Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւ Պետրոսյան. «Երբ Տիգրանին ունեցա, սկսեցի դառնալ մարդ» (տեսանյութ)

Օգոստոս 01,2019 23:00

Երեւանի սրտում` Տերյան 19/32 հասցեում է գտնվում «Արեւ» արտ ցուցասրահը, որտեղ էլ հանդիպեցինք նկարչուհի Արեւ Պետրոսյանին: Նա «Առավոտի» «Հաջողության պատմություն» շարքի հերթական հյուրն է:

Արեւ Պետրոսյանն ասում է, որ հստակ որեւէ խորհուրդ չի հիշում ծնողներից (Բենիկ Պետրոսյանից եւ Ալիս Ադամյանից), բայց կյանքի կայացման կարեւոր փուլում բոլոր հարցերի պատասխանն ուղղվել է առ այն, որ որոշումներում լինի ազնիվ, գործողությունների մեջ` մտածող եւ արագ: Ասում է, որ ծնողներն իրեն միշտ ուղղորդել են ստեղծագործ լինել եւ իրենց օրինակով են ցույց տվել, թե ինչպես պետք է ապրել:

Խոսելով ոգեւորության եւ հիասթափության պահերի մասին` Արեւ Պետրոսյանն ասում է. «Ժամանակին կարող էի ասել, որ ինձ կարող է ոգեւորել կամ հիասթափեցնել եղանակը, քամին, սերը…Բայց երբ մի քիչ ավել ժամանակ է անցնում, հասկանում ես, որ կարող ես ոգեւորվել ինքդ քեզանից եւ հիասթափվել ինքդ քո սխալներից…Հասկանում ես, որ ամբողջ կյանքի գույների սինթեզը կատարվում է հենց քո ներսում, եւ չկա որեւէ բան, անձ , էակ, որը կարող է փոխել կամ տալ քեզ ոգեշնչում»:

Արեւ Պետրոսյանի ընտանիքը:

Միշտ կայտառ ու կենսուրախ մարդու տպավորություն թողնող նկարչուհին հավելում է, որ սիրում է լռություն, երբեմն գերադասում է լինել մենակ, բայց մի բանում վստահ է` ինքն ունի մարդկանց դրական լիցքեր հաղորդելու առաքելություն. «Ես պետք է դուրս գամ, տխուր մարդկանց ժպտամ, որ իրենք էլ ժպտան ու շարունակեն իրենց օրվա հաջորդ մասը»:

Եղբոր` ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ:

Ընկերության մասին էլ խոսեցինք: Արեւ Պետրոսյանն ասում է, որ տարբեր ընկերներ ունի` եւ տարիքային, մասնագիտական առանձնահատկությունների եւ բնավորության առումով, սակայն բոլորին կապում է այն, որ կրում են նույն արժեքները, ինչ ինքը:

Որդու` Տիգրանի հետ:

Զվարճալի դրվագների էլ անդրադարձանք: «2005-ին ցուցահանդես էի բացել նկարիչների միությունում, երեկո էր, արդեն վերջում սպառված թռչնի պես էի, առավոտյան թարմությունը միայն հագուստիս մեջ էր երեւում: Երբ վերջին պահին երազում էի, որ բոլորը դուրս գան, կոշիկներս հանեմ, տպավորություններս փորձեմ մարսել, մի խումբ մտավ…Նրանք սկսեցին շրջել ու ցուցահանդեսը նայել, հասկացա, որ Վրաստանից են: Նրանք սկսեցին հարցեր տալ, ես էլ ոգեշնչվեցի, սկսեցի պատասխանել: Մեկ էլ մի կին հարցրեց, թե ով է նկարիչը…այսքան մեծ նկարներ, մեծ մտածելակերպ: Ես կարծում էի, որ ամբողջ ընթացքում իրենք հասկացել են, որ հեղինակը ես եմ: Այդ հարցից հետո խեղճացա, ավելի փոքրացա եւ ասացի` ես եմ: Կինը զարմանքով նայեց ինձ ու հարցրեց` դո՞ւ… Հետո կանչեց մյուսներին, թեեւ եկեք ահա հեղինակը…բոլորն եկան, հավաքվեցին ու գրկեցին ինձ…Միշտ պատրաստ եմ, որ այդպիսին պետք է լինի ռեակցիան, որովհետեւ նման դեպքեր շատ են եղել»,-ժպտալով պատմեց նկարչուհին:

Մեր զրույցի ընթացքում անկեղծացավ, որ խոհանոցում շատ չի լինում, որովհետեւ գերադասում է այդ ժամանակը մի լավ կտավի վրա ծախսել: Բայց եթե մի առանձնահատուկ երեկո է, սիրելի տղամարդու, թանկ մարդու համար պետք է պատրաստի, ապա դա կանի արվեստով եւ սիրով:

Մայրիկի հետ:

Իր ամենաթանկ նվերը համարում է որդու` Տիգրանի ծնունդը: «Մի տեսակ փոխվեցի, դարձա ուրիշ մարդ…Դա կյանքի կամ աստծո նվերն էր, երբ մայրացա, Տիգրանին ունեցա…Այդ ժամանակվանից սկսեցի դառնալ մարդ…Մինչ այդ ինչ-որ էակ էի, որը ծնվել, ապրում էր, փորձում էր ստեղծագործել, բայց իմ գոյության արժեքը, իմաստը հասկացա այն ժամանակ, երբ ունեցա Տիգրանին»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Քանի որ Արեւ Պետրոսյանը անվանի քանդակագործ, մանրաքանդակի մաեստրո Բենիկ Պետրոսյանի դուստրն է, հարցրինք` Պետրոսյան ազգանունը պարտավորեցնո՞ղ է: «Եվ այո, եւ ոչ…Ճիշտ այնպես, երբ այն ժամանակ ինքը կար, ճիշտ այնպես, երբ մենք ապրել ենք ընտանիքում..Եվ պարտավորեցնում է այն փաստը, որ ինքը խիստ էր, եւ միաժամանակ ազատ էինք, որովհետեւ ինքն արվեստագետ էր եւ միշտ հաշվի էր առնում արվեստի` մեր զարգացող մարդու տեսակը…Անշուշտ, պարտավորեցնող է Պետրոսյան ազգանուն կրելը եւ իմանալը, որ Բենիկ ՊԵտրոսյանը ոչ միայն քո հայրն է, այլեւ մեծ անուն ազգի համար: Բայց, կրկնում եմ` մյուս կողմից շատ մեծ է իմ ստեղծագործելու ազատությունը, զարգանալու ազատությունը, որովհետեւ դու չես կարող կառչել ազգանունից եւ առաջ չգնալ»,-պատասխանեց Արեւ Պետրոսյանը:

 Հարցազրույցն ամբողջությամբ ՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Արեւ Պետրոսյանի անձնական արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031