ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշին։
Շվեյցարահայ գործարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին և ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Նա ընդգծել է, որ ուզում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով մեր երկրում արտադրության զարգացմանը։
Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարևոր է Հայաստանի առաջընթացի և զարգացման համար և պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։
Նա ասել է, որ դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք շատ զարգացած արդյունաբերական համակարգ, իրենց գործին գիտակ բարձրակարգ մեխանիկ ինժեներներ, և ներկայացված առաջարկությունն, անշուշտ, կօգնի այդ ուղղությամբ արագ առաջ գնալու և զարգանալու։
Նախարարը շվեյցարահայ գործարարին է ներկայացրել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն