Շուրջ 20 տարի առաջ «Առավոտը» առաջին անգամ Համազգայինի բեմում հանդիպեց դերասանուհի Նարինե Գրիգորյանին՝ Հրաչյա Գասպարյանի ռեժիսուրայով Ռոբերտ Տոմայի «Ծուղակ» դետեկտիվ ժանրի բեմադրության մեջ, իսկ միառժամանակ անց արդեն որպես ռեժիսոր Տիկնիկային թատրոնում՝ Գեւորգ Կարապետյանի «Աչքերի որս» փորձարարական ներկայացմանը: Երկու դեպքում էլ առաջին քայլերն անող արվեստագետը հայտնվեց հանդիսատեսի դիտակետում: Արդարության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ նրա անունը հոլովվում էր դեռեւս Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին: Այս ժամանակահատվածում Նարինկան (այսպես են նրան դիմում մտերիմները) իր դերակատարումներով ու ռեժիսորական աշխատանքներով մշտապես եղել է «Առավոտի» ուշադրության կենտրոնում: Կարող ենք վստահորեն արձանագրել, գոնե կարիերայի սկզբում, նրա անձնավորած կերպարների եւ ռեժիսորական մտահղացումների փորձարարական դրսեւորումների մասին: Ու քանի որ այս հոդվածը անդրադարձ է շուրջ վեց ամիս Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նարինկայի իբրեւ ռեժիսորի հերթական՝ Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի բեմադրությանը, մեջբերենք թատերագետ Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» աշխատության (2016թ.) հենց «Աչքերի որսի» առիթով տեղ գտած մասնագիտական կարծիքը, որը ճիշտ եւ ճիշտ ներկայացնում է հենց օրերս Համազգային թատրոնում կայացած «Լոռեցի Սաքոյի» բեմադրության Նարինե Գրիգորյանի ընթերցմանը. «Ի՞նչ է տեղի ունենում բեմում ներկայացման ողջ ընթացքում: Ոչինչ եւ միեւնույն ժամանակ՝ ինչ-որ էական բան: Ոչինչ, եթե փորձելու ենք լեզվական ձեւակերպումների շրջանակում եւ գործողության պատճառահետեւանքային կապերի տեսակետից ընկալել ներկայացումը, եւ նշանակալից ընթացքը, եթե տրվելու ենք ներկայացման տոնայնությանը, շարժումների ռիթմական կառուցումներին, սինքրոնությանը, գունային համադրությանը եւ այս ամենին համաձույլ երաժշտությանը: Այլ կերպ ասած՝ եթե հետամուտ ենք լինելու մաքուր պոտենցիային…»: Ընդ որում՝ մաքուր պոտենցիան դոմինանտում էր «Լոռեցի Սաքոյի» ողջ ընթացքում:
Դերասանական խաղը, ինչին մեծ տեղ է հատկացրել թատերագետ Խզմալյանը «Աչքերի որսի» դեպքում, այստեղ էլ «Լոռեցի Սաքոյի» ողջ ընթացքում «գլխավոր դերում» էր նաեւ երաժշտությունը, սկսած Նարեկացու «Հավուն-հավուն» տաղից մինչեւ Կոմիտասի, Կարա Մուրզայի ընտիր նմուշները: Կարելի է ենթադրել, որ Նարինե Գրիգորյանն ի սկզբանե ցանկացել է ներկայացմանը ընդգրկել կամերային երգչախումբ, ասենք՝ «Հովերը», որը, բնականաբար, ավելի պրոֆեսիոնալ կներկայացներ բեմադրության երգեցիկ հատվածները, բայց ներկայացմանը մասնակից բացի գլխավոր հերոսից՝ Սաքոյից, երեք կանայք (արտիստներ՝ Տաթեւ Նազարյան, Ալլա Սահակյան, Արմինե Անդրեասյան) իսկապես հայ գեղջուկ կնոջը բնորոշ երգային կատարումներով՝ «համ ու հոտով» մեկնաբանեցին այդ գոհարները: Մեր ականջին հասան հանդիսատեսի շշուկները, թե դերասանուհիներից 1-2-ն ունեն նաեւ կոնսերվատորիական կրթություն: Խստապահանջ հանդիսատեսը մեզ «հուշեց» նաեւ խմբավարի անունը՝ Մարինե Գրիգորյան: Հնչյունային ռեժիսորի դերում էր փորձառու Արիկ Գրիգորյանը, որը հանրահայտ «Բամբիռ» խմբից է: Ինչ վերաբերում է զգեստներին, հեղինակը շվեյցարաբնակ Վիկտորյա Ռիեդո Հովհաննիսյանն է, որին ժամանակին ներկայացրել ենք օպերային թատրոնում՝ Չուխաջյանի «Կարինե» օպերետի զգեստների դիզայներական աշխատանքներով: Ե՛վ օպերետում, ե՛ւ «Լոռեցի Սաքո»-ում դիզայները գտել է այս ստեղծագործությունների իրենց ժամանակի ու մերօրյա հագուստների ճիշտ համադրումը:
Վերջապես ներկայացնենք գլխավոր հերոսին՝ «Լոռեցի Սաքոյին», ում մարմնավորեց դերասան Արման Նավասարդյանը: Մինչ այդ շուրջ մեկ ամիս առաջ Համազգայինում ֆրանսաբնակ Լեւոն Մինասյանի եւ Էսթեր Մաննի սցենարով, Լեւոն Մինասյանի ռեժիսուրայով «Ժառանգորդը» դրամատիկական կատակերգությունից հետո իր խոսքերում ժլատ մեր թատերագետներից մեկն ասաց՝ Արմանի դերակատարումը իսկապես բարձրագույն դաս էր:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սաքոյի կերպարին, դարձյալ մեր ականջին հասավ, թե Նարինկան ի սկզբանե այդ դերը «ձեւել» է դերասան, վերջերս նաեւ Համազգայինի տնօրենի պաշտոնը ստանձնած Արման Նավասարդյանի «հագով»: Ավելին՝ իբր ռեժիսորն ու դերասանը մի օր եկել են թատրոն ու իրարից անկախ մեկմեկու հայտնել «Լոռեցի Սաքոն» իրականացնելու մտադրությունը: Արմանի կերտած Սաքոն բարձրագույն վարպետության դաս է, այն էլ՝ ոչ սկսնակ դերասանի համար: Պետք էր լսել դերասանի նաեւ երգն ու կոմիտասյան գործիքով՝ սրինգով նրա կատարումը:
Այս բեմադրությունը նվիրված է մեծանուն Սոս Սարգսյանի եւ Թումանյանի ծննդյան հոբելյաններին: Ներկայացման վերջում նշվեց, որ սեպտեմբերին Համազգայինը իր թատերաշրջանը կբացի այս ներկայացմամբ:
Ինչ վերաբերում է թումանյանական գործերի բեմական կերպարանք ստանալուն, դրանք այդքան շատ չեն մեզանում: Հիմնականում Թումանյանը անպակաս է Տիկնիկային թատրոնի խաղացանկից: Մեծ բանաստեղծի «Անուշ» պոեմը Արմեն Տիգրանյանի երաժշտությամբ ներկայացվում է Ազգային օպերային թատրոնում 1935 թվականից, «Ալմաստով» (ըստ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի) 1933թ. բացվել է մեր օպերային թատրոնը: Վերջին շրջանում «Լոռեցի Սաքոն» բեմադրել է անվանի խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանն իր ղեկավարած «Բարեկամություն» պարային անսամբլով եւ էլի մեկ-երկու թումանյանական գործ: Հոբելյանական տարին շարունակվում է ու վստահ ենք, որ բացի կրթական հաստատություններից, մեր պետական թատրոններում էլ կհայտնվեն Թումանյանի երկերից: Մանավանդ որ, տարբեր ժողովուրդների պատմության մեջ նման հսկաները երեւան են գալիս շա՜տ հազվադեպ, բայց դա չի խանգարում, որ նրանք պատմական նույն նշանակությունն ունենան գալիք ժամանակներում նույնպես:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
02.08.2019