ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարցաքննվել վկաներ:
Կարդացեք նաև
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին