Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի թիմի ցուցադրած ուժն իրենց դեմ աշխատեց

Օգոստոս 03,2019 12:30

«Թե ինչու՞ դատաիրավական բարեփոխումների մասին իշխանությունների խոսքը գործի չի վերածվում, ես ասել չեմ կարող։ Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, որոնցից գլխավորն, իմ կարծիքով, իշխանական մեքենայի սահուն ու համակարգված աշխատանքի բացակայությունն է։ Սա է երեւի պատճառը, որ հայտարարված գաղափարները կիսատ են մնում, ընթացք չեն ստանում, մի ծրագիր հայտարարելուց հետո բոլորովին այլ ծրագրեր սկսելու մասին են հանկարծ սկսում խոսել». «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

– Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը, առհասարակ, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նրա որոշումից հետո նրա եւ այդ գործի շուրջ ստեղծված իրավիճակին ի՞նչ գնահատականներ կտաք: Թեպետ Հայաստանում հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դատարանների վրա ճնշում չի գործադրում, բայց այն ամենն, ինչ կատարվում է այս գործի շրջանակներում, դատարանի, դատավորի վրա անուղղակի ճնշման եւ հաշվեհարդարի տպավորություն է թողնում: Մեթոդ, որով նախկին բոլոր իշխանություններն են աշխատել:

– Ցանկացած իրավական գործընթաց պետք է սկսվի ու իրականացվի այնպես, որպեսզի կասկածներ չմնան կամ կասկածներ չծագեն, թե տեղի ունեցողը արհեստական մտածված, կազմակերպված հետապնդում է, սարքված գործ է կամ իր մեջ հաշվեհարդարի տարրեր է պարունակում։ Հայաստանի դատավորների մեծ մասը, ես չեմ ասում 100 տոկոսը, կլինեն փոքրաթիվ բացառություններ, չեն համապատասխանել ու չեն համապատասխանում դատավորի բարձր կոչմանը։  Դավիթ Գրիգորյան դատավորը, ցավոք, բացառությունների շարքում չէ։ Նրանք միշտ էլ հրահանգավորվել են իշխանությունների ու իշխանավորների կողմից, սպասել են այդ հրահանգներին ու չեն էլ մտածել ծառայել արդարադատությանը։ Միշտ է այսպես եղել։ Սա է պատճառը, որ ասում ենք, թե մեզանում արդարադատության համակարգ չկա։ Ոմանք խոսում են եղած այս համակարգը վերափոխելու, իսկ ոմանք՝ նոր համակարգ սարքելու մասին։ Մենք, վերջին հաշվով, պետք է ունենանք իրական արդարադատության համակարգ, մի այնպիսի համակարգ, որի նկատմամբ կասկածներ չեն լինի, որը զերծ կլինի իշխանական թելադրանքներից, որի պարագայում դատավորը իրոք դատավոր կլինի, այլ ոչ պատվերով դատավճիռներ դակող չինովնիկ։ Ապրիլ-մայիսյան հեղափոխության արդյունքում ձեւավորվել է մի իշխանություն, որը հենց սկզբից հայտարարել է ու շարունակում է հայտարարել՝ ճնշումներ չի կիրառելու դատարանների ու դատավորների վրա։ Բոլոր երկրներում էլ եւ բոլոր տեսակի իշխանություններն էլ այս կարգի հայտարարություններ անում են, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, մի բան են այդ հայտարարությունները եւ բոլորովին այլ բան է կյանքը։ Մեր նոր ձեւավորված իշխանության առաջ խնդիր է դրված ապացուցել, որ իրենց հայտարարությունները եւ իրականությունը համարժեք են։ Դավիթ Գրիգորյան դատավորին ներկայացված մեղադրանքը շատ դատավորների կարելի էր ներկայացնել, բայց միայն նրան է ներկայացվել։ Այստեղ, որքան էլ չցանկանանք, ընտրողականության տարրեր չտեսնել չենք կարող։ Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործը, եւ այդ գործում Գրիգորյանի դերակատարումը, ընտրողականության մասին կասկածները, եթե անգամ հնչեին, որոշիչ լինել չէին կարող։ Ստեղծված այս իրավիճակում հետապնդում սկսած մարմինները եւ անձինք, ովքեր էլ որ լինեն, որ բարձր աշխատասենյակներում էլ որ նստած լինեն, պետք է հասկանային, որ արհեստական խնդիր են ստեղծում, որն իրենք լուծել չեն կարող, որի լուծումը իրենց տիրույթից դուրս է, ու այլ դաշտ կարող է տեղափոխվել։

