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի «Ինչո՞ւ են ձախողում պետությունները» աշխատությունը: Մեր հայրենակցի հիմնական թեզն այն է, որ տնտեսական իրական հաջողությունների հնարավոր է հասնել միայն քաղաքական համակարգի արմատական բարեփոխման ու առողջացման միջոցով:

Նիկոլ Փաշինյանն անցած մեկուկես տարիներին ձախողել է այդ առաջադրանքի կատարումը: Նա սակայն դեռևս հնարավարություն ունի Հայաստանը զերծ պահել ձախողված երկրների շարքին դասվելու տխուր հեռանկարից: Հուսանք՝ Աճեմօղլուի գրքի ընթերցանությունը կմոտիվացնի Նիկոլ Փաշինյանին այդ հարցում: Այլապես վաղը կարող է ուշ լինել:

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2632078766822834/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031