Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ներքաղաքական գործերին Նիկոլ Փաշինյանն արդեն խառնվել է անցյալ տարի ` հօգուտ Բակո Սահակյանի». Հայկ Խանումյան

Օգոստոս 03,2019 17:32

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն արտառոց ոչինչ չի տեսնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին` համահայկական խաղերի բացումից մեկ օր առաջ, հանրահավաք է հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Սովորաբար տարբեր մարզեր այցելելիս ՀՀ վարչապետը մեծ հանդիպումներ է ունենում բնակչության հետ։ Բացառություն է եղել Արցախը, որտեղ հանդիպումները սահմանափակվել են իշխանության հետ շփումներով։ Այս անգամ Փաշինյանը որոշել է կիրառել բնակչության հետ հանդիպման ձևաչափը, որտեղ կարծում եմ, կխոսի արցախյան կարգավորման իր տեսլականից և Արցախի զարգացման իր ծրագրերից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:

Հիշեցնենք, երեկ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ ու արդյունավետ օգտագործելու մասին: Կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի: Բայց ընդհանուր առմամբ, մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրումը և սրանից բխող հետևություններ անելը»: Նա այդ օրը բոլորին հրավիրել է ներկա գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, քանի որ տեղի է ունենալու «շատ կարևոր խոսակցություն»: «Առանձնահատուկ հրավիրում եմ Արցախի մեր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել: Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով, կունենամ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք` Արցախում ինչպե՞ս է ընկալվել Նիկոլ Փաշինյանի այս կոչը, մանավանդ, որ ՀՀ վարչապետը քանիցս հայտարարել է` չի խառնվելու Արցախի ներքաղաքական զարգացումներին:

«Կարծում եմ, բնակչության հետ հանդիպումը ներքաղաքական գործերին խառնվել չէ։ Իսկ ներքաղաքական գործերին Փաշինյանն արդեն խառնվել է անցյալ տարի ` հօգուտ Բակո Սահակյանի։ Կարծում եմ, հանրության հետ զրույցն առավել քան պահանջված է։ Լավ կլինի, եթե այն ընթանա նաև հարցուպատասխանի ձևով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը`հանրահավաքի մասին, երեկ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը շտապեց ողջունել: Այս առիթով, Հայկ Խանումյանն ասաց. «Արայիկ Հարությունյանն ընդամենը զբաղված է էժանագին քծնանքով։ Ինքը Սերժ Սարգսյանի թիմի այն մասն է, որին հանձնարարված է քծնանքով բթացնել ՀՀ իշխանությունների զգոնությունը։ Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի համար պահեստային տարբերակ է. Սերժի նախընտրելի թեկնածուի ձախողման դեպքում հենց Արայիկ Հարությունյանը պետք է ապահովի բազմաթիվ հանցագործությունների պարտակումը, քանզի նույն Արայիկ Հարությունյանը Արցախում ստեղծված կոռուպցիոն համակարգերի և լվացքատների հիմնադիրներից է, որին մասնակցություն ունեն նաև Սերժ Սարգսյանի հարազատները»։

Երեկ բավական կոշտ հայտարարություն էր տարածել նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը: «Այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին: Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»,- ասված է Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հարցին`ո՞ւմ էր ուղղված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Արցախում սպասվում են բողոքի ակցիաներ, որոնց նպատակն է հասնել ապօրինի նախագահող, ոչ լեգիտիմ Բակո Սահակյանի հրաժարականին։ Ինչպես գիտեք, վերջինս նախագահում է երրորդ ժամկետում, այնինչ Արցախի Սահմանադրությամբ առավելագույն ժամկետը երկուսն է։ Հետևաբար, հանրության ցանկացած գործողություն Բակո Սահակյանի դեմ` արդարացված է և օրինական ։ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա պաշտպանելու է ապօրինի իշխանությունը, ինչպես որ մասնակցել է այդ ապօրինի իշխանության ստեղծմանը` աջակցելով 2017 թ. սահմանադրական փոփոխություններին, ապա աշխատելով երրորդ անգամ նախագահի պաշտոնը ապօրինաբար զբաղեցրած Բակո Սահակյանի ենթակայությամբ»։

Հիշեցնենք, որ Արցախում բողոքի ցույցեր է նախատեսում անցկացնել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն` իր թիմակիցներով: Նրանք նաեւ ստորագրահավաք են անցկացրել, որպեսզի Սամվել Բաբայանը հնարավորություն ստանա մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031