Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսը գտնվելով «Աբովյան» ՔԿՀ-ում, չի ստացել որեւէ ծանուցում ԴԱՀԿ-ից՝ իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի մասին

Օգոստոս 02,2019 12:30

Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու, բնակարան տրամադրելու, 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարգարյանը որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել խարդախության համար 11 տարով դատապարտված դասախոսին: Վերջինս 6 տարի արդեն ազատազրկված է եղել, պատիժը կրելիս դրական վարքագիծ է դրսեւորել: Սա այն դեպքն է, երբ դատախազ Ա. Խաչատրյանը վերաքննիչ բողոք չի բերել, սակայն տուժողներից մեկը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հայտնի դատավոր Ա.Դանիելյանը վերաքննիչ բողոքը բավարարել է եւ գտել, որ առաջին ատյանի դատարանը սխալ որոշում է կայացրել՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով:

Լաուրա Խաչատրյանի պաշտպան Գայանե Գրիգորյանն «Առավոտին» երեկ հայտնեց, որ Վճռաբեկ դատարան է դիմելու:

1996թ. ծնված Ագրարային համալսարանի երիտասարդ դասախոսի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին հարցը քննվել էր հունիսի 6-ին: Դատարանը ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լաուրա Խաչատրյանին պայմանական վաղաժամկետ ազատել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 5 տարի 4 ամիս 9 օր ազատազրկումը կրելուց:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5.2-րդ կետի համաձայն՝ դատապարտյալի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` պատժի չկրած մասի չափով, որի կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանմանը:

Դատարանը պարտավորեցրել էր Լաուրա Խաչատրյանի վրա փորձաշրջանի ընթացքում դնել պարտավորություն` չփոխել մշտական բնակության վայրը, ինչպես նաեւ, մինչեւ փորձաշրջանի ավարտը հատուցել ներկայացված քաղաքացիական հայցով տուժողին պատճառված վնասը:

Ըստ պաշտպանի՝ դատախազ Ա. Խաչատրյանի, ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկի ներկայացուցիչ Ն. Հակոբյանի, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի ներկայացուցիչ Զ. Ղազարյանի կողմից եւ տուժող ճանաչված մյուս բոլոր անձանց կողմից դատական ակտը չի բողոքարկվել:

Դատական ակտը բողոքարկվել է միայն տուժող ճանաչված անձ՝ Կ. Ալեքսանյանի կողմից:

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ է պահանջել տուժողը, փաստաբանն ասաց. «Վերաքննիչ բողոք բերող անձ՝ Կ. Ալեքսանյանը գտել է, որ առաջին ատյանի դատական ակտը ենթակա է բեկանման հետեւյալ պատճառաբանություններով.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թ. նոյեմբերի 1-ին վճռել էր.

Լաուրա Խաչատրյանից հօգուտ Կ. Ալեքսանյանի բռնագանձել 5500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտք գումար: Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը` բռնագանձման ենթակա 5500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի վրա 07.06.2012թ.-ից հաշվարկել է տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան բանկային տոկոսի հաշվարկային տոկոսադրույքի չափով` մինչեւ պատասխանողի կողմից դրամական պարտավորության կատարումը: Պատասխանող Լ. Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 44631 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել է 5500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսների գումարի 2 տոկոսի չափով պետական տուրքի գումար:

Բողոքաբերը, ապակողմնորոշելով դատարանին, հայտնել է, որ նշված վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2012թ. դեկտեմբերի 3-ին եւ 2012թ. դեկտեմբերի 4-ին տրվել է կատարողական թերթ, որը, ըստ բողոքաբերի, ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն եւ մինչ օրս նշված վճիռը չի կատարվել: Թե ինչու չի կատարվել, բողոքաբերը գերադասել է լռել»:

Պաշտպանն «Առավոտին» հայտնեց նաեւ, որ այս գործով մուտք գործելով «Դատալեքս» տեղեկատվական կայք, ուսումնասիրելով նշված գործի պատմությունը, պարզվում է, որ կատարողական թերթն իրականում տրամադրվել է 2013թ. հունվարի 24-ին:

«Իսկ թե այն կատարման ներկայացվե՞լ է, արդյոք, վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում, որեւէ տեղեկություն առկա չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, չի ներկայացվել, քանի որ նշված դատական գործի վերաբերյալ Լաուրա Խաչատրյանը տեղեկացել է միայն Կ. Ալեքսանյանի վերը նշված վերաքննիչ բողոքից: Նա երբեւէ չի ծանուցվել իր վերաբերյալ ընթացող քաղաքացիական գործի վերաբերյալ, իսկ վերաքննիչ բողոքից տեղեկանալով նշված քաղաքացիական գործի մասին, դիմել է ՀՀ Դատական դեպարտամենտ՝ նշված գործի վերաբերյալ ամբողջական փաստաթղթեր ստանալու համար, որից հետո կորոշի իրեն այդ դատական նիստին մասնակից չդարձնելու եւ դիրքորոշումներ ներկայացնելուց զրկելու արդյունքում հետագա բողոքարկման հարցը: Սակայն Լաուրա Խաչատրյանը, գտնվելով «Աբովյան» ՔԿՀ-ում, չի ստացել նաեւ որեւէ ծանուցում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի մասին, որից ենթադրում ենք, որ կատարողական թերթը սահմանված մեկ տարվա ընթացքում նաեւ չի ներկայացվել կատարման»,-ասում է եւ այդ հիմնավորմամբ էլ բողոքելու է պաշտպան Գ.Գրիգորյանը:

«Առավոտի» դիտարկմանը՝ եթե կատարողական թերթիկն, ի վերջո, նորից «շրջանառության մեջ» դրվի, ի՞նչ է ստացվելու. կրկնակի պատի՞ժ, պաշտպանը պատասխանեց. «Քրեական գործով կայացված դատավճռի համաձայն՝ Լ. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 11 տարի ժամկետով ազատազրկման՝ խարդախություն կատարելու հանցանքի հատկանիշներով, քանի որ թիվ ԵԱՆԴ/0884/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով դատարանը, բավարարելով հայցադիմումը, որպես գործի փաստական հանգամանքներ եւ հաստատված ապացույցներ որեւէ կերպ չի հիշատակել թիվ ԵԱՔԴ/0097/01/14 քրեական գործով հաստատված որեւէ փաստ, այլ ընդամենը, հայցվորի բառերից, հաստատված համարելով, որ կողմերի միջեւ տեղի են ունեցել քաղաքացիաիրավական հարաբերություններ, կնքված է եղել փոխառության պայմանագիր, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոխառությանը վերաբերող դրույթները, նշել է. դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հետազոտումից դատարանը հանգեց եզրակացության, որ Կ. Ալեքսանյանը Լ. Խաչատրյանին պարտքով տվել է 5500 ԱՄՆ դոլար, վերջինս պարտավորվել է պարտք գումարը վերադարձնել (Լաուրա Խաչատրյանի կողմից կատարվել է համապատասխան գրառում): Լ. Խաչատրյանը 01.06.2012թ.-ին գրել է պարտավորագիր եւ պարտավորվել Կ. Ալեքսանյանից 2011թ.-ին վերցրած պարտք գումարը` 5500 ԱՄՆ դոլարը, որի վերաբերյալ 12.04.2012թ. տվել է ստացական՝ վերադարձնել 6-օրյա ժամկետում»:

Ի դեպ, համաձայն վճռի էլ՝ Լաուրա Խաչատրյանը պարտավորվել է փոխառության գումարը վերադարձնել պարտավորագրով սահմանված ժամկետում, այսինքն` 07.06.2012թ.-ին, սակայն մինչ օրս չի վերադարձրել պարտք գումարը: Կարեն Ալեքսանյանը բազմիցս պահանջել է գումարը վերադարձնել, սակայն Լաուրա Խաչատրյանը առանց որեւէ պատճառաբանության խուսափել է կատարել իր պարտավորությունը եւ վերադարձնել պարտք գումարը:

«Անհիմն էր բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում նշված այն պատճառաբանությունը, թե նշված քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված պարտավորության գումարը որեւէ առնչություն ունի թիվ ԵԱՔԴ/0097/01/14 քրեական գործով հաստատված հանցագործությամբ իրեն պատճառված վնասի չափի հետ: Ավելին, նշված քրեական գործի շրջանակներում Կ. Ալեքսանյանը բազմիցս, թե նախաքննության ընթացքում եւ թե դատարանում, ինչը հաստատվում է 15.06.2015թ. դատավճռով, նշել է, որ.

