Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն այն է, որ աղքատները աշխատանքով հարուստ դառնալու շանս ունենան». Փաշինյան

Օգոստոս 04,2019 17:54

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդի վերջին օրն է եւ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ամփոփեց արձակուրդային շրջանը:

Վարչապետը հիշեցրեց, որ արձակուրդներն անցկացրել է Սեւանի ափին, նաեւ շրջել է տարածքում, տուրիզմի, ենթակառուցվածքների հետ կապված ուսումնասիրություններ արել. «Տպավորությունն այնպիսին է, որ հիմա ՀՀ-ում կարող են ժամանակ անցկացնել օտարերկրյա զբոսաշրջինկները, թերեւս այդ պատճառով է, որ այս տարի զբոսաշրջիկների աճ ունենք: Իհարկե, Սեւանի ափին տեղ-տեղ պրոբլեմատիկ երեւույթներ կան, մենք պետք է մտածենք, թե ինչպես աջակցենք, որ ձեռնարկատիրությունը որոշ տեղերում ավելի մոտիկ լինի ժամանակակից չափանիշներին: Տեղեր կան, որ ձեռնարկատիրության մակարդակը մնացել է 93-94 թվականների մակարդակին»:

Վարչապետը նաեւ անդրադարձավ իջեւանյան ծառահատումների դեպքերին: Ըստ վարչապետի, մարդիկ հասկացել են, որ չի կարելի հացի փող աշխատելու անվան տակ լեգիտիմացնել ցանկացած ապօրինություն, ազգային հարստությունը ոչնչացնել՝ թեկուզ 20 ընտանիքի հացի փող վաստակելու համար, որի արդյունքում նրանց ընտանիքների սոցիալական կարգավիճակը չի էլ փոխվում. «Ես ծնունդով Իջեւանից եմ, գիտեմ, այդ մարդիկ ինչպես վատ ապրում էին, շարունակում են վատ ապրել՝ չնայած 20-30 տարի անտառ են կտրել: Եթե կան մարդիկ, որոնք այդ գործունեության արդյունքում սկսել են լավ ապրել, նրանք խմբավորումներ են եւ կարելի է նրանց մատների վրա հաշվել»:

Փաշինյանն ասաց, որ օլիգարխիան երկրում վերացրել են ու տնտեսական հնարավորությունները բացել մարդկանց համար, նախկինում օլիգարխիան աշխատում էր ինչ-որ գումար, հետո որդնած բրնձի եւ այլ բարիքների տեսքով գումար բաժանում հանրության որոշակի շերտին, որ դրանով վերարտադրի ու շարունակի միլիարդատեր դառնալ՝ սահմանափակելով ուրիշների հնարավորությունները հարստանալու: Հիմա իրենք արհեստական խոչընդոտները վերացնում են, արտոնյալ վարկեր տալիս. «Մեր նպատակն այն է, որ աղքատները աշխատանքով հարուստ դառնալու շանս ունենան»:

Փաշինյանը խոսեց նաեւ հարկային արտոնությունների մասին, ասաց, որ 24 մլն-ի շեմը սահմանել են ոչ թե նրա համար, որ մարդիկ իրենց խոշոր բիզնեսները մանրացնեն, որ 24 մլն-անոց սարքեն, հարկ չվճարեն, այլ նրա համար են արել, որ մանր բիզնեսները ուժ հավաքեն, դառնան խոշոր բիզնես:

Վարչապետը նաեւ կրթության մասին խոսեց, ասաց, որ շատ բուհեր միայն դիպլոմ են տալիս, ոչ թե կրթություն, մինչդեռ լավ ապրելու համար կրթություն է պետք: Ըստ նրա, նույնիսկ տաքսի ճիշտ վարելու համար կրթություն է պետք:

Վարչապետը տեղեկացրեց, որ վաղը Ստեփանակերտում է լինելու ու հորդորեց միանալ իրեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031