Ucom ընկերության շարժական կապի բաժանորդներն Արցախում կօգտվեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունից ռոումինգի նվազեցված սակագներով։ 2019թ․ օգոստոսի 1-ից Արցախում ճամփորդելիս Ucom ընկերության բաժանորդները կվայելեն ռոումինգի հետևյալ նվազեցված սակագները․ դեպի Հայաստան և տեղական զանգերի համար կգործի 38 ՀՀ դրամ/րոպե սակագինը, մուտքային զանգերի համար՝ 25 ՀՀ դրամ/րոպե և կարճ հաղորդագրությունների սակագինը կկազմի 40 ՀՀ դրամ/SMS։
«Մինչ այդ գործող սակագների փոփոխությունը հնարավոր դարձավ Արցախում ռոումինգի սակագների վերանայման և արդյունքում՝ նվազեցման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակիցների միջև քննարկումների արդյունքում։ Այդ աշխատանքային խումբը ձևավորվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով, ՀՀ ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ, իսկ մասնակիցների թվում ընդգրկված էին Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի և Հայաստանում գործող բոլոր օպերատորների ներկայացուցիչները», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է մասնակցել քննարկմանը և համաձայնել է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որոնք ուղղված կլինեն ռոումինգի սակագների հետագա նվազեցման նպատակով՝ համապատասխան իրավական կարգավորումներում փոփոխություններ կատարելուն։ Ucom ընկերությունը նաև պատրաստ է աջակցել սակագնային կարգավորման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները սահմանելու գործընթացին։