Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «ԱԱԾ տնօրենին շնորհակալություն եմ հայտնել, որովհետեւ իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք»

Օգոստոս 01,2019 15:08

Գյումրու ավտոմաքսատունը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նիստին հաստատված որոշմանը:

Այսօր նիստում որոշում կայացվեց  181 միլիոն դրամ եւ 21,5 հա հող հատկացնել  պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն եւ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:
Անանյանը ճեպազրույցում ասաց, որ ավտոմեքենաների աննախադեպ հոսքեր են սպասվում, եւ  մինչեւ հոկտեմբեր կավարտեն աշխատանքները,  պետք է որ հենց հոկտեմբերից էլ  գործի: Անանյանի ներկայացմամբ՝ Գյումրին՝ իր աշխարհագրական դիրքով, շատ հարմար է ավտոմաքսատան համար:

Լրագրողները հետաքրքրվեցին Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպից: Նախ՝ քաղաքացու ինքնավնասման փորձի մասին. Անանյանն ասաց մաքսային ծառայողների օրինական պահանջին քաղաքացին ընդդիմացել է  եւ դիմել ինքնավնասման: ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ ՊԵԿ աշխատակիցները քաղաքացուն  տեղափոխել են Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց, այնտեղ բուժօգնություն ստանալուց հետո նա իր ներմուծած բեռն ամբողջ ծավալով ձեւակերպել է.«Հնարավոր է դա հոգեվիճակից բխող արարք լիներ: Նա վերցրել է բեռն ու գնացել»:

Անանյանն ասաց, որ այդ ընթացքում, երբ մաքսային ծառայողները բոլորը զբաղված են եղել տվյալ քաղաքացու խնդրով կամ նրանց  ուշադրությունը շեղվել է, շատ քաղաքացիներ, օգտվելով իրավիճակից, ինչպես Անանյանն ասաց, բեռները փախցրել են.«Կարծում եմ, մեկը մյուսի հետ կապ չունի: Դա չէին կազմակերպել, որ կարողանային բեռներ տանել, բայց ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրան, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք օգտվում են իրավիճակից»:

Անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետի մյուս միջադեպին, երբ, ըստ  լրատվամիջոցներից մեկի հրապարակման, մաքսային ծառայողները քաղաքացու են ծեծի ենթարկել, Անանյանն ասաց՝ քննություն է ընթանում, կան տեսաձայնագրություններ, քննությունը կպարզի: Անանյանը վստահեցրեց՝ մաքսային ծառայողները  գործել են օրենքի շրջանակում :

Վերջին շրջանում ՊԵԿ համակարգում կոռուպցիոն գործարքների բացահայտումներին էլ անդրադառնալով եւ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կոռուպցիոն դրեսեւորումները շարունակվում են, արդյոք նոր Հայաստանում հնարավո՞ր չէ վերացնել դա, Անանյանը պատասխանեց.« Չեմ կարծում, թե կգա մի օր, որ ինձ կամ ՊԵԿ այլ ղեկավարի կհարցնեք՝ կա՞ կաշառակերություն մեր համակարգում, եւ նա ինքնավստահ կասի՝ միանշանակ՝ չկա»:

Անանյանն ասաց, որ համագործակցում են ԱԱԾ-ի հետ, եւ ինքն այդ բացահայտումների համար շնորհակալություն է հայտնել ԱԱԾ տնօրենին.«Որովհետեւ իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք, ինքնամաքրվում ենք»:

ՊԵԿ նախագահի խոսքերով՝ «Կան առանձին կաշառակերության դեպքեր, որոնց դեմ պետք է անաչառ պայքար մղենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031