Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, օգոստոսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում: Համերգներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Մասնավորապես, նվագախումբը ելույթով հանդես կգա օգոստոսի 10-ին, ժամը 20:00 Բերդ քաղաքում կայանալիք Մեղրի և հատապտուղների փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին Ջազ նվագախումբը հանդես կգա Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Նույն օրը՝ օգոստոսի 11-ին, ժամը 19:00 նվագախումբը հանդես կգա Նոյեմբերյանի մշակույթի տանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 18:00 էլ «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում Հաղարծին վանական համալիրի բակում տեղի կունենա նվագախմբի հաջորդ մարզային ելույթը:
Ջազ նվագախումբը մարզային համերգների ընթացքում կկատարի սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Որպես մենակատարներ հանդես կգան Կարինա Մելիքյանը (վոկալ), Սոնա Վարպետյանը (վոկալ), Գեորգի Բունեաթյանը (վոկալ), Ավագ Մարգարյանը (բլուլ զուռնա):
Կարդացեք նաև
Մարզային հյուրախաղերի ընթացքում կայանալիք բոլոր համերգների մուտքն ազատ է: Տարիներ շարունակ Ջազ նվագախումբը, իրականացնելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականության գործառույթներ և հանդես գալով բազմաթիվ մարզային շրջագայություններով, արդեն ունի մարզերում գտնվող իր հավատարիմ հանդիսատեսը, որը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու և ընդգրկվելու ջազ նախագծերում։ Շրջագայությունը միտված է նաև ջազ երաժշտության ունկնդիրների ավելացմանը:
Հայաստանի պետական ջազ նվագախումբ