Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ 2016թ. ապրիլին ծավալված գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, որը ուսումնասիրում է 2016 թվականի Ապրիլյան քաոօրյա պատերազմի հանգամանքները, երիտասարդները շատ են, իսկ զինվորականներ ընդհանրապես չկան ներառված։ Պատերազմի բովով անցած գեներալ-մայորը կարծում է, որ իսկապես ճիշտ է ուսումնասիրել պատերազմի բոլոր «բացերը», բայց պատժել ինչ-որ մարդկանց այնքան էլ ճիշտ չէ։
–Պարոն Տեր-Թադեւոսյան, խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները։ Հանձնաժողովում որոշել են ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք կարող են իրենց խորհուրդներ տալ գործի հանգամանքների բացահայտման համար։ Գուցե Դո՛ւք էլ Ձեր մասնակցությունն ունենաք այդ աշխատանքներին։ Տեղեկություններ կան, որ Ձեզ եւս ուզում են ներգրավել այդ աշխատանքներում։
–Անկեղծ ասած, ես հանձնաժողովի աշխատանքների, ուսումնասիրությունների մասին կասեմ ո՛չ դրական եւ ո՛չ էլ բացասական բաներ։ Ես ուղղակի կարծում եմ, որ հանձնաժողովում իսկապես պետք է մասնագետներ ներառվեն։ Ես չգիտեմ իմ մասնակցության մասին, բայց տեղյակ եմ, որ ՊՆ տարբեր ներկայացուցիչներ են ուզում ներառել այդ աշխատանքներին։ Տեսա նաեւ, որ Նորատ Տեր-Գրիգորյանցին են ուզում հրավիրել այդ հանձնաժողովի աշխատանքներին։
–Նորատ Տեր-Գրիգորյանցին ցանկանում են հրավիրել հանձնաժողովի աշխատանքներին, բայց վերջինս հայտարարել է, որ ինքը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, եթե այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում ինչ-որ անձինք կալանավորվեն։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
Կարդացեք նաև
–Իմ կարծիքով՝ իրենք պետք է որոշեն այդ հարցը, ես չեմ կարող որեւէ բան ասել։ Բայց ես կողմնակից եմ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրեն, քննեն, բայց մարդկանց դատելու համար չէ։ Ինչ սխալներ են արել, ինչ բացթողումներ են եղել պատերազմի ժամանակ, ես կարծում եմ, որ դրանք պետք է պարզել։ Իմ կարծիքով՝ հանձնաժողովում ջահելներ են, մասնագետները շատ քիչ են, զինվորականներ ընդհանրապես այնտեղ չկան, մի քանի հոգի են։ Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, ասել ճիշտը՝ որն է այդ դեպքում։ Բայց եթե ցանկություն կա ուսումնասիրելու, հանգամանքները բացահայտելու, կարող է հանձնաժողովն իրականացնել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում