Երեւան քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանը նամակով դիմել էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, որը ժամանակին նման կոչ էր արել .«Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել»:
Քաղաքացու նամակում, մասնավորապես, ասվում էր.
«Հարգելի տիկին Նազարյան, ականջալուր լինելով Ձեր կոչին, հավատալով , որ վերջապես փորձում ենք ունենալ արդար , անկողմնակալ դատարան, խնդրում եմ Ձեր ուշադրությանը և հսկողությանը ենթարկել թիվ ԵԱՆԴ/5228/02/15/քաղաքացիական գործով դատարանի կողմից կայացրած վճիռը , որն իրականացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից: Նշված վճռում դատավորը հակընդդեմ հայցվորների պահանջը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր: Տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից, ավելին՝ դատավճիռը կայացվել է ենթադրությունների հիման վրա:
Այս ապօրինի վճռի դեմ բողոք եմ ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան , Վճռաբեկ դատարան, ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Ա. Զեյնալյանին , ԲԴԽ-ի արդեն նախկին նախագահ Գ . Հարությունյանին ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սահմանելու վերաբերյալ: Սույն գործը եղել է նաև մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում : Սակայն ոչ մի արդյունքի ցավոք չհասանք, գուցե ժամանակնե՞րն էին ուրիշ: Բողոքով դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն, որ ԵԱՆԴ/ 5228/02/15 քաղաքացիական գործով դատարան են ներկայացվել կեղծ ապացույցներ և ստացել որոշումը , ըստ որի, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժինը վարույթ է ընդունել թիվ 17160619 քրեական գործը և այն մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր –Նորք վարչական շրջանների դատախազ Վ. Միլիտոնյանին և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնակատար ոստիկանության մայոր Ռ. Պողոսյանին:
Կարդացեք նաև
Ուզում ենք հավատալ, որ այս անգամ օբեյկտիվ ու արդար քննություն կանցկացվի՝ ի տարբերություն դատարանի, նաև հույսեր ենք փայփայում հեղափոխության և հատկապես՝ սկսված դատաիրավական բարելավումների գործընթացի հետ»:
Ինչպես տեղեկացնում է քաղաքացին՝ երեկ նա հանդիպել է ԱԺ փոխխոսնակ տիկին Նազարյանի և նրա աշխատակազմի իրավաբան փորձագետ Ժանետտա Աթոյանի հետ, եւ նրանց է ներկայացրել դատարանի որոշման ապօրինությունն ապացուցող փաստաթղթերի ողջ փաթեթը: Ըստ Կարեն Խաչատրյանի՝ տիկին Նազարյանը երկար լսելուց , հարցեր ուղղելուց հետո խոստացավ, որ իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի արդարությունը վերականգնելու համար: