Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարվա սկզբունքները

Օգոստոս 02,2019 10:00

Այս օրերին «Առավոտ» օրաթերթը նշում է իր 25-ամյակը: Գրեթե ամբողջ այս ժամանակահատվածում, սկսած 1994 թվականի դեկտեմբերի 6-ից ես այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն եմ, եւ, հետեւաբար, կարող եմ խոսել քառորդ դար դավանած մեր սկզբունքների մասին: Այդ սկզբունքներն ամենեւին օրիգինալ չեն, դրանք շարադրված են լրագրության բազմաթիվ դասագրքերում ու նաեւ մեր թերթի վարքականոնում: Բավական է այն կարդալ, եւ ամեն ինչ պարզ կդառնա:

Իհարկե, այս 25 տարում մեզ փորձում են խցկել այս կամ այն քաղաքական հոսանքի մեջ, կամ, եթե այս կամ նյութը որեւէ մեկին դուր չի գալիս, մարդիկ սկսում են բացականչել՝ «մենք գիտենք, դա ում պատվերն է»: Առաջ նման բացականչություններն ինձ հուզում էին, բայց վերջին տարիներին հասկացա՝ ամենահիմար բանը կյանքում ու, մասնավորապես, լրագրության մեջ արդարանալու փորձն է՝ եթե մեկը հակված է այսպես կամ այնպես մտածել, կամ ձեւ է անում, որ այդպես է մտածում՝ նրա ջանն էլ, ինչպես ասում են, սաղ լինի: Ինձ համար կարեւոր է ոչ այնքան այն, թե ինչպես եմ ես կամ «Առավոտն» ընկալվում, այլ՝ որքանով եմ ես կարողանում կատարել իմ առաջ դրված խնդիրը:

Իսկ մեր առաջնային խնդիրը ցանկացած տեղեկատվություն, ցանկացած ուղղություն, ցանկացած շահ մարսելն է եւ առանց սեփական էմոցիաների ընթերցողին ներկայացնելը: Այդպիսով, ինչ-որ չափով նպաստել հասարակության մեջ ագրեսիայի թուլացմանը, տարբեր հատվածներին հաշտեցնելուն, հավասարակշռելուն: Բա՞րդ խնդիր է: Այո՛, չափազանց, բայց եթե չփորձես քո առջեւ հավակնոտ խնդիրներ դնել, եթե պարզապես փորձես լողալ հոսանքի ուղղությամբ, ապա կարելի է լրագրությամբ չզբաղվել: Ընդհանրապես կարելի է ոչ մի բանով չզբաղվել, հոսանքն առանց քեզ էլ է ինչ-որ տեղ հոսում:

Եթե «Առավոտի» մեկնաբանության մեջ որեւէ բացասական բան է ասվում, ապա դա արվում է առանց չարության, առանց որեւէ անհատի ցավ պատճառելու մտադրության: Վստահ եմ, որ ցանկացած քննադատություն պետք է լինի բարյացակամ եւ ուղղվի երեւույթին, ոչ թե մարդուն: Նման քննադատությունը բնութագրելու համար լատիներեն կա մի գեղեցիկ արտահայտություն՝ in optimam partem՝ լավագույն մտադրություններով: Իսկ մեր մեկնաբանությունների հետ չհամաձայնողներին պետք չէ ոչ «հուժկու հակահարված» տալ, ոչ էլ արհամարհել: Պարզապես, հնարավորության դեպքում, զետեղել նրանց կարծիքը:

Դուք կհարցնեք, իսկ արդյո՞ք այն ամենը «Առավոտի» մոտ ստացվում է: Միանշանակ կարող եմ ասել՝ ոչ միշտ, խոսքն այստեղ սկզբունքների մասին է: Իսկ թե որքանով են այդ սկզբունքները կյանքի կոչվում, մենք չէ, որ պետք է ասենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում արգասաբեր գործունէութիւն։

    Հայաստանեան ծով լրատուամիջոցների շարքում ես 2 անվերապահօրէն վստահելի լրատուամիջոց ունեմ։
    Արդէն բազում տարիներ «Առաւօտը» դրանցից մէկն է։

    Շնորհաւո՜ր տարեդարձ։

  2. Իրատես says:

    Շատ դրականներից…՝ ես ցանկանում էմ առանձնացնել դրանցից մեկը, որ Դուք հարգում եք ձեր ընթերցողին…
    Շնորհավոր ;

  3. Լավատես says:

    Շնորհակալություն եւ օրաթերթին եւ այն լավ մարդկանց, ովքեր ծանոթացրին ինձ այդ օրաթերթի հետ:

  4. Մարգար Մախսուդյան says:

    Սրտանց շնորհավորում եմ քառորդդարյա հոբելյանի տոնական առիթով։ Ցանկանում եմ թերթի ողջ աշխատակազմին ամուր առողջություն և ստեղծագործ աշխատանքի բազում տարիներ։
    * Չանդրադառնալով նախորդող ժամանակահատվածում ընթերցողների մեկնաբանությունների նկատմամբ երբեմն դրսևորվող խստասրտությանը, կուզենայի հույս հայտնել, որ նոր Հայաստանում այլևս կարիք չի լինի մեկնաբանությունների սյունակը դեռևս պահել “նկուղում”։ 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031