Տխրեցնող է այն հանգամանքը, որ վերջին մի 6-7 ամիսների ընթացքում երկրում մի այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, երբ արդարադատության հետ առնչություն չունեցող դատավորները, պատվերով ու հանձնարարությամբ վճիռներ կայացնող դատավորները, քաղաքական գործերով ու շինծու մեղադրանքներով դատավճիռներ դակած դատավորները, անմեղ մարդկանց դատապարտած դատավորները հարկ անգամ չեն համարում անդրադառնալ իրենց գործունեությանը, գնահատել այն, արդարացման կամ զղջման խոսքեր ասել, բացատրություններ տալ։ Ընդհակառակը, այնպիսի կեցվածք են ընդունում, կարծես անաչառության ու սկզբունքայնության մարմնավորումներ են եղել։ Ասես, ոչինչ էլ չի եղել։ Չեն եղել անմեղ դատապարտվածները։ Չեն եղել խեղված ճակատագրերը։ Սա մեր օրերի զավեշտն է։

– Ի վերջո, կալանքի տակ չգտնվելով Ռոբերտ Քոչարյանը ինչո՞վ կամ ինչպե՞ս կխանգարեր գործի ընթացքին, ի՞նչ կարող էր անել այդ դեպքում, ինչը որ չի կարողանալու անել կալանքի տակ գտնվելով: 

– Մեզանում դեռ խորհրդային ժամանակներից եկած սովորություն է, ամենափոքր զանցանքի կամ հանցագործության դեպքում, նախաքննական փուլում, կալանավորել մարդուն։ Ես միշտ կողմ եմ եղել եւ շարունակում եմ կողմ լինել մեղմ խափանման միջոցների ընտրությանը։ Կալանավորումը որպես խափանման միջոց պետք է միայն ծայրահեղ դեպքերում կիրառվի։ Նախաքննական մարմինը պետք է կարողանա դատարանին ապացուցել, որ մարդը՝ չգտնվելով կալանավայրում կարող է խոչնդոտել նախաքննությանը։ Այստեղ կրկին հանգում ենք անկախ, անաչառ, տարատեսակ ազդեցություններից զուրկ, դատարանների գաղափարին։ Մենք սովոր ենք տեսնել դատարաններ, որ խափանման միջոց ընտրելիս մշտապես գործակցել են նախաքննական մարմնի հետ համերաշխ՝ սպասարկել են նախաքննական մարմնի շահերը։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեպքը այլ է։ Ես նրան էլ կցանկանայի նախաքննական փուլում կալանքի տակ չտեսնել, բայց մի բան է իմ ցանկությունը եւ բոլորովին այլ բան է իրականությունը։ Քոչարյանն ունի հսկայական ռեսուրսներ եւ ազդեցության լծակներ։ Մեղադրող կողմը կարող է, կարծում եմ, մտահոգություններ ունենալ։ Ըստ էության նրա խափանման միջոցի ընտրության հարցով դատավարությունը Քոչարյանի թիմի կողմից ունեցած ուժի ցուցադրում էր, ինչն այդ պահին հենց նրանց դեմ աշխատեց։

– Արդեն մեկ տարի է Նիկոլ Փաշինյանը  տարբեր առիթներով խոսում է դատաիրավական բարեփոխումների մասին, սակայն, համակարգային փաստաթուղթ կամ գոնե մոտեցում, տեսլական դեռ չկա, լուծումները կամ հայտարարություններն ու անդրադարձերը շատ դրվագային են: Ինչո՞ւ է իշխանությունը հապաղում, Ձեր կարծիքով եւ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ողջ մեղքը դնում հենց դատարանների վրա` դատարանների ելքերն ու մուտքերն են փակվում, ասվում է, որ դատավորները «վնգստում» են նախկին տերերի մոտ եւ այլն, մի՞թե մինչդատական վարույթ իրականացնող մարմինները`դատախազություն, քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն, անթերի են աշխատել եւ աշխատում: Համենայնդեպս, վարչապետի, ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի խոսակցությունների գաղտնալսման հայտնի դեպքը չի փաստում այդ մարմինների, մեղմ ասած, անթերի  աշխատանքի մասին: Ի դեպ, այդ գործով էլ կարծես առանձնակի ձեռքբերումներ չկան: 

