Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ուզում ենք հիմա էլ դատարաններում բոլորը լինեն Արմեն Դանիելյաննե՞ր, սա՞ է դատական բարեփոխում կոչվածը». Աղասի Ենոքյան

Օգոստոս 02,2019 15:08

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը պարզ արտահայտությունն է նրա, որ Քրեադատավարական օրենսգրքի մեջ դրված են այնպիսի պահանջներ, որոնք դատավորները չեն կարողանում բավարարել: Դատավորներից շատերը քննում են մինչեւ 100 դատական գործ, սարսափելի մեծ թիվ է, չեն հասցնում դատավորները քննել: Այս դեպքում էլ, չհասցնելով, թուղթ է գրվել, որ հետաձգվում է գործի քննարկումը՝ այսքան բան: Այստեղ հանցագործություն տեսնելը պարզապես զարմանալի է: Հանցագործության մեջ պետք է լինի շահ, թե ի՞նչ շահ է հետապնդել Դավիթ Գրիգորյանը՝ դատը հետաձգելով, դրա անունն էլ դնել կեղծ թուղթ, պարզապես զարմանալի է: Այստեղ հստակ քաղաղաքական պատճառ է: Սա քաղաքական հետապնդում է: Դատական համակարգը իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Ըստ նրա, իշխանությունները ԲԴԽ-ն կարողացան իրենց ենթարկեցնել, դատավոր Արմեն Դանիելյանին կարողացան, Դավիթ Գրիգորյանին, ՍԴ-ին չկարողացան իրենց ենթարկեցնել: Նա վստահ է, որ այս գործը պարզապես փուչիկ է ու առաջին ատյանի դատարանում էլ պետք է «ջրվի», եթե գնա հասնի ՄԻԵԴ, պարզապես  խայտառակություն կլինի. «Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս գործընթացը սկսելով ու նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանությունները ուզում են այդ գործը փոխանցել Դավիթ Գրիգորյանից մեկ այլ՝ ավելի ճկվող դատավորի: Բայց ես չեմ կարծում, որ այդ փոքր խնդիրը լուծելու համար կարիք կար դատական համակարգը ամբողջովին քանդել, բարոյազրկել, լեգիտիմությունից զրկել»:

Aravot.am-ի հարցին՝ չկա՞ր դրա կարիքը դատական համակարգը քանդելու եւ նորից հավաքելու, հաշվի առնելով, որ նախկինում վստահություն չկար դատական համակարգի, արդարադատության նկատմամբ, ինչը հանգեցրել էր արտագաղթի, հիասթափությունների, կարիք չկա՞ր իսկապես գլխատակ շուռ տալու դատական համակարգը եւ նորից հավաքելու, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Ոչ, չկար նման կարիք, պետք էր այդ համակարգը բարելավել: Ես համոզված չեմ, որ դատական համակարգը քանդելուց հետո հնարավոր կլինի հավաքել: Մենք պարզապես կունենանք անիրավ երկիր, երկիր, որտեղ օրենքը չի գործում: Այո, դատական համակարգից կային դժգոհություններ, բայց որ չկար վստահություն դատական համակարգի նկատմամբ՝ ես դրա հետ համաձայն չեմ»:

Ըստ Աղասի Ենոքյանի, այսօր մեր երկիրն ինչ տեսք ունի, այդ տեսքն ունի դատական համակարգի շնորհիվ. «Եթե մենք դատական համակարգն ամբողջովին հերքում ենք, դա նշանակում է, որ մենք հերքում ենք ամեն մեկիս ունեցած սեփականությունը»:

Ենոքյանը հիշեցրեց. «Դատավորների նկատմամբ վստահության ցուցակում ամենաբարձրը Դավիթ Գրիգորյանն էր, ամենացածրը՝ Արմեն Դանիելյանը: Այսինքն, այն մարդիկ, որոնք վստահելի չէին, հենց նրանք են այսօր իշխանությունների կամակատարը: Մենք ուզում ենք հիմա էլ դատարաններո՞ւմ բոլորը լինեն Արմեն Դանիելյաններ, սա՞ է դատական բարեփոխում կոչվածը: Կարելի էր անել քայլ առ քայլ, վերցնել կոնկրետ դատավորների, ում հետ կապված կային դժգոհություններ ու սկսել գործընթացներ նրանց նկատմամբ: Իսկ քանդելով՝ մենք կունենանք անիրավ երկիր, մի երկիր, որտեղ որեւէ հարաբերություն չի գործում»:

Աղասի Ենոքյանն ընդունում է, որ այս դատական համակարգը նախորդ իշխանությունների «հավելվածն է, նրանք այս համակարգը ստեղծել են երկար տարիների ընթացքում, տարբեր մեխանիզմներով»:

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հակափաստարկն այն է, որ՝ եթե ինքն ուզենար հպատակեցնել դատական համակարգն իրեն, արդեն այդ համակարգը ստեղծված էր, ինչպես հաշիվ էին տալիս նախորդ իշխանություններին, այդպես էլ հաշիվ կտային իրեն ու զանգով որոշումներ կկայացնեին, դրանով չի՞ հիմնավորվում այն, որ իր նպատակը դատական համակարգը փոխելն է, ոչ թե իրեն ենթարկեցնելը, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդպես չի, որովհետեւ նախկին իշխանությունները դատական համակարգի նկատմամբ ազդեցությունը ձեռք են բերել տարբեր մեխանիզմներով, միայն հրամայելով չի եղել: Հայտնի գաղտնալսումները հիշո՞ւմ եք, այդ ժամանակ էլ արդեն նման փորձեր արվել են, պարզապես իրականությունը ցույց տվեց, որ դատական համակարգը չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կամքին: Դավիթ Գրիգորյանը գիտեր իշխանությունն ինչ է ուզում, պարտադի՞ր էր զանգեր ասեր: Բայց նա կայացրեց իրավական որոշում, այսինքն, նման պնդումն իր մեջ սպեկուլյացիա է պարունակում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031