Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց գործին ծանոթ լինելու այն քաղաքականացնելը տարակուսելի է»

Օգոստոս 03,2019 13:00

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը համաձայն չէ գնահատականների հետ, թե Բարձրագույն դատական խորհուրդը, համաձայնություն տալով դատախազության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քերական հետապնդում իրականացնելու միջնորդությանը, իշխանությանը հաճո որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորության հիմքով կալանքից ազատած դատավորն է: «Նման մեղադրանքները մերժելի են, որովհետեւ ԲԴԽ-ն որոշում է կայացրել այն նյութերի եւ փաստական տվյալների հիման վրա, որոնք ստացել է դատախազությունից: Վստահ եմ՝ յուրաքանչյուր իրավաբան, համապատասխան ապացույցներն ուսումնասիրելու դեպքում, կգա եզրակացության, որին հանգել է նաեւ ԲԴԽ-ն»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Վիգեն Քոչարյանը: Անդրադառնալով այն փաստին, որ լիազորությունները կասեցված Դավիթ Գրիգորյանի շահերի պաշտպանությունը 100-ից ավելի փաստաբան է ցանկություն հայտնել ստանձնելու՝ ԲԴԽ որոշումը կապելով կոնկրետ գործով Գրիգորյանի կայացրած կոնկրետ որոշման հետ, Վիգեն Քոչարյանը նկատեց. «Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, այդ թվում՝ այդ փաստաբանները: Ես դրանում արտառոց գործընթաց չեմ տեսնում: Նրանք իրենց կարծիքն ունեն: Մի բան է պարզապես տարակուսանք հարուցում, որ նրանք համապատասխան գործընթացն ու հայտարարություններն արել են՝ առանց ծանոթ լինելու առկա նյութերին եւ ԲԴԽ որոշմանը: Այստեղ գուցե իրավական գործընթացը քաղաքականացնելու կամ ամեն ինչում քաղաքականություն փնտրելու միտում կա, բայց դա, կրկնում եմ, այդ փաստաբանների կարծիքն է»:

Վիգեն Քոչարյանի խոսքով՝ Դավիթ Գրիգորյանին սատարող փաստաբանները հայտարարություններով են հանդես եկել այն ժամանակ, երբ դատախազությունը դեռ մանրամասներ չէր ներկայացրել Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդման հիմքերից. «Իրողությունն այն է, որ ԲԴԽ-ն պետական մարմնից ստացել է համապատասխան դիմում, այն քննարկել դատավորի մասնակցությամբ, եւ քննարկումներից հետո որոշում կայացրել: Դատախազության դիմումը հիմնված էր դրվագների վրա: Երկու դրվագով դատախազության փաստարկները համոզիչ են համարվել, կայացվել է դրական որոշում, իսկ մեկով՝ ոչ: Ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից՝ միայն կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն երեք դրվագից բաղկացած միջնորդության երկու դրվագներն է բավարարել»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

02.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031