Մեղքը` դա անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարած արարքի և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ, որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Բոլորից անվերջ բողոքել ենք, բամբասել, սակայն փաստերի արձանագրում պետական մակարդակով չի արվել, այստեղից էլ այն անպատժելիության և անհանդուրժողականության մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում: Նախկին, ներկա և կարծում եմ հաջորդող իշխանությունները ևս համարում են և, եթե որևէ բարեփոխումներ չլինեն, համարելու են, որ ժողովրդի հիշողությունը կարճ է և շարունակելու են իրենց գործունեությունն այդ գաղափարախոսությամբ` անտեսելով օրենքի գերակայությունը, իրենց անձնական մեղքը և իրավապահ ու դատական համակարգի անկախությունը: Ստում և փաստերը խեղաթյուրում ենք բոլորս, անկախ մեր զբաղեցրած դիրքից և կատարած աշխատանքից: ՀՀ-ում ստեղծվել է «կաստային» մի համակարգ, երբ միակ գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ մերոնք ճիշտ են, իսկ մյուսներին անհրաժեշտ է վարկաբեկել: Եվ մենք զարմանում ենք, որ նույն գաղափարներով էլ շարժվում են մեր իրավապահ և դատական համակարգերը: Մի՞թե պարզ չէ, որ յուրաքանչյուր ինստիտուտ հասարակության հայելին է և մենք վերջնականապես խճճվել ենք մեր գործած ցանցերում: Ճշմարտությունն արդեն գրեթե որևէ մեկին չի հետաքրքրում, մենք չենք տեսնում խնդիրները` մենք նրանցից պարզապես պաշտպանվում կամ խույս ենք տալիս:
Այո, դատաիրավական համակարգը մեր իրականության արտացոլանքն է, որին մենք չենք վստահում և վախենում ենք մեզ տեսնել նրանում, այդ պատճառով քննադատում ենք համակարգը և ցանկանում ենք տիրանալ նրան և պահել մեր ձեռքերում, համարելով, որ մեզ մոտ ապահով է և ամեն ոք իրավունք չունի հայելու մեջ նայելու և իրականությունը տեսնելու: Այդպես են վարվել ՀՀ նախկին երեք նախագահները: Սարկազմը նրանում է, որ երբ այդ հայելին իշխանության հետ վերցնում են քո ձեռքից, այն սկսում է քո դեմ աշխատել և դա աքսիոմա է:
Այսօր, նախկինների սխալներից որևէ հետևություններ չանելով, ներկայիս իշխանությունը իմիջիայլոց հայտարարելով, որ չի ցանկանում ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, ի հաստատումն իր խոսքերի որևէ գործողություններ չի իրականացնում, այլ փորձում է քաղաքական որոշումների արդյունքում «բարեփոխումներ» իրականացնել: Մինչդեռ հարկավոր է երրորդ իշխանությունը հանձնել իրական տերերին` ժողովրդին, որպեսզի այն հանձնելուց կամ քեզանից վերցնելուց հետո արդարադատության ակնկալիքներ լինեն:
Կարդացեք նաև
Ճշմարտությունը նրանում է, որ ոչ թե իրավապահ և դատական համակարգը պետք է հարմարեցնել խմբային շահերին, այլ օրենսդիր դաշտը պետք է հարմարեցնել պետության շահերին, որպեսզի այդ համակարգերը գործեն անխափան: Ու քանի դեռ չեն կատարվել նշված փոփոխությունները, որևէ մեկն այս խառնաշփոթին վերջ տալ չի կարող: Այսպիսով` վերոգրյալ հիմնավորումների հիման վրա թույլ տվեք առաջարկություն կատարել դատաիրավական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ և իմ կարծիքով այն բոլոր իշխանավորները կամ քաղաքական գործիչները, ովքեր չեն տառապում անսահման իշխանության տիրանալու մոլուցքով, գոնե կընդունեն այս առաջարկների քննարկման արժանի լինելու փաստը: Ինձ համար աներկբա է, որ Սահմանադրությունը պետք է փոխել և նոր օրենքում իշխանությունը ոչ թե միայն բարի ցանկություններով, այլ հստակ սահմանված օրենքներով պետք է բաժանվի երեք հավասար մասերի, ինչպես ի դեպ գրված է եղել բոլոր սահմանադրություններում, սակայն հավելյալ դրույթներով այսպես թե այնպես ամբողջացվել է նախագահի կամ ինչպես հիմա է` վարչապետի ձեռքում:
Ըստ իս նոր Սահմանադրության մեջ պետք է ամրագրել հետևյալ դրույթները. ՀՀ նախագահը պետք է երբևիցե կուսակցական եղած չլինի, ընտրվի ժողովրդի կողմից և նշանակի պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության նախարարներին և ղեկավարի նրանց գործունեությունը: ՀՀ ազգային ժողովը, ժողովրդական ընտրության արդյունքում ձևավորելով խորհրդարանը, պետք է նշանակի իր վարչապետին, ով իր հերթին կնշանակի մնացած նախարարներին: ՀՀ իրավաբանական համայնքը` փաստաբանները, իրավաբան գիտնականները, դատավորները, դատախազները, քննիչները, պետք է գործող իրավաբաններից համընդհանուր ընտրության արդյունքում 20 տարուց ավել մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբան գիտնականների և դատավորների կազմից ձեւավորի ՀՀ գլխավոր դատարանի կազմը: Նշված դատարանը պետք է օժտված լինի ներկայիս սահմանադրական և վճռաբեկ դատարանների միասնականացված իրավասություններ ով: Նույն իրավաբանական համայնքը համընդհանուր ընտրությունների արդյունքում պետք է նաև ընտրի գլխավոր դատախազին, ստանալով նախագահի և ազգային ժողովի հավանությունը, իսկ ընդհանուր կոնսենսուսի բացակայության դեպքում նրանցից մեկի համաձայնությունը, ընդ որում վերջիններս, չհամաձայնվելով իրավաբանական համայնքի հետ, պարտավորված պետք է լինեն հիմնավոր պատճառ ներկայացնել տվյալ անձի կենսագրության և գործունեության վերաբերյալ, որը խոչընդոտ է հանդիսանում նրան այդ պաշտոնում նշանակելու համար: Ժողովրդի ընտրության արդյունքում, յուրաքանչյուր մարզից մեկական անկուսակցական անձ, ով 25 տարուց ոչ պակաս իրավաբանական աշխատանքի փորձառություն ունի, պետք է ընտրվի էթիկայի դատարանի կազմում: Նշված դատարանը պետք է զբաղվի պաշտոնատար բոլոր անձանց նշանակելուց առաջ նրանց վերաբերյալ նախաքննական, հետաքննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների ուսումնասիրությամբ և անձնական քննության արդյունքների հիման վրա պաշտոնական դիրքին համապատասխանելու կապակցությամբ եզրակացություն տրամադրի` հիմնվելով տվյալ անձի կենսագրական և ծավալած գործունեության շուրջ ձեռք բերված հավաստի տվյալների վրա: Բացասական եզրակացությունները կարող են բողոքարկվել ՀՀ գլխավոր դատարան: Նախաքննական բոլոր մարմինների ղեկավարները` բացառությամբ ՀՔԾ պետից, նույնպես պետք է նշանակվեն իրավաբանական համայնքի կողմից համընդհանուր ընտրության արդյունքում: ՀՔԾ պետը պետք է նշանակվի էթիկայի դատարանի, նախագահի, ազգային ժողովի և գերագույն դատարանի ընդհանուր կոնսենսուսի արդյունքում, կամ այդպիսի փաստի բացակայության դեպքում` մեծամասնության համաձայնությամբ, այս դեպքում իրավաբանական ընդհանուր համայնքի համաձայնությամբ: Բոլոր վերոնշյալ պաշտոնյաները, այդ թվում նաև վարչապետը, պետք է ընտրվեն հինգ տարով և երկու անգամից ավել ընտրության իրավունք չունենան, կարծում եմ այս դեպքում, կլուծվեն բոլոր համակարգերի խնդիրները և վստահելի քաղաքական և դատական իշխանություն ունենալու հարց չի ծագի: Վերջին դրույթը պետք է ընդգրկել Սահմանադրության անփոխարինելի դրույթների շարքում:
Համոզված եմ, որ այս սկզբունքները չեն հակասում նախ մեր և հետո Եվրոպական միության արժեհամակարգին: Այստեղ միակ հարցը կայանում է նրանում, թե մեր ներկայիս իշխանությունը և քաղաքական այն կուսակցությունները, որոնք իշխանության գալու հավակնություն ունեն, կկամենան արդյո՞ք հանուն անկախ, արդար հայկական պետության զիջել իրենց իշխանության մասնիկները:
Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