Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ որպես տղամարդ ես սա կարող եմ հասկանալ, բայց որպես վարչապետ՝ ես սա չեմ կարող հասկանալ». Վարչապետը հորդորում է թույլ տալ կանանց բիզնես անել

Օգոստոս 04,2019 17:44

Ինչպես հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ արձակուրդների ընթացքում ծանոթացել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2014-ին կազմած մի գաղտնի փաստաթղթի հետ:

Վարչապետն ասաց, որ քանի որ այդ զեկույցը գաղտնի է, անունն անգամ չի հրապարակի, բայց, այնուամենայնիվ, մի նախադասություն կարդաց այդ փաստաթղթից. «Կանայք, թեեւ հասուն տարիքում կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը, խիստ սահմանափակ են օգտագործվում՝ որպես ռեսուրս»:

Փաշինյանն ասաց, թե կոպիտ է գրած, բայց քանի որ գաղտնի փաստաթուղթ է, չեն ցանկացել կոռեկտ լինել: Բայց դա շատ կարեւոր արձանագրում է: Մենք միկրոբիզեսի զարգացման առումով հույս ունենք, որ բազմաթիվ կանայք կօգտվեն այս հնարավորությունից, միկրոձեռնարկություններ կստեղծեն ու իրենց ընտանիքների սոցիալական կարգավիճակը կբարելավեն. «Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ ամուսիները կանանց թույլ չեն տալիս ձեռնարկատիրությամբ զբաղվել՝ ասում են՝ ո՞նց կլինի, որ դու բիզնես անես ու պարզվի, որ դու մեր ընտանիքին ավելի շատ եկամուտ ես բերում, քան տղամարդը՝ ես: Ինչքան էլ որպես տղամարդ ես սա կարող եմ հասկանալ, բայց որպես վարչապետ՝ ես սա չեմ կարող հասկանալ: Նոր ժամանակներում, նոր իրողությունների պայմաններում անտրամաբանական է, երբ որ կա հնարավորություն փոխել ընտանիքի սոցիալական վիճակը եւ թույլ չի տրվում դա անել: Ընդ որում, երբ ասում եմ ձեռնարկատիրություն, պետք է հասկանալ օրինակ, թխվածք թխել, խանութներին հանձնել, չիր պատրաստել, կիսաֆաբրիկատներ եւ ռեստորաններին, սրճարաններին հանձնել: Հեղափոխության ժամանակ կանանց ակտիվությունը ունեցել է բացառիկ դեր, տնտեսական հեղափոխության ժամանակ այդ ակտիվությունը նույնպես շատ կարեւոր է: Ուզում եմ քաջալերել կանանց, որ կարողանան գտնել ձեւը, բնակչության մեծամասնության մասին է խոսքը: Բնակչության մեծամասնությանը պահում են տնտեսապես պասիվ վիճակում»:

Վարչապետն ասաց, որ այսօր կոռուպցիոն համակարգի շատ շրջանակներ կանաց համարում են դասակարգային թշնամիներ, ու նրանք դիմադրելու են, որ կանայք ակտիվանան. «2018-ին կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին եթե ոչ 1000-ապատիկ, 100-ապատիկ ավելի էր ու նրանց ակտիվությանը ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է դիմադրության: Ես կանանց համարում եմ հեղափոխության ամենամեծ պաշտպաններից մեկը ու կանանց համարում եմ տնտեսական հեղափոխության ամենամեծ պոտենցիալ ուժերից մեկը: Եթե հնարավոր եղավ, մենք կարողացանք այդ շղթան ճեղքել, կկարողանանք հայ կնոջ բնատուր տաղանդը օգտագործել, շատ լուրջ հաջողությունների ենք հասնելու»:

Օգտատերերը մեկնաբանություններում առաջարկում են վարչապետին կանանց նաեւ տանել բանակ՝ ինչպես Իսրայելում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031