«Փաստաբանների մտահոգությունները կարելի է կիսել, եթե դրանց հիմքում արդարադատությունն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը`պատասխանելով հարցին` օրինաչափ չե՞ն փաստաբանների մի ստվար մասի մտավախությունները, ովքեր համախմբվել են`դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը պաշտպանելու համար. Դավիթ Գրիգորյանի հետ կատարվողը փաստաբանները համարում են նետված ձեռնոց`ողջ համակարգին:
Հիշեցնենք, սկզբում 50 փաստաբանների մասին էր խոսքը։ Դավիթ Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ արդեն շուրջ 100 փաստաբանների մասին է։
«Ես չեմ բացառում, որ այդ 50 կամ 100 փաստաբանների մի մասը ինչ-ինչ խնդիրներ է լուծում։ Մի բան հստակ է՝ փաստաբանների այս ակցիան ավելի շատ դեմոնստրացիա է հիշեցնում, քան՝ փաստաբանություն»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով. «Այս դեմոնստրացիան, ճիշտ է, փաստաբանության հետ կապ չունի, այն ավելի շատ երեկվա ու այսօրվա արդարադատության իրական վիճակի արդյունք է, բայց դատաիրավական բարեփոխումների ծրագրեր ունեցող իշխանությունների համար լուրջ եզրահանգումներ անելու առիթ կարող է հանդիսանա»։
Վարդան Հարությունյանի դիտարկմամբ, բնական է, որ միայն կայացած ու իրական արդարադատության պարագայում փաստաբանը կկարողանա դատարանում իրոք կողմ լինել, ինքնադրսեւորվել, ցուցադրել իր մասնագիտական հմտությունները եւ լուրջ դերակատարում ունենալ արդարադատության կայացման գործում. «Մենք միշտ ենք ունեցել իրենց կոչմանը հավատարիմ փաստաբաններ, որոնք անցած բոլոր տարիների ընթացքում պայքարել են, որ մեզանում լինի ու կայանա փաստաբանական ինստիտուտը, որ մեզանում լինի ու կայանա իրական արդարադատություն։ Գաղտնիք չէ, իհարկե, որ փաստաբանների մի հոծ զանգված, որպես դատավորի եւ մեղադրյալի միջեւ միջնորդ է պատկերացրել իր դերը։ Բայց միշտ էլ ունեցել ենք սակավաթիվ բացառություններ։ Խոսքս այս բացառությունների մասին է։ Նրանց մասին, ովքեր եւ այսօր, եւ անցած տարիների ընթացքում իրենց հստակ տեսակետն են ունեցել, ովքեր, որպես դատապաշտպաններ, ներգրավվել են քաղաքական դատավարություններում, ովքեր կարողացել են իրենց դեմքը ցուցադրել աղմուկ հանած քրեական գործերով։ Այս փաստաբաններով է նաեւ, որ պետք է կայանա մեր արդարադատությունը։
Կարդացեք նաև
Դատավոր Գրիգորյանի պաշտպանությանը լծված փաստաբաններից յուրաքանչյուրը պետք է մեկ կարեւոր հարցի պատասխանի՝ ստանձնելով այս դատավորի պաշտպանությունը ի՞նչ խնդիր է լուծում։ Պաշտպանում է մարդուն հենց կոնկրետ այս մեկ գործով, թե՞ Դավիթ Գրիգորյանը այն բացառիկ ու սակավաթիվ դատավորներից մեկն է, որը երբեւէ աչքի չի ընկել սուտ, կեղծ, հրահանգավորված դատավճիռների կայացմամբ, որն առանձնանում է իր սկզբունքայնությամբ, որը կարող է օրինակելի դատավոր համարվել եւ որին հարվածելով իշխանությունները հարված են հասցնում անկախ դատական համակարգին։ Եթե պատճառը սա է, եթե փաստաբանները պաշտպանելով այս արդարամիտ դատավորին, ըստ էության, անկախ դատական համակարգն են պաշտպանում տարատեսակ ոտնձգություններից, ապա ինձ համար հասկանալի ու գնահատելի է նրանց դեմոնստրացիան։ Իսկ եթե 50, 100․ կամ 200 փաստաբանները կոնկրետ այս մեկ քրեական գործի շրջանակներում են լծվել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությանը, ապա՝ հաջողություն նրանց, թող գնան ու ապացուցեն, որ այս դատավորը, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ իրականությանը չհամապատասխանող արձանագրություն չի կազմել ու գործին չի կցել»։
Նելլի Գրիգորյան