– Արդարադատություն ասելով մենք առաջին հերթին պետք է հասկանանք ոչ միայն դատարաններ, այլ քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ միասնությունը։ Իրական արդարադատություն ունենալու համար այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն իրենց բարձրության վրա ու հնարավորինս անթերի։ Հակառակ դեպքում անիմաստ է արդարադատության մասին խոսելը։ Միայն դատավորներ փոխելով ոչինչ չի ստացվի։ Պետք է համակարգերը փոխել ու, որ շատ ավելի կարեւոր է, նոր մոտեցումներ ներդնել։ Թե ինչու՞ դատաիրավական բարեփոխումների մասին իշխանությունների խոսքը գործի չի վերածվում, ես ասել չեմ կարող։ Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, որոնցից գլխավորն, իմ կարծիքով, իշխանական մեքենայի սահուն ու համակարգված աշխատանքի բացակայությունն է։ Սա է երեւի պատճառը, որ հայտարարված գաղափարները կիսատ են մնում, ընթացք չեն ստանում, մի ծրագիր հայտարարելուց հետո բոլորովին այլ ծրագրեր սկսելու մասին են հանկարծ սկսում խոսել։ Սա կարող է վկայել իշխանության ներսում եղած դիմադրության, անհամաձայնության ու տարաբնույթ արգելակների մասին։ Բանն այն է, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը, որքան էլ տարօրինակ է, իր կադրերով փոխարինել է միայն իշխանության ամենավերին օղակը, իսկ իշխանական ողջ մեքենան ու դեմքերը հինն են մնացել։ Նույնիսկ ամենավերին օղակում հների պակաս չկա։ Այս պարագայում նոր ու հեղափոխական փոփոխությունների մասին խոսելը, հեղափոխական ծրագրեր հռչակելն ու իրականացնելը, բնական է, որ բարդ, իսկ շատ դեպքերում, անհնարին պետք է լիներ։ Ինչն էլ այսօր տեսնում ենք։

– ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասի՞ն ինչ կասեք: Հայաստանում սահմանադրական ճգնաժա՞մ է, թե՞ ընդամենը նախկիններից  ազատվելու փորձ: Ձեր կարծիքով`ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ ամենը: Համաձա՞յն եք, որ Հրայր Թովմասյանը «բուդկայի նման սեփականաշնորհել է» ՍԴ-ն: 

– Սահմանադրական դատարանն էլ մեր ունեցած արդարադատության մի մասն է։ Այն նույնպես տարիներ շարունակ եղել է իշխանության կցորդ ու դեպքից դեպք, հատկապես ընտրությունների արդյունքները վիճարկելիս, իշխանությանը հաճո ու իշխանությունների թելադրանքներով վճիռներ է դակել։ Այո սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Ավելի ճիշտ, կարծում եմ, սահմանադրական դատարան չկա ու չի էլ եղել։ Մենք պետք է նոր ու մեր ժամանակների ոգուն համապատասխան Սահմանադրական դատարան ունենանք, նոր ու մեր ժամանակներին ոգուն համապատասխան նոր Սահմանադրություն ունենանք։ Նոր Սահմանադրությունը կարող է հաղթահարել եւ այս ճգնաժամը եւ լուծել բազմաթիվ այլ խնդիրներ՝ կլինեն դրանք արդարադատության, թե այլ ոլորտներում։ Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի ասած՝ «բուդկայի նման սեփականաշնորհել է» ու այս կարգի այլ արտահայտություններին, ապա՝  բառապաշարի խնդիր է։ Նույն միտքը կարելի է ասել այլ բառապաշարով, բայց դրանից երեւույթի էությունը չի փոխվի։ Այո, ես համաձայն եմ, որ Սերժ Սարգսյանն իր իշխանավարման տարիներին մերձավոր յուրայիններին պաշտոններ է նվիրաբերել, շատ դեպքերում սեփականության իրավունքով, չմոռանալով իրեն վերցնել ամենակարեւոր պաշտոնը։ Դրա համար անգամ նոր Սահմանադրություն գրելու եւ երկրում կառավարման համակարգը փոխելու կարիք է առաջացել, ինչի առաջ նրանք կանգ չառան։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Նոր իշխանությունների վրա է մնում եղածը հնարավորինս արագ, հնարավորինս անցավ ու հնարավորինս ճշգրիտ շտկելու գործը։

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  

«Առավոտ» օրաթերթ, 

02.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031