ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանութիւն Արցախի վերաբերեալ «Ռոյս-Էնգել»ի առաջարկը: Այն միտուած է Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի միջեւ շփման գծում լարուածութեան թուլացմանը. օրինագիծը մասնաւորապէս նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի եւ նոր զինատեսակների հետքաշում, հրաձգութիւնների տեղորոշման համակարգերի ներդրում: Ի՞նչ նշանակութիւն եւ ուժ ունի այս օրինագիծը:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.– 2015 թուականի Սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը երեք կէտից բաղկացած ծրագիր էին ներկայացրել, որը կոչուած էր կանխելու հայ-ադրբեջանական պատերազմի հնարաւոր վերսկսումը: Առաջարկուող քայլերն էին՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջեւ համաձայնութիւն, հրաձգութեան տեղորոշման՝ ԵԱՀԿի կողմից դիտարկուող համակարգի տեղակայում հրադադարի խախտումներն աւելի լաւ դիտարկելու համար, նոյն նպատակով ԵԱՀԿի յաւելեալ դիտորդների տեղակայում: Նպատակն այն էր, որ լինի հանդարտ իրավիճակ շփման գծում, որի հիման վրայ կողմերը կարող են բանակցել հակամարտութեան կարգաւորման շուրջ, այսինքն, բանակցութիւնների ժամանակ չքննարկէին հարցեր, թէ ով ում վրայ է կրակել: Այս առաջարկին դրական են արձագանքել թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի, եւ թէ ԵԱՀԿ նախագահող խմբի երկրները, եւ միակ երկիրը որ դէմ է արտայայտուել՝ Ադրբեջանն է, ինչը մեր համար զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանն այժմ էլ յայտարարում է, որ պատերազմը շարունակւում է, միայն առաջին փուլն է աւարտուել, եւ երկրորդ փուլը դեռ սպասւում է: Ադրբեջանը շահագրգռուած չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման հարցում:
Կոնգրեսական Ջուդի Չուի օրինագիծը պատմական կարելի է համարել, որովհետեւ Ներկայացուցիչների պալատը որպէս միաւոր կողմ է հանդէս գալիս 2015թ.ի նախաձեռնութեանը, եւ միաժամանակ կոչ է անում Ադրբեջանին, որ Միացեալ Նահանգները կողմ է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Յոյս ունենք, որ այս օրինագիծը կեանքի կը կոչուի:
Կարդացեք նաև
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Արցախին առնչուող եւս մէկ օրինագիծ: Կալիֆորնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շըրմընի առաջարկած օրէնսդրական փոփոխութիւնն արգելում է ամերիկեան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակութեան արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործուել՝ հարուածելու Ստեփանակերտի օդանաւակայանից օգտուող քաղաքացիական օդանաւերին: Այս օրինագիծը կարելի՞ է համարել եւս մէկ զգուշացում Ադրբեջանին:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.-Կարելի է այդպէս բնորոշել, որովհետեւ ամերիկեան այս նախաձեռնութիւնից մէկ օր անց Ադրբեջանը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որ իրենք ամէն պահի պատրաստ են խոցել ցանկացած օդանաւ, կամ քաղաւիացիաի ցանկացած սուբյէկտ, որը կը թռչի Արցախի օդանաւակայանից: Առաջին անգամ, Ադրբեջանը նման սպառնալիքներ հնչեցրեց 2011 թուականին, եւ ութ տարուայ ընթացքում չի փոխել դիրքորոշումը: Բրեդ Շըրմընի օրինագծով, Ներկայացուցիչների պալատը վերաբերմունքն է յայտնում այս հարցի շուրջ՝ անթոյլատրելի համարելով, որ Ադրբեջանին վաճառուող ամերիկեան ռազմատեխնիկան, որեւէ կերպով առնչուի ադրբեջանական յայտարարութիւնների իրականացմանը:
Շատ կարեւոր այս օրինագիծը եւս մէկ ուղերձ է Ադրբեջանին, որ միջազգային հանրութիւնը չի պատրաստւում անտարբեր լինել նման յայտարարութիւնների նկատմամբ: Եւ երկրորդ, հարցը վերաբերում է Արցախի բնակիչների ազատ տեղաշարժի իրաւունքին, որը միջազգային իրաւունքի կողմից պաշտպանուած չափանիշ է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց նաեւ Հայաստանին 40 միլիոն դոլարի յաւելեալ աջակցութիւն տրամադրելու օրինագիծը, ինչը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրը: Ի՞նչ է խորհրդանշում այս նախաձեռնութիւնը:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.-ԱՄՆ կառավարութիւնը, անկախացումից յետոյ Հայաստանին 30 տարիների ընթացքում տրամադրել է երեք միլիարդի հասնող ֆինանսական աջակցութիւն: Տարիների ընթացքում, յատկացուող ամէնամեայ օժանդակութիւնը նուազել էր, ինչը բացասական երեւոյթ չէ, եւ խօսում էր այն մասին, որ Հայաստանը կարողացել է տնտեսական եւ քաղաքական նուաճումներ ունենալ, ինչի արդիւնքում տարբեր միջազգային կազմակերպութիւնների, երկրների, այդ թւում ԱՄՆի կողմից աջակցութիւնը նուազել էր, եւ ուղղուել այլ երկրների, ինչպէս օրինակ՝ Սիրիային, Ուկրաինային: 40 միլիոն դոլար յաւելեալ աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութեան հեղինակ, Կալիֆորնիայից հայկական ծագմամբ Ջեքի Սփիրը յայտնեց, որ Կոնգրեսի կողմից օրինագծի հաստատումը Հայաստանին ուղղուած ուղերձ է առ այն, որ ԱՄՆն ճանաչում է ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է Հայաստանում պետական կառավարման համակարգի բարելաւմանը, թաւշեայ յեղափոխութեան նպատակների իրականացմանը:
Միաժամանակ, կը ցանկանայի նշել, որ 2019ը Կոնգրեսում շատ բեղուն տարի է մեզ համար, եւ առաջարկուել են այլ հայամէտ նախաձեռնութիւններ. ունենք եւս երկու բանաձեւ՝ մէկը կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից վերաներկայացուածն է՝ ԱՄՆի եւ Արցախի միջեւ շփումների ազատականացման մասին: Մինչ օրս, ցաւօք, ԱՄՆ կառավարութեան միայն երկու երեք ներկայացուցիչներ են արտօնուած ճամբորդելու եւ ուղղակի հաղորդակցութիւն ունենալու Արցախի կառավարութեան հետ, եւ Փալոնը փորձում է այս հարցը շտկել: Կոնգրեսում հարցը լուծուելու դէպքում, ԱՄՆ պաշտօնեաները հնարաւորութիւն կ՛ունենան ազատօրէն ճամբորդել, եւ ուղղակի կապեր հաստատել Արցախի դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ Վաշինգտոնում, Երեւանում եւ ուղղակիօրէն Արցախի կառավարութեան հետ:
Երկրորդ բանաձեւը նոյնպէս Փալոնն է ներկայացրել, որտեղ շնորհաւորական ուղերձ է փոխանցւում թաւշեայ յեղափոխութեան եւ ԱԺ ընտրութիւնների ազատ եւ թափանցիկ անցկացման առիթով: Միաժամանակ, բանաձեւում առկայ է «ռազմավարական գործընկերութիւն» ձեւակերպումը ԱՄՆ եւ Հայաստանի յարաբերութիւնների մասին: Հաշուի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դիրքը, մեզ համար շատ կարեւոր է այլընտրանքներ ստեղծել եւ ուղիներ բացել դէպի ԱՄՆ եւ Եւրոպա, ինչը նաեւ Հայ Դատի յանձնախմբին հնարաւորութիւն կը տայ Հայաստանին առնչուող հարցերում մանեւրելու (շարժումներ կատարելու-Խմբ.) միջազգային ասպարէզում:
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում