Ռազմական ոստիկանությունն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում վերակարգ է նշանակել, որպեսզի տարածքում վերահսկողություն իրականացնեն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով. «Այդ գործով զբաղվում են, բայց դեռեւս որեւէ բան հայտնի չէ: Կան որոշակի վարկածներ»:
Հիշեցնենք, որ այսօր Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Եռաբլուրից տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ապրիլյան պատերազմի հերոսների պղծված շիրմաքարերը՝ սեւ ներկ հիշեցնող նյութի հետքերով:
https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/videos/10220537939306528/
Լուրը լսելուն պես Եռաբլուր-պանթեոն են շտապել զոհված տղաների հարազատները, այլ քաղաքացիներ, որոնք սկսել են մաքրել գերեզմանաքարերը:
«Չեմ կարողանում հասկանալ՝ ով է արել, ինչի համար է արել: Ես մինչեւ գնացի, որդուս շիրմաքարն արդեն մաքրել էին: Մտածում էինք սեւ ներկ է, բայց հետո պարզվեց, որ սեւ հալեցրած մոմ է: Ոչ մի բացատրություն չունեմ կատարվածին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ իրավապահները պետք է հետեւողական լինեն, որպեսզի հանցագործները հայտնաբերվեն եւ պատժվեն: Տիկին Ներսիսյանի խոսքով, սա արդեն որերորդ ոտնձգությունն է Եռաբլուր-պանթեոնի նկատմամբ: Նա հիշեցրեց այս տարվա ապրիլի 2-ի դեպքը, երբ Եռաբլուր եկած ավտոմեքենայի ապակիներն էին կոտրել, գողություն արել. «Սկզբում մտածում էի, որ հնարավոր է երեխաների ձեռքի գործը լինի, բայց հետո մտածեցի՝ ինչո՞ւ պետք է այդպիսի բան անեն: Չէ՞ որ դպրոցներում նրանց այդքան կրթում են, ասում, որ Եռաբլուրը սրբավայր է: Չգիտեմ տարբեր վարկածներ են ասում, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»:
Տիկին Ներսիսյանի խոսքով, այս ամենից մնաց այն, որ երկրորդ անգամ ծնողներին ցավ պատճառեցին: Տիկին Համեստի համար այդպես էլ մութ է մնում, թե ինչո՞ւ հենց ապրիլյանի զոհերի նկատմամբ է դա կատարվել, բայց նաեւ լսել է, որ այլ գերեզմանատներից էլ տեղեկություններ են ստացվել,որ կրկին շիրմաքարեր են պղծվել՝ նույն եղանակով:
Aravot.am–ի տեսախցիկը ֆիքսեց, որ այս պահի դրությամբ զոհված զինվորների շիրմաքարերն արդեն մաքրված են:
Լուսանկարները՝ շուտով:
Ինչպես ՀՅԴ երիտասարդների միությունից են հայտնել, այսօր ժամը 20-ին, դաշնակցական երիտասարդները Եռաբլուրում կկազմակերպեն մոմավառություն: Երիտասարդները նաեւ պատրաստակամություն են հայտնել շուրջօրյա հերթապահություն իրականացնել պանթեոնի տարածքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