Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սանիթեք»-ը սկսում է արբիտրաժային գործողությունները ՀՀ կառավարության հետ

Օգոստոս 02,2019 14:56

«Սանիթեք»-ի դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է. պնդում են ընկերության ներկայացուցիչներն՝ այսօր հրավիրված ասուլիսին:

Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն ասաց, որ 2019-ի փետրվարին է հարուցվել  քրեական գործ՝ հարկերից խուսափելու հիմքով:

Իրավաբանի ներկայացմամբ՝ «Սանիթեքը» օտարերկրյա ներդրումներով ընկերություն է, մինչ Հայաստան գալն ուսումնասիրել են մեր երկրի իրավական եւ հարկային օրենսդրությունը,  որպեսզի պարզ լինի՝ եթե մեկ տարի հետո օրենսդրություն փոխվի՝ ներդրողին ինչ է սպասվում:

«Օտարերկյա ներդրումների» մասին ՀՀ օրենքով, ըստ իրավաբանի, օտարերկրյա ներդրողը,  7-րդ հոդվածի համաձայն, ցանկացած ժամանակ իրավունք ունի՝ եթե հարկային օրենսդրությունը փոփոխվի, ընտրի՝ իր նկատմամբ կիրառել  ներդրումների պահի՞ն գործող  օրենքը, թե՞ նորը:

Հարությունյանի պատմելով՝ 2018-ին, երբ ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը,  ընկերության նկատմամբ գործող հաստատագրված վճարների մասին օրենքն ուժը կորցրած է ճանաչվել: Ընկերությունը լիազոր մարմիններին 2 անգամ՝ հեղափոխությունից առաջ եւ հետո, պաշտոնապես դիմել է՝ պարզելու՝ կարո՞ղ է օգտվել իր իրավունքից եւ  գործել հաստատագրված վճարների հարկային դաշտում: Հարությունյանը վստահեցնում է՝ 2 անգամ էլ դրական պատասխան են ստացել:  Բայց այս տարվա  փետրվարին ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել, ըստ Հարությունյանի,  ՊԵԿ-ի նշած հիմնական հանցակազմը եղել է հետեւյալը՝ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը «Սանիթեքի» հանդեպ կիրառելի չէ, եւ ՊԵԿ-ը հաշվարկել է, թե որքան են կազմում չվճարված հարկերը:

Ընկերությունը բողոքարկել է այդ որոշումը: Ըստ Հարությունյանի, ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի հետ էլ իրավական խնդիր ունի, եւ նրա դեմ հայց է ներկայացրել:

Ընկերության ներկայացուցիչները  տեսանյութ ցուցադրեցին, թե ինչպես է քաղաքացին նպատակադրված այրում ընկերության աղբամանը: Ընկերության ներկայացուցիչները նշեցին՝ չնայած անկայուն վիճակին ու ընկերության կարողությունները սպառելուն ուղղված իշխանությունների ջանքերին, ընկերությունը շարունակել է աշխատանքները՝ հույս ունենալով, որ քաղաքային իշխանությունների հետ կգան համաձայնության։

Ըստ նրանց՝ ընկերության աշխատանքները դժվարացել են, դրա պատճառներն են՝ Նուբարաշենի աղբանոցի աղետալի վիճակը, Երեւանում ընթացող ակտիվ շինարարությունը, զբոսաշրջիկների թվի ավելացումը:

«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլն ասուլիսին մասնակցում էր «Սկայպ» տեսակապի միջոցով՝ Թբիլիսից, նա  վստահեցրեց՝ «Սանիթեք»-ը չունի քաղաքական ոչ մի պատկանելիություն.«Մեր միակ մտահոգությունն այն է, որ ընկերությունը պատշաճ ծառայի քաղաքին ու քաղաքացիներին, ամրապնդի ընկերության վիճակն այդ ծառայությունների մատուցման համար»:

Թավիլը խնդրի լուծման ուղղությամբ քաղաքապետարանին 2 առաջարկ ներկայացրեց՝ երկարաժամկետ եւ կարճաժամկետ. «Կարճաժամկետի համար՝ քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբատար մեքենաներ եւ աղբադույլեր, «Սանիթեքի» հետ ջանքերի մեկտեղումը վերջ կդնի այսօրվա վիճակին»: Ընկերության սեփականատերը քաղաքապետարանին կոչ արեց՝ ընկերությանը վատաբանելու փոխարեն աշխատել միասին:

Թավիլի ներկայացրած երկարաժամկետ լուծումն է.«Մենք պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում՝ նոր աղբատար մեքենաներ ու աղբադույլեր գնելու համար։ Պատրաստ ենք ներդրում կատարել տարեկան 500 աղբամանի ձեռքբերման համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքերը, թափանցիկություն ու հաշվետվողականություն ապահովելու համար»:

Բայց սրա համար, ըստ Թավիլի, քաղաքապետարանն էլ որոշ քայլեր պետք է անի եւ դրա հետ մեկտեղ իր պարտավորությունները կատարի՝  պետք է պարտավորվի մշակել ու ներդնել աղբի կառավարման քաղաքականություն ու գործողությունների ծրագիր, այդ թվում Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում, թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում եւ դրա վերահսկման կարողությունների ավելացում։ Բացի այս, ինչպես Թավիլն ասաց, ընկերությունն առաջարկում է վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փարձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի մատուցվող ծառայությունների առեւտրային արժեքը, քաղաքապետարանը պետք է պարտավորվի ընդլայնել «Սանիթեք»-ի հետ պայմանագրի պայմանները, հետ վերադարձնի մինչ այս անօրինական ճանապարհով վճարված  տուգանքները»:

Ընկերության սեփականատերն ասաց, որ երկուշաբթի օրը որպես արբիտրաժային գործընթացի առաջին քայլ՝ կսկսեն արբիտրաժային նամակագրություն Հայաստանի կառավարության հետ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031