«Ծրագիրը գործում է չորս տարի, երեք տարի է զբաղվում ենք սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցների աջակցությամբ: Անցյալ տարի Աչաջուր գյուղում առաջին անգամ բացվեց ջութակի դասարան, 12 հոգանոց ջութակի դասարանը ապահովեցինք գործիքներով, հոգացինք ծախսերը: Ուրախալի է, որ մեզ միանում են գյուղապետարանները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Լոս Անջելեսի Unison Duet Music Production-ի համահիմնադիր, դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը:
Նաեւ տեղեկացրեց, որ ամեն տարի դրամահավաք են իրականացնում, այս տարի կազնակերպել են համերգներ Լոս Անջելեսում, Մոսկվայում, երրորդ համերգն էլ կկայանա օգոստոսի 4-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում՝ Unison Duet-ի եւ մի շարք ճանաչված երաժիշտների հետ՝ «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակում:
Ծրագրի շարունակությունը կլինի Լուսաձոր եւ Ազատամուտ գյուղերում ջութակի դասարանների հիմնումը:
«Ինձ համար կարեւոր է աջակցել երեխաներին, մենք էլ ենք այդ ճանապարհով անցել… Գիտենք, թե ինչ դժվար է ոչ մայրաքաղաքում զբաղվել արվեստով»,- հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը՝ կարեւորելով ծրագրի իրականացումը:
Կարդացեք նաև
«Մեկ տարվա ընթացքում Աչաջուրում ունեցանք ջութակի բաժին, արդեն ունենք հաջողություններ, Աչաջուրի դպրոցի ջութակի դասարանի սաները մեզ հետ ելույթ կունենան այս համերգին»,- հայտնեց Unison Duet Music Production-ի համահիմնադիր, ջութակահար եւ կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը, որը կարեւորում է սահմանամերձ շրջաններում՝ երեխաներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելը եւ նրանց կրթության որակը:
Նրա ձեւակերպմամբ, ջութակին ավելացել է դաշնամուրային ծրագիրը, առաջիկայում նախատեսված է նաեւ կենտրոններում բացել թավջութակի, ալտի, կիթառի եւ այլ դասընթացներ: Իրենք տրամադրում են գործիքները, գրականությունը, աշխատում են ուսուցիչների հետ, վճարում են դասատուների աշխատավարձերը, երեխաների վարձերը:
Unison Duet Music Production-ի համահիմնադիրները տեղեկացրին, որ մյուս գյուղերը, տեսնելով Աչաջուրի հաջողված օրինակը, պատրաստ են միջոցներ գտնել եւ միանալ իրենց:
«Քանի որ ընկերներ ենք Շուշանի եւ Ռուբենի հետ, հենց հուլիսը մոտենում է, անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին, որպեսզի կարողանանք մեր փոքրիկ ներդումը կատարել այս աստվածահաճո գործին»,-ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի, սոպրանո Իրինա Զաքյանը:
Նյու Յորքից պրոֆեսոր Վագո Օհանյանը, որ արդեն 25 տարի դասավանդում է, ասում է՝ փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլորը պետք է դառնան երաժիշտներ, օպերային երգիչներ ու հանդես գան, ասենք Քարնեգի հոլում, բայց մեծ մասը հաստատ կլինեն բարի, կրթված, գեղագետ մարդիկ ու լավ քաղաքացիներ:
Հավելենք, որ համերգին մասնակցում է ոչ միայն Unison Duet-ը, այլեւ անվանի երգիչներ Իրինա Զաքյանը, Հովհաննես Այվազյանը, Վագո Օհանյանը, Արսեն Սողոմոնյանը, Տիգրան Օհանյանը, Լևոն Առաքելյանը, Ռուզաննա Թովմասյանը եւ այլք։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Unison Duet-ի ֆեյսբուքյան էջից