Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս տեսքով օրենքը շարունակվի քննարկվել, ուրեմն մենք վերադառնում ենք բրեժնեւյան ժամանակները, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք». Աղասի Ենոքյան

Օգոստոս 02,2019 14:34

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի մասին խոսելով, ասաց, որ դա մասնավոր հեռուստաընկերություններին կարող է կանգնեցնել մեծ պրոբլեմի առաջ. «Եթե այս տեսքով օրենքը շարունակվի քննարկվել, ուրեմն մենք վերադառնում ենք բրեժնեւյան ժամանակները, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք եւ այդ ալիքը պետական ալիքն էր: Իշխանությունների կողմից պատժամիջոցների ցանկություն կա, ու անհրաժեշտ է, որ հեռուստաընկերությունները միավորվեն ու թույլ չտան նման տիպի զարգացում»:

Aravot.am-ը հարցրեց՝ կոնկրետ ո՞ր ձեւակերպումներն են այդ նախագծում ձեզ համար մտահոգիչ, որո՞նք են խնդրահարույց՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Առնվազն 3 կոնկրետ փաստ կուզեի նշել: Առաջինն այն է, որ այդ օրենքի նախագիծը մշակվել է  ՀԿ-ների կողմից՝ առանց հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցության: Նրանք, ըստ էության, այս օրենքի գոյության մասին իմացել են այն բանից հետո, երբ ՀԿ-ները դա ներկայացրել են ԱԺ հանձնաժողովին: Ես չեմ նկատել, թե կա հստակ ձեւակերպված հանրային պահանջ, թե հիմա պետք է կանոնակարգել հեռուստաընկերությունների գործունեությունը, թե ինչո՞ւ ՀԿ-ները որոշեցին, որ իրենք պետք է կանոնակարգեն, սա արդեն իսկ հարց է: Երկրորդ կարեւոր հարցն այն է, որ եթերով այսուհետեւ լինելու է միայն Հանրային հեռուստատեսությունը, այսինքն, հեռուստատեսային աշտարակը, որ կա, այնտեղից միայն Հանրայինն է սփռվելու՝ իր 5 ալիքներով: Հիմա 17 ալիք է եթերում, այս վիճակը չի լինելու: Երրորդ մտահոգիչ կետն այն է, որ մասնավորը կարող է դառնալ հեռուստահաղորդող, սա նշանակում է, որ այս հեռուստաաշտարակի կողքը պետք է եւս 2-3  հեռուստաաշտարակներ կառուցեն, որ դրանով մասնավոր ալիքներ սփռեն: Սա շուրջ 100 մլն դոլարի հասնող ներդրում է պահանջում, ինչը ռեալ չէ այսօր: Սա նշանակում է մասնավոր հեռուստաալիքների հետզհետե փակում»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն  էլ ասում է, որ նախագիծը նոր է մշակվել ու դրվել քննարկման ու ասել, թե հեռուստաընկերությւոնները չեն մասնակցել՝ սխալ է, իրենք բաց են բոլոր առաջարկները լսելու համար: Աղասի Ենոքյանն էլ պատասխանեց, որ խոսել է հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, նրանցից որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ նման օրենք է մշակվում, պետք է նրանց ներգրավեին մշակման գործընթացում:

Աղասի Ենոքյանն ասաց, որ ներկա իշխանությունները ձգտում են մոնոպոլիզացնել իշխանության ամբողջ դաշտը. «Ամբոխավարական մեթոդներով գրավելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, մենք տեսանք, որ նրանք հիմա անցել են լուրջ հարձակման դատական իշխանության նկատմամբ: Հաջորդ թիրախը լինելու է մամուլը: Մամուլի շուրջ շատ զարգացումներ ենք տեսնում, որոնք ես գնահատում եմ որպես սպառնալիք»:

Ըստ քաղաքագետի, մամուլի ֆինանսավորման հարցն են անընդհատ բարձրացնում ու դա պարկեշտ չի. «Բոլորս հասկանում ենք ինչպես է աշխատում մամուլը, եթե մի խումբը փորձում է բարձրացնել այդ հարցը, ուրեմն պետք է հարց դրվի նաեւ՝ իսկ իրե՞նց մամուլն ինչպես է աշխատում: Եթե նույնիսկ ինչ-որ ԶԼՄ մի անգամ գրանտ է ստացել մի տեղից, մի անգամ՝ մյուս տեղից, դա ամենեւին չի սրբապղծում այն ԶԼՄ-ների շուրջ 20-ամյա գործունեությունը, որոնք առանց գրանտների են եղել՝ որոշակի անձանց սպոնսորությամբ»:

Լրագրողները հիշեցրին՝ վարչապետն ասում է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբեւէ: Աղասի Ենոքյանն արձագանքեց, որ կոռեկտ չի, որովհետեւ նա չի, որ պետք է դրա գնահատականը տա. «Դրա գնահատականը պետք է տան ընթերցողները, լրագրողները: Վարչապետը եւ կառավարությունը ռոճիկ են ստանում նրա համար, որպեսզի ապահովեն խոսքի ազատություն, դա իրենց պարտականությունն է, ոչ թե մեզ բոնուս են տվել: Հետո, հիմա շատ դժվար է գնահատել մամուլի ազատությունը: Կան մամուլի նկատմամբ որոշ ճնշումներ, որոնք նախկինում չեն եղել: Նախկինում եւս եղել են ճնշումներ, բայց ՝ այլ բնույթի: Շատ դժվար է նման պնդում անելը, թե մամուլն ավելի ազատ է, քան նախկինում»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031