Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վավերացվի էլ, միեւնույն է, չի գործի

Օգոստոս 01,2019 10:00

Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին է: Հայաստանում, սակայն, Եվրոպայի խորհրդի այդ փաստաթղթի շուրջ քննարկումը շեղվել է բուն թեմայից եւ ձեռք է բերել «ազգապահպան» բնույթ: Շատերը համոզված են, որ եթե կոնվենցիան վավերացվի, մեր ազգը եւ պետությունը կկործանվեն:

Ինչպես հայերի մեծամասնության, այնպես էլ անձամբ ինձ համար ընտանիքը կնոջ եւ տղամարդու միության արդյունք է, այդպես է գրված նաեւ Սահմանադրության մեջ, եւ ցանկացած օրենք կամ կոնվենցիա, որը կհակասի այդ թեզին, անընդունելի է թե՛ իրավական եւ թե՛ բարոյական տեսանկյունից: Իհարկե, կան այլ ազգեր, այլ երկրներ, որտեղ մեծամասնությունն ընտանիքի մասին այլ պատկերացում ունի: Ես դա չեմ համարում այլասերվածություն ՝ պարզապես այլ մշակույթի դրսեւորում է: Մեկը քրիստոնյա է, մեկը բուդդիստ, մի տեղ ընդունված է, որ կանայք հիջաբ կրեն, մի տեղ ընդունված չէ, որոշ երկրներում սիրում են տապակած ծղրիդ ուտել, այլ երկրներում չեն սիրում: Եվ ի՞նչ: Մենք կարո՞ղ ենք ասել, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ, մեկը լավ է, մյուսը վատ: Ամեն մի ազգ ապրում է իր պատկերացումներով, իսկ մեր, հայերիս, պատկերացումն ընտանիքի մասին հստակ է:

Բայց թող որեւէ մեկն ինձ ցույց տա Ստամբուլյան կոնվենցիայում որեւէ կետ, որը խոսում է միասեռական ամուսնությունների կամ «երրորդ սեռի» մասին: Այդ գոյություն չունեցող կետերը հնարել են մարդիկ, որոնք այդ կոնվենցիան չեն կարդացել, պարզապես լսել են ինչ-որ «ազգափրկիչ» խոսակցություններ: Մարդիկ տեսնում են ինչ-որ ակնարկներ, ինչ-որ տողատակեր: Օրինակ, ասվում է՝ քանի որ կոնվենցիայում խոսվում է ոչ թե ամուսինների, այլ զուգընկերների մասին, ուրեմն զուգընկերները կարող են լինել երկու կին եւ երկու տղամարդ: Ես, ճիշտն ասած, այստեղ նման խնդիր չեմ տեսնում: Շատ ավելի հավանական է, որ խոսքը զագսավորված եւ չզագսավորված զույգերի մասին է: Հայաստանում կոմունիստների ժամանակ կային եւ հիմա էլ կան հարյուրավոր նորմալ ընտանիքներ, որտեղ ծնողները երեխաներ են դաստիարակում, բայց իրենց հարաբերությունները պաշտոնապես չեն գրանցել: Նրանք, իրավական առումով, զուգընկերներ են:

Կամ ասում են՝ կոնվենցիայում կա sex հասկացությունը, այսինքն՝ սեռ ֆիզիկական առումով, բայց կա նաեւ gender-ը` սեռի հոգեբանական, սոցիալական ընկալումը: Բայց չեմ կարծում, որ ընտանեկան բռնության տեսանկյունից այդ նուրբ խնդիրը որեւէ կարեւորություն ունի: Սակայն ենթադրենք՝ այդ կոնվենցիայում կան այդ բոլոր խութերը: Այդ դեպքում կարելի է կոնվենցիան վավերացնել վերապահումներով կամ ընդհանրապես չվավերացնել՝ ինչպես ասում են, հեղափոխությունը դրանից չի տուժի:

