Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե լիներ քաղաքական շահառու, նույն իջեւանյան իրադարձություններից կարելի էր Մարտի 1-ին մոտ արյունալի դեպքեր սարքել». Աղասի Ենոքյան

Օգոստոս 02,2019 15:33

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին՝ ասաց, որ այն 3 «մեսիջ» էր պարունակում. «Առաջինը նրա ինքնագովազդն էր, որ ինքը եղել է շատ լավ ղեկավար եւ դեռեւս ի վիճակի է շարունակել աշխատել՝ որպես ղեկավար, եթե դրա հնարավորությունը լինի: Երկրորդն այն է, որ շուտով քաղաքական ուժերը պետք է միավորվեն ու սկսեն ակտիվ քաղաքական գործունեություն, եւ երրորդ մեսիջը դատական համակարգի հետ կապված զարգացումների քննադատությունն էր»:

Աղասի Ենոքյանն ասաց, որ քաղաքական դաշտում որոշակի զարգացումներ տեսնում են, որ կարող են միանալ. «Մենք տեսնում ենք, որ կուսակցությունները, որոնք ընտրություններին մասնակցել էին, կարծես արդեն սկսում են սթափվել այդ շոկից, որ ընտրությունների ժամանակ ապրեցին: Գնալով ակտիվանում են այդ խոսակցությունները, որ աշնանն ինչ-որ զարգացումներ են լինելու: Ռոբերտ Քոչարյանը բացեց այդ ծրագրերը»:

Մեր հարցին՝ այսինքն, Քոչարյանի ասած «կոնսենսուս մինուս մեկը» հնարավո՞ր է, Ենոքյանը պատասխանեց. «Զարգացումներից է կախված: Նման զարգացումներ կարծես Ռոբերտ Քոչարյանը կամ այլ քաղաքական ուժեր ուզում են տանել: Կստացվի, թե չէ՝ չգիտեմ»:

Հարցրեցինք՝ տեսնո՞ւմ եք այսօր հող դրա համար, նա պատասխանեց. «Հա, հողը դա դժգոհությունն է քաղաքական ուժերի վարվող քաղաքականությունից, դա Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի որոշակի անկումն է: Նախապատրաստական շրջանն է հիմա, որ ցույց տրվի, որ շատ ավելի վատ է իրավիճակը, քան ներկայացվում է»:

Մեր հարցին՝ կարծում եք ժողովուրդը, հաշվի առնելով, որ արդեն տեսել ենք, թե ինչպիսի ղեկավար է Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք եղել են արյունալի իրադարձություններ՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27, «Ա1+»-ի փակումը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ստրատեգիական օբյեկտների օտարումը եւ մի շարք այլ բաներ, կգնա՞ նրա հետեւից, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Չէ, չեմ կարծում նրա հետեւից կգնա, դրա համար ասում եմ՝ պետք է լինի ինչ-որ միասնական միջինացված կերպար: Եթե լիներ քաղաքական շահառու երկու շաբաթ առաջ, նույն իջեւանյան իրադարձություններից կարելի էր Մարտի 1-ին մոտ արյունալի դեպքեր սարքել: Մենք տեսանք, որ իսկապես դա  պատժիչ գործողություն էր, մարդկանց անկողիններից հանում էին, իրենց ընտանիքների աչքի առաջ ծեծում էին եւ նույնիսկ չէին էլ ձերբակալում, խնդիրն  ընդամենը վախեցնելն էր: Դա նման մի արյունալի  իրադարձություն էր, իհարկե, զոհեր չեղան, նույնը չի: Մենք խոսում ենք «Ա1 +»-ը փակելու մասին, բայց հիմա 17 հեռուստաալիքներից 16-ը փակվելու է, այսինքն, շուտով մենք դրան էլ ականատես կլինենք: Մենք խոսում ենք ձեռնարկությունների օտարման մասին, բայց այսօր մենք կարող ենք տեսնել, որ Հայաստանի արդյունաբերական լուրջ գիգանտներ, ինչպես , օրինակ, Ամուլսարն է, փակված է, եւ ՀՀ-ի բյուջեին չի բերում որեւէ կոպեկ»: Մեր դիտարկմանը, որ Ամուլսարի հարցն ուրիշ է, ստրատեգիական օբյեկտներն ուրիշ երկրի տալը՝ ուրիշ, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Իհարկե, ուրիշ է, այս ամենը կախված է նրանից, թե որ մամուլն ինչպես է ներկայացնում իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031