Մասնավոր հատվածը և կառավարությունները պետք է անհապաղ ներդնեն ընտանիքամետ քաղաքականություններ, որոնք կնպաստեն երեխաների առողջ զարգացմանը, ինչպես նաև՝ աշխատավայրում ծնողների հաջողության հիմք կհանդիսանան:
«Ընտանիքամետ քաղաքականություն. ձևավորելով ապագայի աշխատավայրը» հայեցակարգում նշվում է, որ վճարվող ծնողական արձակուրդների, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումների, երեխայի նպաստների և հասանելի ու որակյալ խնամքին վերաբերող քաղաքականությունները դեռևս աշխարհում հասանելի չեն ծնողների ճնշող մեծամասնությանը:
Հայեցակարգը ներառում է հետևյալ 4 առաջարկությունները՝
1. Ծնողների համար վճարովի արձակուրդ: Առնվազն վեց ամիս համատեղ վճարովի արձակուրդ բոլոր ծնողների համար, որոնցից 18 շաբաթը պետք է տրվի մայրերին: Կառավարությունները և մասնավոր հատվածը պետք է ձգտեն մինչև 12 ամիս համատեղ վճարովի արձակուրդ տրամադրել:Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, վճարովի մայրական արձակուրդը մեկ ամսով ավելացնելը 13 տոկոսով նվազեցրել է մանկական մահացությունը: Բարձր եկամուտ ունեցող երկրներում ծնողների համար վճարովի արձակուրդի յուրաքանչյուր լրացուցիչ շաբաթ ավելի քան 4 տոկոսով նվազեցնում է միայնակ մայրերի՝ աղքատության մեջ ապրելու
Կարդացեք նաև
հավանականությունը: Վեցամսյա վճարովի ծնողական արձակուրդները նաև նպաստում են բացառապես կրծքով կերակրմանը: Ծնողների համար վճարովի արձակուրդը նաև նպաստում է աշխատակազմի հոսունության ցուցանիշի, անձնակազմի համալրման և ուսուցանման ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև՝ փորձառու մասնագետների պահպանմանը: Այն երկրներում, որտեղ նմանատիպ քաղաքականություններն արդեն առկա են մի քանի տասնամյակ, աճել է կանանց զբաղվածությունը և հանգեցրել մեկ շնչի համար համախառն ներքին արդյունքի 10-20 տոկոսանոց աճի:
2. Կրծքով կերակրման աջակցություն: Աշխատաժամերի ընթացքում կրծքով կերակրման համար նախատեսված կանոնավոր ընդմիջումները նպաստում են կրծքով կերակրմանը և պայմաններ են ստեղծում կաթիկ կթելու համար, իսկ կրծքով կերակրման համար հարմարավետ միջավայրը, որը ներառում է անհրաժեշտ բոլոր հարմարությունները, թույլ է տալիս մայրերին աշխատանքի վերադառնալուց հետո էլ շարունակել կրծքով կերակրել երեխային կամ բացառապես կամ հավելյալ սննդին համատեղ:
3. Երեխաների համընդհանուր խնամք: Երեխաների մատչելի և որակյալ խնամքի համընդհանուր հասանելիություն՝ սկսած ծնողական արձակուրդի ավարտից մինչև երեխայի առաջին դասարան ընդունվելը, այդ թվում՝ փոքր երեխաների համար նախախնամք և հետխնամք, ինչպես նաև՝ նախնական խնամքի առաջնային ծրագրեր: Այն երեխաները, ովքեր ստանում են որակյալ և զարգացմանը նպաստող վաղ մանկական խնամք, ավելի առողջ են, ավելի լավ են սովորում, դպրոցներից դուրս չեն մնում, ինչպես նաև՝ չափահաս տարիքում ստանում են ավելի բարձր եկամուտ: Երեխայի խնամքի համար նախատեսված ծառայություններն անչափ կարևոր են կանանց հզորացման համար և թույլ են տալիս ծնողներին կատարել իրենց աշխատանքային պարտականություններն ու ձգտումները, իսկ տանը կատարել իրենց ծնողական պարտավորությունները:
4. Երեխայի նպաստ: Ընդլայնել բոլոր երեխաների համար դրամական նպաստների ծածկույթը՝ սկսած ամենափոքր երեխաներից մինչև՝ բուհական վարձի հատուցում: Երեխայի նպաստները պետք է լինեն բոլոր երկրների սոցիալական պաշտպանության համակարգի մասը:
«Ընտանիքամետ քաղաքականությունների օգուտները շատ ավելին են, քան դրանց ներդրման ծախսերը՝ ավելի ամուր առողջություն, աղքատության նվազում, բիզնեսի արդյունավետության բարձրացում և տնտեսական աճ», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Հօգուտ մեր ընտանիքների ներդնելը ոչ միայն խելամիտ սոցիալական քաղաքականություն է, այլև՝ խելամիտ տնտեսական քաղաքականություն»:
ՅՈՒՆԻՍԵՖ