Բայց եթե անգամ կոնվենցիան վավերացվի, այն, միեւնույն է, Հայաստանում չի գործի, որովհետեւ ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող հաղթահարել մեր տղամարդկանց «քյարթությունը»՝ «իմ կնիկն ա, իմ երեխեն ա, կուզեմ՝ կչռփեմ, կուզեմ՝ քացու տակ կքցեմ»: Ընտանեկան բռնություն Հայաստանում չի լինի միայն այն դեպքում, երբ տղամարդիկ կհասկանան՝ եթե սիրում ես կնոջը, նրան պետք է փայփայել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ինչպես Սահմանադրությունը, այլ ընդունված օրենքներին ենք վերաբերվում,նույնն էլ կվերաբերվենք ընդունված կոնվեցիային:Մեկ նկատառում.կոնվեցիան կոչվում է ստամբուլյան,ինչ է թուրքերը ընդունում են? նրա պահանջները՝կասկածում եմ….

  2. Լավատես says:

    ‘ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող հաղթահարել մեր տղամարդկանց «քյարթությունը»’
    Մեր տղամարդկանց «քյարթությունը» մեր ներքին ազգային գործն է, եթե մեզ հայերիս դուր չի գալիս մեր տղամարդկանց «քյարթությունը», բա էլ ինչի՞ն են սպասում մեր պատգամավորները, ո՞ւր են մեր տղամարդկանց «քյարթությունը» կանխարգելող մեր հայ օրենքները, բա ամոթ չի՞ մեր պատգամավորներին, որ մեր սեփական խնդիրները թողնում են միջազգային կառույցների հույսին, ուրեմն ինչքա՜ն էլի կան նման բացթողումներ մեր պատգամավորների կողմից, որ քաղաքացիները չգիտեն: Իսկ ո՞ւր են նայում իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք չեն աղաղակում մեր ներքին խնդիրների մասին ու չեն ստիպում պատգամավորներին օր առաջ օրենքներ ընդունեն ու խստորեն հետեւեն դրանց իրականացմանը: Իսկ ո՞ւր է նայում մեր հետախուզությունը, որը ժամանակին պետք է պատգամավորներին ու հասարակական կազմակերպություններին տեղեկացնի, որ պատրաստվում են այսինչ օրակարգով միջազգային ժողովներ, որ մեր պատգամավորներն էլ ժամանակ ունենան այդ օրակարգին համապատասխան մեր հայ իրականությանը համապատասխանող օրենքներ ընդունեն ու այդ միջազգային ժողովներին առաջարկեն արդեն մեր փորձով ապացուցված լավ օրենքները, վերջապես հո միշտ չե՞նք ուտելու ուրիշի ձեռքից, մի բանով էլ մենք պետք է մարդկությանը օգտակար լինենք:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Մեր (եւ ոչ միայն մեր) տղամարդկանց «քյարթությունը» զուտ կրոնական հիմք ունի: Աստվածաշունչը շատ պարզ ու հստակ է արտահայտվում կնոջ մասին. կինը համարվում է մի թերարժեք եւ «ոչ մաքուր» արարած, նա ընդամենը իր ամուսնու անլեզու կցորդն է՝ զուրկ տարրական իրավունքներից, ի սկզբանե հանցագործ ու մեղսագործ.

    — «… նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան: Եւ Ադամը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց:» (1 Տիմոթէոս 2:13,14)
    — «… ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը մարդուց. քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար:» (1 Կորնթ. 11:8,9)
    — «… կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ հնազանդ լինել, ինչպէս օրենքն էլ ասում է:» (1 Կորնթ. 14:34,35)