Իր մայրն իրենց բարեկամ Անուշիկից տեղեկացել է, որ Զեյթուն թաղամասում կառուցվող շենքում բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն կա շահավետ պայմաններով, ու այդ գործը անում է Զեյթունում բնակվող ոմն Ռիտա անունով մի կնոջ ընկերուհի: Իր մայրը վերցրել է այդ Ռիտայի հեռախոսահամարը ու զանգահարել Ռիտային, որն էլ առաջարկել է հանդիպել եւ զրուցել: Ինքը Լ. Խաչատրյանին եւ Ռ. Խանումյանին տվել է 1.250.000 ՀՀ դրամ, որից հետո մայրը պահանջել է, որ նրանք ստացական գրեն, իսկ վերջիններս հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա ու Ռ. Խանումյանը գրել է պարտավորագիր: Նշել է նաեւ, որ առ այսօր ինքը թե Ռ. Խանումյանից, թե Լ. Խաչատրյանից չի ստացել ոչ գումար, ոչ էլ բնակարան: Նշված դատավճռով Կ. Ալեքսանյանի կողմից քաղաքացիական հայց ներկայացնելու վերաբերյալ որեւէ նշում չկա: Ինչպես տեսնում ենք, քրեական գործով հաստատված հանգամանքները էականորեն տարբերվում են Կ. Ալեքսանյանի կողմից մատնանշված քաղաքացիական գործի հանգամանքներից, քանի որ քրեական գործի շրջանակներում վերջինս հայտնել է, որ իրեն պարտավորագիր տվել է ոչ թե Լաուրա Խաչատրյանը, այլ Ռիտա Խ.-ն եւ քրեական գործի շրջանակներում իր պահանջը ուղղված է եղել ոչ թե Լաուրա Խաչատրյանին, այլ նաեւ Ռիտա Խ.-ին, որին Կ. Ալեքսանյանը սույն հարցի քննարկմանը գերադասել է չանդրադառնալ՝ հաշվի առնելով նրանց բարեկամների միջեւ ունեցած հարաբերությունները եւ պարտավորության ամբողջ մեղքը բարդում է Լ. Խաչատրյանի վրա՝ դրանով փորձելով արհեստական խոչընդոտներ ստեղծել Լ. Խաչատրյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցում»,-ասում է Գ.Գրիգորյանը:

Սա այն դեպքն է, երբ տուժողը միշտ չէ, որ ճիշտ է: Ըստ վերաքննիչ բողոքում մատնանշված հանգամանքների՝ թիվ ԵԱՆԴ/0884/02/12 քաղաքացիական գործով կայացված 2012թ. նոյեմբերի 1-ի վճիռը կայացվել է հօգուտ տուժողի, քանի որ ըստ բողոքաբերի՝ դատարանը հաստատված է համարել պարտավորությունը եւ դրա չափը համաձայն ԵԱՔԴ/0097/01/14 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած հաստատված հանգամանքների: Մինչդեռ, թիվ ԵԱՔԴ/0097/01/14 քրեական գործով դատավճիռը կայացվել է միայն 15.06.2015թ.-ին, իսկ բողոքարկումներից հետո օրինական ուժի մեջ է մտել 18.02.2016-ին՝ վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից որոշում ընդունելու պահին, ուստի, քաղաքացիական գործով 2012թ. նոյեմբերի 1-ին կայացված վճիռը չէր կարող շոշափել 18.02.2016թ. քրեական գործով կայացված դատավճռով հաստատված պատճառաբանությունները:
Նշեմ, որ ըստ գործի նյութերի, բողոք բերած տուժողը հայտարարել էր, թե դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման հիմք կարող է հանդիսանալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդությունը, որը, ըստ բողոքաբերի, կարող է ներկայացվել այն դեպքում միայն, երբ քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցները լինեն դրական: Ըստ Կ. Ալեքսանյանի, ԱՆ «Աբովյան» ՔԿՀ ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ, ուստի, Լ. Խաչատրյանի վերաբերյալ միջնորդություն չպետք է ներկայացվեր:

Պաշտպան Գ.Գրիգորյանի դիտարկմամբ, քանի որ պրոբացիայի ծառայության զեկույցը դրական էր, իսկ դատապարտյալը տվել էր գրավոր համաձայնություն, ուստի, քրեակատարողական ծառայությունը ընդունել է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ուղարկել դատարան, ինչը բխել է ՀՀ օրենսդրության պահանջներից եւ այս առումով եւս դատարանը որեւէ խախտում թույլ չէր տվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

01.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031