Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի գործող ղեկավարությունը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում կազմակերպած հանրահավաքին. Արման Մելիքյան

Օգոստոս 02,2019 17:43

«Կարևոր է լինելու նաև այն, թե արդյոք Արցախի գործող ղեկավարությունը ևս կմասնակցի Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, թե ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան` Արման Մելիքյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք  անցկացնելու հայտարարությանը:

Հիշեցնենք, օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացումը:

«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ ու արդյունավետ օգտագործելու մասին: Կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի: Բայց ընդհանուր առմամբ, մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրումը և սրանից բխող հետևություններ անելը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ օրը բոլորին հրավիրում է ներկա գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, քանի որ տեղի է ունենալու «շատ կարևոր խոսակցություն»: «Առանձնահատուկ հրավիրում եմ Արցախի մեր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել: Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով, կունենամ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,- ասել է նա:

Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք` իր կարծիքով ի՞նչ կարեւոր հայտարարություններ կարող է անել ՀՀ վարչապետն Արցախում, ինչո՞ւ է այդ մասին նախապես ասում` ինտրիգ մտցնելով իրադարձությունների մեջ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր Արցախի շուրջ կամ Արցախում:

Չցանկանալով ենթադրություններ անել վարչապետ Փաշինյանի ստեփանակերտյան սպասվող միտինգային ելույթի բովանդակության շուրջ, մեր զրուցակիցն ասաց` իր կարծիքով, տվյալ դեպքում, շատ ավելի կարևոր է Համահայկական խաղերի նախօրեին ժողովրդի հետ անմիջնորդ կերպով հաղորդակցվելու ՀՀ վարչապետի կողմից ընտրված եղանակը: «Ընդհանրապես, հանրահավաքը հատկապես վերջին տարիներին հայկական միջավայրում ընկալվում է որպես տեղի գործող իշխանության դեմ հանդես գալու առավել հարմար ձև: Եթե, օրինակ, Փաշինյանն իր ելույթի համար ընտրեր Ստեփանակերտի մարզադաշտը և արցախցիներին այնտեղ հրավիրեր իր ելույթը լսելու, ապա գուցե այդ կերպ կխամրեցներ իր՝ հեղափոխականի կերպարը, քանի որ զանգվածների ընկալման տեսանկյունից էական տարբերություն կա փողոցային  տրիբուն-հռետորի և ամբիոնի մոտ հանդես եկող ռաֆինացված քաղաքական գործչի միջև: Փաշինյանը, հավանաբար, նախընտրում է, որ արցախցիներն իրեն տեսնեն առաջինի, այլ ոչ թե երկրորդի կերպարի մեջ: Իսկ սա նշանակում է, որ այդ ելույթով Փաշինյանը ձգտելու է շահել շարքային արցախցիների և համազգային սպորտային միջոցառմանը մասնակցելու համար այնտեղ եկած սփյուռքահայ երիտասարդության համակրանքը: Ժամանակը ցույց կտա,  արդյոք Փաշինյանի այդ ելույթը կծառայի համազգային համախմբման գաղափարին, թե ոչ: Կարող եմ ասել միայն, որ նա հանդես է գալու շատ զգայուն լսարանի առջև, որը կգնահատի հռետորի անկեղծությունն ու մտքի հստակությունը և տեղում կորսա նրա խոսքի դատարկությունը, սուտն ու կեղծավորությունը, եթե դրանք որևէ կերպ սպրդած կլինեն տեքստի մեջ: Փաշինյանն իր այս ելույթին պետք է շատ լուրջ նախապատրաստվի»:

Վարչապետի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետեւեց Արցախի ԱԱԾ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի բավական կոշտ հայտարարությունը: Տպավորություն է, որ այն հենց Նիկոլ Փաշինյանին էլ ուղղված: Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ անհրաժեշտության դեպքում կոշտ միջոցներ կկիրառվեն: «Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին: Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»,- ասված է Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սամվել Բաբայանին ու վերջինիս կողմնակիցներին:  Բայց չեմ բացառում, որ այդպիսով, անուղղակիորեն, նախազգուշացում է հղվում նաև Հայաստանի գործող իշխանություններին, որպեսզի վերջիններս զերծ մնան Արցախի ներքին կայունության համար սպառնալիք հանդիսացող հնարավոր գործողություններին սատարելուց»,- ասաց Արման Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարելու հայտարարությամբ հանդես եկավ Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031