Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». մահացու հիվանդության տարածման վտանգը՝ 27 շան քնեցման պատճառ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 02,2019 13:46

Հուլիսի 29-ին և 30-ին Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը «Քանաքեռ» ՀԷԿ-ի հարակից՝ «Բանավան» կոչվող տարածքում գտնվող վագոն-տնակից կենտրոն էր տարել մի քանի տասնյակ շների, որոնց կլինիկական հետազոտություններից պարզ է դարձել հետևյալը. 29 շան մոտ առկա են մաշկային տարբեր աստիճանի գարշահոտ ախտահարումներ, այդ թվում՝ «պիոդերմիա«, «ալլոպեցիա», խոցեր, «լիխեինիզացիա»: Կենդանիները, ըստ ՀՈԱԿ-ի, եղել են հյուծված, մեծ մասի մազածածկույթն ամբողջությամբ բացակայել է, իսկ պոչերը՝ կրծած կամ թարախակալված են եղել: Որոշ շներ սատկել են մինչեւ հետազոտությունը, որոշներն էլ գտնվել են հոգեվարքի վիճակում: Կենդանիների մեծ մասի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել: ՀՈԱԿ-ի տվյալներով՝ այդ շները երկար ժամանակ պահվել են անբարենպաստ, սանիտարահիգիենիկ նորմերին հակասող, այդ քանակի համար խիստ փոքր տարածքում, կերակրվել հիմնականում եփած բրնձով: Ընդ որում, չեն կատարվել բուժական միջոցառումներ, իսկ ախտանշաններն ի հայտ են եկել նաև հարևան բնակիչների շների մոտ:

ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանն Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածքից կենտրոն է բերվել 34 շուն, որոնցից 14-ն ուղարկվել են լաբորատորիա՝ լեշմանիոզ հիվանդության կասկածի պատճառով. «Բոլորը մեծահասակ շներ էին՝ 10 եւ ավելի տարեկան, երկար եղունգներով, անգամ չէին կարողանում տեղաշարժվել: Այս ամենի մասին զեկուցել ենք Առողջապահության նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին: Իրավիճակը հաշվի առնելով՝ այդ երկու պետական կառույցների որոշմամբ ձեւավորվեց հանձնաժողով, որպեսզի որոշվեր կենդանիների ճակատագիրը: Այդ տարածքի (որտեղ պահվում էին տիկին Լիզայի շները) հարակից բակերում եւս երեք շուն էին պահվում, որոնց նույնպես վերցրել էինք: Նրանց մոտ նույնպես հաստատվեց լեշմանիոզը: Անալիզների ենթարկված 14 կենդանուց 8-ը հիվանդ էին, 6-ը՝ ոչ»:

Ըստ Հարություն Առաքելյանի՝ հանձնաժողովի աշխատանքը մի շարք խնդիրներ ի հայտ բերեց. «Վերջին մի քանի տարում  մարդկանց՝ լեշմանիոզից մահացության վեց դեպք է գրանցվել: Երկու տարի առաջ Քանաքեռի նույն տարածքում վեց տարեկան երեխա է մահացել: Արձանագրվեց, որ վարակը տարածվել է նաեւ հարակից տների բակերում պահվող կենդանիների շրջանում: ՀՈԱԿ-ում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ժամանակ հրավիրել էինք նաեւ հ/կ-ներից ներկայացուցիչների, իսկ կազմում միայն երկու կառույցների մասնագետներն էին: Հանձնաժողովը հաշվի առավ այն հանգամանքը, որ բոլոր այդ շներն ապրել են նույն՝ փակ տարածքում: Եթե տվյալ պահին կենդանու մոտ լեշմանիոզ չի ախտորոշվում, դա չի նշանակում, որ վտանգը չեզոքացված է: Հիվանդությունն ունի գաղտնի փուլ: Ըստ օրենքի՝ անգամ հիվանության կասկածի դեպքում կատարվում է քնեցում, քանի որ լեշմանիոզը մահացու է: Բոլոր կենդանիները՝ 27 շուն, քնեցվեցին՝ բացառությամբ հինգ ձագերի, որոնք տարիքը խոցելի չէր հիվանդության հանդեպ»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Առողջապահութության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման  կենտրոնն» այս օրերին զբաղվում է տարածքի բնակչության շրջանում մշտադիտարկմամբ. «Պետք է արձանագրել՝ շներին պահած կինը վարակվա՞ծ է, թե ոչ, եւ բնակիչների շրջանում հիվանդությունը կա՞, թե ոչ: Պատկան կառույցը զբաղվում է տեղանքի ախտահանմամբ, որովհետեւ վագոն-տնակում կան վերմակներ, հագուստ, իսկ ՀԷԿ-ի ջրանցքում տիկին Լիզան ինչ-որ շորեր էր գցել: Բնակիչները մեզ ասել են, որ այդտեղ նետվել են նաեւ սատկած շների դիեր: Կինը պահել է եւս երկու շուն, որոնց դեռ չենք գտել: Նա հինգ օրական ձագերին գցել էր «բոչկայի» մեջ եւ փակել բերանը, վրան փայտեր դրել: Շները, որոնք բերվեցին կենտրոն, սարսափելի վիճակում էին՝ ոսկորներն իրար կպած էին»:

 

Սոցցանցում կենդանասերները ՀՈԱԿ-ի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, որ վերջինս անգամ չի փորձել բուժել լեշմանիոզով հիվանդ շներին: Այս առնչությամբ Հարություն Առաքելյանը պարզաբանեց. «Դա չիմացության հետեւանք է: Մարդկանց անվտանգության հարց է դրված: Վարակման ռիսկային գոտում երեխաներն են, իսկ հիվանդության գաղտնի շրջանը մինչեւ երկու տարի կարող է տեւել: Կենդանասերներն առաջարկում էին իրենց ավտոտնակներում պահել այդ շներին, բայց չէինք կարող նման բան թույլ տալ, մարդկանց անվտանգության մասին է խոսքը: Ի՞նչ է նշանակում՝ լեշմանիոզով հիվանդ շանը տանես ավտոտնակում պահես…»:

Հարություն Առաքելյանը նաեւ նշեց, որ տիկին Լիզայի, որին կենդանասերները բնութագրում են որպես կյանքը կենդանիների խնամքին ու փրկությանը նվիրած տիկնոջ, կացարանի մասին քանիցս ահազանգել էին տարածքի բնակիչները. «Մենք քանիցս գնացել էինք, բայց կնոջ արձագանքի պատճառով չէինք կարողացել մոտենալ: Արաբկիրի թաղապետարանը խնդրից տեղյակ էր, բնակիչները թաղապետարան էլ էին ահազանգել, եւ այս անգամ գնացինք թաղապետարանի աշխատակիցների եւ ոստիկանների ուղեկցությամբ, որպեսզի մեր աշխատանքը չխոչընդոտվի: Չէինք պատկերացնում, որ նման բան կտեսնեինք: Բոլոր շները մեկ վագոնում էին պահվում ու չէին կարողանում տեղաշարժվել: Ամենասարսափելին այն է, որ շներից մեկն էր միայն հաչում… շներն ատամ չունեին… զարմանում եմ, որ ասում են՝ «կենդանասեր»…ինչպե՞ս կարող է կենդանասերն այդպես վարվել»:

Կենդանասերների խմբերում մեղադրանքներ են հնչում նաեւ այն մասին, որ ՀՈԱԿ-ը հաշվի չի առել հետեւյալ հանգամանքները՝ տիկին Լիզան 70 տարեկան է, երկար տարիներ խնամել է շներին, փրկել նրանց, պահել՝ ոնց կարողացել է, եւ գուցե չի էլ իմացել, որ շները հիվանդ են: Այս առնչությամբ էլ Հարություն Առաքելյանը շեշտեց. «Տարիքը վարակ տարածելու եւ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հարցում արդարացում չէ: Կինը տարիներ շարունակ եւ մինչեւ հիմա աշխատում է Երեւանում գործող հ/կ-ներից մեկի կացարանում՝ որպես կենդանիներ խնամող: Կինը տարիներ առաջ դիմել էր հ/կ-ներին, եւ իր մոտ գտնվող շների մի մասը ստերջացվել էին: Բայց որեւէ մեկը մեզ չասաց, որ կինը կենդանիների հիվանդության խնդրով երբեւէ դիմել է օգնության համար»:

Հավելենք, որ «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը խնդրի առնչությամբ հետեւյալ գրառումն էր արել. «Սա կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկն  է, որի մեջ լեշմանիոզը կա: ՀՀ անասնաբուժության մասին օրենքի գլուխ 10-ի հոդված 31-ի (Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում իրականացվող գործողությունները) 5-րդ կետն ասում է.

եթե տնտեսական և (կամ) հիվանդության տարածման կանխման նպատակով անասնահամաճարակային տեսակետից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և հիվանդությունների դեմ պայքարի հրահանգներով թույլատրվում է հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ, ապա սպանդանոցներում, կենդանական ծագման հումք և մթերք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության և կազմակերպականիրավական ձևից, սանիտարական սպանդի են ենթարկվում ՀԻՎԱՆԴ կամ հիվանդացության մեջ ԿԱՍԿԱԾՎՈՂ վտանգված կենդանիները, և (կամ) վերամշակվում են դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը:

Ստացվում է, որ օրենքով պետք է քնեցվեն հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիները: Բայց փաստացի հիվանդության մեջ կասկածվող կենդանին կարող է հիվանդ չլինել, բայց քնեցվել՝ օրենքի պահանջի համաձայն… Օրենքի այս կետի մեջ պետք է փոփոխություն անել այնպես, որ քնեցման ենթակա լինեն միայն վերոնշյալ հիվանդություններով հիվանդ կենդանիները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ը պատրաստ է լսել խնդրի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները: Նախագծին դիմելու հեռախոսահամար՝ 095 85 99 06

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031