Այսօր կառավարության նիստին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով Եգիպտոսից Հայաստան չկայացած չվերթներին, ասաց, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել դեպի Եգիպտոս ուղեւորափոխադրումների շուկայում, դիմել է բոլոր ավիաընկերություններին՝ գնագոյացման, ծառայությունների մատուցմանն առնչվող խնդիրները պարզելու համար։
Այս ուսումնասիրությունների արդյունքում, ըստ Գեւորգյանի, մի կարեւոր հանգամանք է պարզվել. «Այս ավիափոխադրողներն ու տուրփաթեթները փոխկապակցված շուկաներ են, եւ խնդիրը, մեր ունեցած օպերատիվ տվյալներով, հենց այստեղ է, որովհետեւ շատ հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է գնում, եւ այստեղ պետք է բացահայտենք նաեւ՝ արդյոք հյուրանոցների համար փաթեթները ներառո՞ւմ են ամբողջական ծախսերը, թե՞ ոչ, որովհետեւ, մենք ունենք տեղեկություն, որ հաճախ, որոշակի հարկային պարտավորությունից խուսափելու միջոցով, ստանում են առավելություն, եւ որոշակի դեմպինգային քաղաքականություն է տեղի ունենում: Այսինքն՝ տոմսը, փոխադրումը եւ հյուրանոցի ծախսն ամբողջական փաթեթով են վաճառում եւ որոշ տեղերում հյուրանոցի վճարը կանխիկ են վճարում: Այս պարագայում խուսափում են հարկերից, ստանում են զեղչեր: Այս իրավիճակում «Էյր Կաիրո»-ն զբաղեցնում է 40%-ը, «Ֆլայ Իջիպտ»-ը` 24%-ը եւ այլն»:
Գեւորգյանն ասաց, որ դիմել են այդ ընկերություններին՝ ստանալու տեղեկատվություն՝ ինքնարժեքի եւ գնի ձեւավորման, ծառայությունների ամբողջ գործընթացի վերաբերյալ.«Կարճ ժամանակում կունենանք փաթեթը, եւ խնդիրն ամբողջությամբ կներկայացնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև