Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Մկրտչյանի պատվերով գրված պիեսի, հոգեհարազատների հանդիպման ու «Նռանէ»-ի մասին

Օգոստոս 01,2019 18:00

Հարցազրույց «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյանի հետ

– Ո՞րն է «Նռանէ»-ի առանձնահատկությունը, եւ գործունեության ընթացքում թատրոնը հատկապես ի՞նչն է շեշտադրում:

– Թատրոնի առանձնահատկությունը իր ժանրի մեջ է, որպես այդիսին՝ մանկապատանեկան թատրոն Հայաստանում չկա: Կան մանկական եւ պատանեկան թատրոններ, «Նռանէ»-ն սինթեզում է տարիքային երկու խմբերը՝ մշակելով համապատասխան խաղացանկային քաղաքականություն: Հենց այդ խաղացանկային քաղաքականությունն է շեշտադրվում՝ ժամանակին համահունչ ասելիքը, որը շատ կարեւոր է:

– Ներկայացումներ, միջոցառումներ, որ հատկապես կուզենայիք առանձնացնել:

– Միջոցառումները շատ են, ընդ որում՝ արվեստի տարբեր բնագավառներում: Օրինակ՝ վերջերս որպես Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ եւ հայաստանյաց պատվիրակ՝ Սիսիանում էի՝ իմ գլխավորած պատվիրակությամբ մասնակցելու Համահայկական գրողների միության կողմից կազմակերպված, Համո Սահյանին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաեւ մեր թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է ներկայացումներին, այս տարին մեզ մոտ հռչակված է թումանյանական: Թումանյանական հեքիաթների բեմականացումներով շրջում ենք մարզերում: Հեռավոր շրջանների փոքրիկ հանդիսատեսին հասցնելով թումանյանական հեքիաթների խրատները կենդանի խոսքով: Ներկայումս խաղացանկում ունենք «Սուտասանը» եւ «Անխելք մարդը» ներկայացումները, իսկ առաջիկայում արդեն երեւանյան հանդիսատեսի համար պատրաստվում ենք բեմականացնել մի քանի հայտնի հեքիաթների համադրմամբ պիես: Առաջիկայում ունենք եւս մեկ պատասխանատու միջոցառում՝ խորհրդահայ նշանավոր դրամատուրգ Գեւորգ Սարգսյանի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ցերեկույթն է եւ վերջինիս «Թակարդներ երիտասարդ զույգի համար» կատակերգությունների ժողովածուի շնորհանդեսը, որը ծրագրում ենք իրականացնել օգոստոսի 17-ին:

– Որեւէ տպավորիչ դրվագ կպատմե՞ք թատրոնի կամ յուրահատուկ հանդիսատեսի հետ կապված:

– Թատրոնի առօրյան ինքնին տպավորիչ է եւ շատ գունեղ: Գրեթե ամենօրյա շրջագայություններ, տարբեր հանդիպումներ, սակայն ինչ-որ դեպք առանձնացնելն այս դեպքում շատ դժվար է:

– Խնդրում եմ պատմեք օգոստոսի 17-ին կայանալիք ցերեկույթի եւ կատակերգությունների ժողովածուի մասին:

– Գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, վաղուց է պատրաստ տպագրության եւ նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին, քանի որ ժողովածուում տեղ գտած պիեսներից մեկը՝ «Թե ինչպես Պաղտասար աղբար բաժնվեցավ Անույշեն», գրվել է Մհեր Մկրտչյանի պատվերով եւ ըստ էության պարոնյանական «Պաղտասարի» շարունակությունն է: Թատրոնը անվանի գրողի հոբելյանին ընդառաջ որոշեց իրականացնել գրքի տպագրությունը, որին մասնակցեցին նաեւ գրական աշխարհի ներկայացուցիչ մի շարք անհատներ՝ աջակցելով տպագրության արագ եւ անխոչընդոտ իրականացմանը: Միջոցառումը ըստ էության հոգեհարազատների հանդիպում է, ներկա կլինեն գրողի ընկերները, գործընկերները, թատերական եւ գրական աշխարհի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես կգան նաեւ Կալիֆոռնիայի հայ գրողների միության եւ Համահայկական գրողների միության եւ շատ այլ ստեղծագործական միավորումների ներկայացուցիչներ:

– Առաջիկա ծրագրերի ու տեսլականի մասին:

– Առաջիկայում ծրագրում ենք համալրել թատրոնի խաղացանկը ինչպես արդեն հայտնի հեքիաթների բեմականացումներով, այնպես էլ ժամանակակից հեքիաթագիրների ստեղծագործություններով: Բարեկամության հուշագրեր ենք կնքում եւ շարունակելու ենք կնքել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, թատրոնների եւ այլ մշակութային կազմակերպությունների հետ, եւ այս ամենը մշակութային բարեկամության շրջանակներում:

Զրուցեց ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031