Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմակ Գալստյան. Զգուշացեք համացանցի որոգայթներից

Օգոստոս 04,2019 11:27

Փայլակը երիտասարդ տարիներից սկսած սիրում էր հաճախել օպերային ներկայացումների, սիմֆոնիկ ու երգեհոնային համերգների: Նա դասական երաժշտության ու հնագույն մեղեդիների գիտակ չէր, բայց հաճույքով էր ունկնդրում երաժշտությունը և դիտում ներկայացումները: «Ռաբիս» կոչված երաժշտությունը տանել չէր կարողանում:

Բարեբախտաբար, նրա ուսանողական մոտիկ ընկերներից մեկն էլ դասական երաժշտության սիրահար էր ու շատ անգամ միասին էին ներկա լինում այդպիսի ներկայացումների:

Ամեն անգամ, երբ բարձրակարգ երաժշտության համերգ կամ օպերային ներկայացում էր լինում, Ռուբենը զանգահարում էր Փայլակին և տեղեկացնում այդ մասին, որին Փայլակը հաճույքով էր արձագանքում ու բարեխղճորեն հաճախում այդ օրվա միջոցառմանը և ընկերոջ հետ ըմբոշխնում դասական երաժշտության հոգևոր սնունդը, հաճախ էլ նրա հետ մտքեր փոխանակում այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ:

Ընկերը՝ Ռուբենը բավականին լավ երաժշտական լսողություն ուներ ու հաճախ մեկնաբանում էր երաժշտական ստեղծագործությունը, հիշում էր նաև դրա հեղինակի այլ գործերը, իսկ Փայլակը միայն գլխով հավանության նշան էր անում, թե իբր ինքն էլ է հասկանում դրանից:

Սակայն պատահեց այնպես, որ Ռուբենը երկար ժամանակ չէր զանգահարում, իսկ Փայլակն էլ գործերով տարված նրան չէր զանգահարում:

Բայց այս անգամ համերգասրահի մոտով անցնելիս Փայլակը կարդաց այդ օրվա համերգի ազդագիրը ու ցանկություն առաջացավ մասնակցելու միջոցառմանը, անմիջապես զանգահարեց ընկերոջը, իր մտահղացումը հայտնեց նրան:
Ռուբենն էլ չհակառակեց ընկերոջը, ընդունեց համերգի հրավերը, նաև առաջարկեց ավելի շուտ հանդիպել և համերգասրահի մոտակա սրճարանում ներկայացումից առաջ մի քիչ զրուցել:

Երեկոյան կողմ նրանք հանդիպեցին պայմանավորված տեղում: Ջերմ ողջագուրանքից հետո, հարմար տեղավորվեցին սրճարանի սեղաններից մեկի շուրջ իրար դիմաց գտնվող բազկաթոռներին, պաղպաղակ ու սուրճ պատվիրեցին:
Զրույցը երկար տևեց: Ընկերները հիշեցին ուսանողական տարիների դրվագներից, աշխատանքային բնագավառում ձեռք բերած հաջողություններից ու բացթողումներից, ընտանեկան կյանքից, առօրյա կյանքում պատահած հետաքրքիր ու տհաճ միջադեպերից:

-Վերջերս տհաճ պատմության մեջ ընկա,-վերջում մտաբերեց Ռուբենը:

-Իսկ ի՞նչ է պատահել որ, եթե գաղտնիք չէ, կասե՞ս-հարցրեց Փայլակը:

-Գուցե և պատմելու բան չէ, բայց քեզ, որպես մոտիկ ընկերոջ, պիտի ասեմ: Ուրեմն, երեկոյան համակարգչի մոտ նստած, համացանցում այսպես ասած “զբոսնում էի” ու միաժամանակ ականջակալները դրած երաժշտություն էի լսում և հանկարծ համակարգչի մոնիտորի ներքևի աջ անկյունում փոքրիկ պատուհան բացվեց և հայտարարություն ցուցադրվեց՝ առցանց գումարներ վաստակելու մասին: Ճիշտն ասած, ես այնքան էլ հակված չէի դրա իրական լինելու հանգամանքին, բայց հետաքրքրությունս միշտ էլ շարժվել է, երբ լսել եմ այդ մասին:

-Հետո՞,-հետաքրքրվեց Փայլակը:

-Հետո, ես էլ, մտածեցի փորձեմ, տեսնեմ սրա վերջը ինչ է լինելու: Ցուցադրած կայքում գրանցվեցի, տեղադրեցի անհրաժեշտ տվյալները և սպասեցի հետագա քայլերի կատարմանը, որը պիտի առաջարկվեր գրանցումից հետո: Քիչ հետո, բջջայինիս վրա անհայտ համարից զանգ ստացա ու մի կանացի հաճելի ձայն բարևեց, ապա խորհուրդ տվեց միացնել Skype-ը, որ ինքը կարողանա երկար բացատրել այդ գործառույթների մասին: Ես էլ մտածեցի, թե, ինչ կա որ, գուցե գործընթացը այդպես է պահանջում ու միացրեցի Skype-ը և նրա թելադրած անուն, ազգանունով որոնեցի օգտատիրոջը: Քիչ հետո հաջողությամբ կապվեցի նրա հետ, քաղաքավարի բարևեցի, նա էլ սիրալիր պատասխանեց ու սկսեց բլբլացնել իրենց կազմակերպության հաջողությունների մասին, բացատրեց, որ ես կարող եմ ահռելի գումարներ վաստակել արժութային բորսայի գործարքներից, եթե միայն կատարեմ որոշակի նախնական կապիտալի ներդրում իմ անհատական բանկային քարտից: Այստեղ ես առաջին կասկածը ունեցա: Գիտեի, որ բանկային հաշիվներից հաճախ գողություններ են կատարվում, օգտագործելով համացանցի հնարավորությունները:

-Շատ լավ,-ասացի ես,-բա, ինչու՞ ես քեզ չեմ տեսնում էկրանին, այնտեղ միայն մի գեղեցիկ աղջկա անշարժ պատկեր է երևում:

-Շնորհակալություն, հաճոյախոսության համար,-ասաց նա,-բայց մեր գրասենյակի շեֆը մեզ արգելել է աշխատատեղից Skype-ով խոսելիս տեսախցիկը միացնել, դա կոմերցիոն գաղտնիք է:
Այստեղ նորից կասկած ընկավ սիրտս, մտածեցի, որ ինչ որ բան, այն չէ: Երկար ու բարակ ինձ բացատրելով առցանց արժույթի առևտրի առավելությունների և շահութաբերության մասին, նա ինձ հորդորեց գրանցվել իրենց գրասենյակում և հաղորդել իմ բանկային քարտի համարը և տալ իմ համաձայնությունը այնտեղից որոշակի գումար փոխանցելու համար:
Այստեղ ես նորից մտատանջության մեջ ընկա, բայց նրան ասացի, որ կմտածեմ ու վաղը կպատասխանեմ:

-Հետո՞,-հետաքրքրությունից դրդված լարվեց Փայլակը,-բա, ինչու՞ ինձ չզանգահարեցիր, գիտես, որ ես համակարգչային մասնագետ եմ և համացանցի որոգայթներին լավ ծանոթ եմ:

-Դե՛, ես էլ մտածում եմ, ինչ կա որ, քարտիս համարը կասեմ, բայց ծածկագիրը չեմ ասի, բացի դրանից էլ, գիտեմ, որ քարտիս վրա գումար չկա ու ցանկության դեպքում էլ գումար չի կարող փոխանցվել նրանց կազմակերպության հաշվին: Հաջորդ օրը այս աղջիկը կրկին զանգահարեց, ես էլ թելադրեցի նրան քարտիս համարը ու սպասեցի, տեսնեմ, թե հաջորդ քայլը ինչ է լինելու: Մյուս օրը նույն աղջիկը կրկին զանգահարեց ինձ ու հայտարարեց, որ իմ քարտի վրա գումար չկա, պետք է որոշակի գումար ներդնել, որ իրենք ձևակերպեն իմ մուտքը, այսինքն, գրանցեն, որ ես կարողանամ արժույթով առևտուր անել: Աղջիկ ջան, ասում եմ ես, այդ գումարը, որ դուք պահանջում եք մուտքագրել քարտիս վրա, իմ մեկ ամսվա թոշակին հավասար գումար է:

-Հայրիկ ջան, եթե հիմա կանխիկ գումար չունես, հորդորեց չարաբաստիկ անձը, որևէ մեկից պարտք վերցրու, փոխադրիր քարտիդ վրա, որ նախնական կապիտալ ունենաս և սկսենք աշխատել, մի քանի օրից այնքան գումար կվաստակես, որ պարտքդ արագ կերպով կմարես:

-Դե՛, որ ամեն ինչ այդպես է, խնդրում եմ քեզ, դու ինձ պարտք ձևակերպիր, քո ֆինանսական միջոցներից փոխանցիր քարտիս վրա, ես էլ հենց որ գումարներ աշխատեմ, մեկին երկուսը կվերադարձնեմ,-ասացի ես:

-Այդպես հնարավոր չէ, որ հիմնարկում իմանան, գիտե՞ս ինձ ինչ կանեն:

-Լավ,-ասացի ես,-մի բան կմտածեմ ու ավարտեցի խոսակցությունը: Իսկ եթե հանկարծ իրենց ասածը ճշմարիտ լինի և ես մեծ գումարներ վաստակեմ,-մտքումս մտածում եմ ես: Հաջորդ օրը, այդ անհայտ աղջիկը նորից զանգահարեց ու գայթակղիչ բաներ ասաց առցանց առևտրի մասին: Ես էլ, կամքիս հակառակ, գնացի ընկերոջիցս՝ Վարդանից, դու նրան լավ գիտես, պարտք վերցրի, բանկում քարտիս վրա ավելացրի, եկա տուն, միացրեցի Skyp-ը, հաղորդեցի այդ աղջկան, որ քարտիս վրա ավելացրել եմ պահանջվող գումարը և նրանք գործարքը կարող են իրականացնել, բայց միևնույնն է, զգում էի, որ դա որոգայթ է, փողերս կուտեն, բայց, որ արդեն մտել էի խաղի մեջ, սպասում էի, թե ինչ է լինելու սրա վերջը:

-Եվ, եկա՞վ վերջը,-քմծիծաղեց Փայլակը:

-Իմ քարտային համարի հաղորդումից հետո, շատ չանցած, զանգահարեցին մեր բանկային ծառայությունից և հարցրեցին, թե ես համաձայն եմ, որ իմ քարտից այդ գումարը փոխանցեն իրենց դիմած բանկային հաշվին: Ես էլ համաձայնեցի: Իսկ երեկոյան նորից կապի մեջ մտավ միջնորդ կինը և ինձ հայտնեց, որ իր գործը ավարտել է և ինձ հետ կկապնվի արդեն ֆինանսական գործարքների գիտակ անձնավորությունը և հորդորեց ինձ, առանց նրա հետ դասընթացներ անցնելու, ինքնագլուխ ֆինանսական գործարքներ չանեմ համացանցում իր առաջարկած սխեմայով: Հաջորդ օրը զանգահարեց այդ անհայտ “բրոկեր” կոչվածը, ասաց, որ ինքը տեղյակ է գործարքի մասին, բայց խիստ զբաղված է իբր, բորսայում առևտուր է անում և ինձ հետ խորհրդատվություն (կոնսուլտացիա) կանցկացնի ավելի ուշ ժամի: Երկու օր հետո միայն նա բարեհաճեց ժամանակ գտնել, զանգահարել ինձ և ինչ ե՞ս կարծում ի՞նչ ասի, որ լավ լինի:

-Հետաքրքիր է՛,-արձագանքեց Փայլակը:

-Ողբերգական է և ոչ թե հետաքրքիր,- շարունակեց Ռուբենը,-ուրեմն, այս նոր անձը ինձ ասաց, որ այն գումարը, որ ես փոխանցել եմ, ուղղակի իրենց կազմակերպությունում գրանցվելու և լիցենզիա ստանալու համար է, պետք է ևս դրա քառապատիկը ավելացնեմ քարտիս վրա, որ ինքը կարողանա ինձ օգնել` բորսայում հաջող առևտուր կատարելու համար: Ես էլ, նրան ասացի ա՛յ, ընկեր, ես հազիվ գրանցվելու փողը պարտքով եմ վերցրել, ո՞նց թե քառապատիկը պետք է փոխանցեմ, ձեր հայտարարության մեջ գրված է, որ բոլոր գործարքները պետք է արդեն ձրի կատարվեն, իմ նախապես փոխանցած գումարն օգտագործելով: Դե,՛ որ այդպես է, ես ձեզ հետ չեմ կարող աշխատել, դուք այլ բրոկերի հետ աշխատեք,-ասաց նա ու անջատեց հեռախոսը: Այս խոսակցությունից հետո, նորից կասկած մտավ սիրտս ու բացեցի նրանց կազմակերպությունում իմ անձնական էջը, տեսնեմ, թե ինչ վիճակում է այն, տեսա, որ էլեկտրոնային էջի “Բալանս” սյունակում իմ փոխանցած գումարը չքացել է և մնացել է ինչ որ նվազագույն գումար, զայրացա, էլեկտրոնային նամակ գրեցի իրենց գրասենյակ, բայց չստացա ոչ մի պատասխան: Կրկին նամակ գրեցի, հոխաորտանքով, որ ես ձեզ Եվրոդատարան կտամ, որ արդեն խորհրդակցել եմ իմ իրավաբանի հետ, եթե գումարս ետ չվերադարձնեք: Դրանից հետո էլ փորձեցի Skyp-ով միանալ այն սկզբնական գործընթացը սկսող աղջկա հետ, պարզել եղելությունը, բայց միանալ չկարողացա, որովհետև, այն արդեն արգելափակվել էր և մնացել էր միայն նրա, երևի կեղծ, լուսանկարը:

-Բայց չզանգահարցեցի՞ր այն բրոկեր կոչեցյալին,-անհամբերությունից տեղում շարժվեց Փայլակը:

-Իհարկե զանգահարեցի, բայց նա էլ չէր պատասխանում իմ զանգերին: Երկու օր այդպես լռեցին, ոչ մեկը չպատասխանեց, իսկ երրորդ օրը նորից մի անհայտ հեռախոսից զանգ ստացա ու մի անծանոթ տղամարդ ինձ խնդրեց, որ պատմեմ եղելությունը: Երևի նամակս ստացել էին: Ես էլ մանրամասն պատմեցի և վերջում ավելացրեցի, որ ես անպայման դիմելու եմ Եվրոդատարան և պահանջելու եմ իմ գումարը, պլյուս դրան նաև կպահանջեմ բարոյական հատուցում ու շեշտեցի բավականին մեծ գումարի չափը: Այս տղամարդն էլ, իբր ոչ մի բանից տեղյակ չէր, ինձ հոդորեց, որ ես մի քիչ սպասեմ, մինչև նա կկարողանա պարզել, թե ինչն ինչոց է, ապա ինձ կտեղեկացնի արդյունքների մասին:

-Զանգահարե՞ց,-նորից անհանգիստ շարժումներ արեց նստած տեղում Փայլակը:

-Ո՛չ, իհարկե: Չգիտեմ, իմ հոխորտանքը այն մասին, որ ես Եվրոդատարան կդիմեմ դեր կխաղա, թե՝ ոչ, բայց ես ինչ դատարան դիմող եմ, որտեղից ինձ այդպիսի գումարներ, ուղղակի սրտահովանք էր ասածս:

-Մյուս անգամ զգույշ կլինես,-վրդովվեց Փայլակը,-լավ էլ միտք ես հղացել:

-Ես ի՞նչ իմանայի, որ համացանցի վերացական դաշտում ավելի հեշտ է մարդկանց խաբելը, քան իրական կյանքում-պատասխանեց Ռուբենը ընկճված տոնով:

-Ցավում եմ կատարվածի համար,-անկեղծացավ Փայլակը, տեղից դանդաղ վեր կենալով,-մյուս անգամ համացանցի որոգայթներից հեռու կկանգնես, եթե հարց լինի կզնգահարես:

-Դե,՛ դու էլ կներես, որ քեզ չզանգահարեցի, զգում էի, որ այդտեղ ինչոր բան այն չէ, բայց գայթակղությունը մեծ էր, նաև ասեմ, որ քեզ համերգի չէի հրավիրում, քանի որ, վերջերս թիթիզ-միթիզ բաներ էին կազմակերպում, մտածում էի, որ նորմալ մի բան լինի, անպայման կզանգահարեմ, բայց դու ինձանից առաջ ընկար:

«Ախր, ինչ գործ ունեիր այդ խաբեբաների հետ»,-մտքում նեղսրտեց Փայլակն ու բարձրանալով տեղից, ընկերոջը հասկացրեց, որ պետք է շտապել համաերգասրահ, քանի որ համերգի սկսվելուն քիչ ժամանակ էր մնացել:

Հ. Գ. Հարգելիներս, եթե դուք էլ նման առաջարկ ստանաք համացանցից, իսկույն մի գայթակղվեք, որ ահռելի գումարներ կվաստակեք այնտեղ: Համացանցի մի հոդվածում կարդացել եմ, որ այդպիսի առաջարկությունների 96 %-ը խաբեություն է: Խնդրում եմ ձեզ՝ այդպիսի դեպքերում յոթ մարդուց խորհուրդ հարցրեք, յոթ անգամ մտածեք և միայն մեկի ասածով գործեք, եթե այդ մեկը համացանցի միջոցով երբևէ հաջողության հասած կլինի հեշտ փողեր վաստակելու գործում:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031