Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը որոշեց «հիշեցնել» իր մասին

Օգոստոս 02,2019 12:00

Սահմանին կրկին որոշակի լարվածության աճ կա

Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետեւանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը եւ վիրավորվել է եւս երկու զինծառայող:

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն անտեսում են այս տարի Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ստանձնած պարտավորվածությունները, հաջորդ օրը հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաեւ արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը եւ ձեռնպահ մնալ շփման գծում եւ պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից», – նշել էր Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ դատապարտում են մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղված վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Ըստ տարածած հաղորդագրության, ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ այդ գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ավելի ուշ պաշտոնական Բաքուն արձագանքեց Հայաստանում տարածված տեղեկատվությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա, միաժամանակ նշելով, որ քանի դեռ «ադրբեջանական հողերն ազատագրված չեն», նման միջադեպերի հավանականությունը բարձր է:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան, մասնավորապես, նշել է, որ այդ հարցում այլ մեղավորներ փնտրելը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն: «Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը ներկա են Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում, ցավոք, նման միջադեպերի հավանականությունը շատ բարձր է: Նման դեպքերը կանխելու միակ ճանապարհն է ապահովել Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»,- ասել էր Աբդուլլաեւան:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության որոշակի աճը վկայում է այն մասին, որ առաջիկայում եւ ադրբեջանական կողմը պարբերաբար «իրեն հիշեցնելու» քաղաքականություն է վարելու։

Վաղ թե ուշ, գալու էր այն ժամանակը, երբ պաշտոնական Բաքուն սեփական ժողովրդին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը պետք է ուղերձ հղի՝ հիշեցնելով ադրբեջանական պահանջների մասին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հունիս 29-ին համատեղ հայտարարություն տարածեց, որում Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը հայտնում էին, որ հունիսի 27-28-ը Վիենայում եւ Բրատիսլավայում հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Համանախագահները հայտնում էին, որ ներկայացրել են վերջերս տարածաշրջան կատարած իրենց այցի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ Մոսկվայում, Վաշինգտոնում ունեցած հանդիպումների արդյունքները: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները ողջունել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակումը: Միջնորդները կողմերին կոչ էին արել լրացուցիչ մարդասիրական հստակ քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ խաղաղության, առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտն ամրապնդելու նպատակով:

Հունիսի 28-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցել էին իրենց տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին եւ ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Բաքվում, ըստ ամենայնի, որոշել են ցույց տալ, որ գոհ չեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում տիրող իրավիճակից։ Հրադադարի խախտումներով, սադրիչ գործողություններով Ալիեւը փորձելու է ստուգել Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերը։ Կախված հայկական կողմի կեցվածքից՝ նա, թերեւս, ունի իր քայլերը։

Որո՞նք են լինելու հայկական դիվանագիտության քայլերը՝ միջազգային հանրության հետ աշխատանքում՝ ադրբեջանական կողմի գործողություններին ի պատասխան…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031