«Թերահավատ եմ, թե մի կին դա արել է իր աստծո պահանջը կատարելով: Իր պատկերացրած աստվածը մեր պատկերացրած աստվածը չէ: Վախենում եմ, որ խորքային պատճառներ կան»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Եռաբլուրում մի կնոջ կողմից ապրիլյան ռազմական գործողությունների հերոսների շիրիմների պղծմանը, ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ կինը գերեզմանաքարերին մոմ է թափել «աստծո հրահանգով»:
«Դա սրբապղծություն է եւ ոճրագործություն: Հարգենք զոհերի հիշատակը՝ անկախ քաղաքական հայացքներից: Հուսամ ունենք իսկապես պետականամետ ԱԱԾ եւ ոստիկանություն, որոնք իրականությունը բացահայտելու ուղղությամբ կաշխատեն: Սադրանքի հոտ է գալիս: Գուցե սա նախապատրաստված բան է՝ հանրությունում իրարանցում անելու համար: Երբ իրականությունը կբացահայտվի, նոր քաղաքական գնահատական կտանք կատարվածին»:
Ինչ վերաբերում է նրան, որ ոմանք կատարվածում ադրբեջանական հետք են տեսնում, պատգամավորը նկատեց. «Ոչինչ չեմ բացառում. այո, գուցե: Աստված դա, որ դա թուրք արած լինի, որովհետեւ հայի արածի դեպքում ոչ մի պատճառաբանություն չի կարող լինել»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/880255812345737/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