    Իհարկե՝ կան շատ ավելի «քյարթու» կրոններ, քան քրիստոնեությունը. օրինակ՝ մահմեդականությունը, որտեղ կինը սոսկ ծնելու հատկությամբ օժտված հարմարանք է, մի սովորական իր՝ համարյա թե ստրուկի կարգավիճակով:
    Բուդդիզմն այս առումով համեմատաբար տանելի է՝ տղամարդը եւ կինը ընդհանուր առմամբ իրավահավասար են: Բայց սա միայն թղթի վրա, իսկ իրականում կյանքում այստեղ եւս կնոջ դերը սահմանափակվում է հիմնականում ընտանիքով, բուդդիստ տղամարդիկ նունիսկ աղոթք ունեն, որով շնորհակալություն են հայտնում ճակատագրին, որ կին չեն ծնվել: Այնպես որ կնոջ դիսկրիմինիցիան այս կամ այն չափով բնորոշ է բոլոր կրոններին: Այլ բան սպասել միամտություն կլիներ, քանի որ բոլոր կրոնները ստեղծվել են նահապետական, հայրիշխանական, ի սկզբանե շովինիստական «արժեքների» հիման վրա…

    Կանանց նկատմամբ բռնության (եւ ընդհանրապես՝ բռնության) խնդիրը հնարավոր չէ լուծել ձեւական կոնվենցիաներով. «քյարթությունը» իր դիրքերը չի զիջի, քանի դեռ կա կրոնը՝ բռնության եւ այլատյացության հիմնական աղբյուրը…

  4. Լավատես says:

    Երբ իսկական հայերը կստեղծեն իսկական հայ կրոն ու բոլոր հայերը’ անկախ կրոնից, բարբառից ու ապրելավայրից, կդավանեն նաեւ մեր հայ կրոնը, որտեղ կնոջն աստվածացնում են, այդ ժամանակ էլ կանայք իրենք էլ հայ կրոնին համապատասխան կվերաբերվեն տղամարդուն, այսինքն’ ոչ միայն երկկողմանի սեր ու հարգանք, այլեւ մի նպատակ ու այդ նպատակը իրացնելու մեծ ձգտում ու մեծ աշխատանք: Թագավորին վայել է թագուհի կին ունենալ, իսկ թագուհի կնոջն էլ վայել է թագավոր ամուսին ունենալ, դրանով մենք կդառնանք թագավորական ազգ ու մեր երեխաներին էլ կտանք իսկական թագավորական դաստիարակություն ու կրթություն:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Երբ իսկական հայերը կստեղծեն իսկական հայ կրոն

    «Իսկական հայ» հասկացությունը պրիմիտիվ շովինիզմի բառապաշարից է՝ պառակտիչ ու վնասակար հայերի ու հայկական պետության համար…

    բոլոր հայերը’ անկախ կրոնից, բարբառից ու ապրելավայրից, կդավանեն նաեւ մեր հայ կրոնը,

    Անիմաստ ու տրամաբանությունից զուրկ ֆանտազիա: Իբր մեր գլխին եկածը քիչ էր, մի հատ էլ լրացուցիչ փորձանքի մեջ պիտի ընկնենք՝ «հայ կրոն» մոգոնելով…

    որտեղ կնոջն աստվածացնում են,

    Կնոջն «աստվածացնել» պետք չէ. ի տարբերություն «աստծո»՝ կինը իրական գոյություն ունի, առնվազն ենթակա է շոշափման: Բավական է եւ տղամարդուն հավասար իրավունքներ տալը: Իսկ դրա համար ոչ թե նոր կրոն է պետք, այլ դեն նետել ներկայիս կրոն(ներ)ը՝ իր(ենց) բոլոր անհեթեթությունների, նախնադարյան սահմանափակումների ու վայրենի «ադաթների» հետ միասին…

    դրանով մենք կդառնանք թագավորական ազգ

    Իհարկե՝ կդառնանք: Մենք ինչո՞վ ենք զիջում Մելանեզիայի փառապանծ կղզաբնակներին, որ չդառնանք: Նման կարգո-պաշտամունքներով էլ պապուասները դարձան «թագավորական ազգ»՝ զարմանահրաշ կոկոսյան ականջակալներով ու ծղոտե օդանավերով… 🙂

    • Լավատես says:

      Եթե հայերի մեջ թագավորական ազգ համարվում են պապուաս հայերը, ուրեմն իմ բոլոր գրածներս պապուաս հայերին էր վերաբերվում, մենք պետք է տարածենք մեր Հայք թագավորությունը մինչեւ հարազատ Պապուա Հայք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031