Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գաղափարների, նոր ծրագրերի մասին առայժմ խոսք չկա

Օգոստոս 01,2019 12:00

«Ծավալուն հարաբերություններ՝ ծավալուն օրակարգով», շեշտում է Զոհրաբ Մնացականյանը՝ թբիլիսյան հանդիպումների համատեքստում

Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Մանուկյանը:

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտգործնախարարն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորեցին նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ պարբերական հանդիպումների անցկացումը: Նրանք առանձնահատուկ ընդգծել են վիրահայ համայնքի կարեւոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարեւան եւ բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման առաջնահերթությունը:

Վրաստանյան այցի շրջանակներում վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մնացականյանն իր խոսքում նշել է, որ թեեւ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ, երկու երկրներին միավորում է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության օրակարգի, սեփական ժողովուրդների բարեկեցությանը նպաստող միջավայր ստեղծելու ընդհանուր շահը: Նա բարձր է գնահատել այն կամրջող դերակատարությունը, որ ունի վիրահայ համայնքը երկու երկրների, երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ երկկողմ օրակարգի առաջմղման գործում: «Անչափ կարեւոր է, որ դուք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, Վրաստանի հասարակական կյանքի մասնակիցներ, Վրաստանի բարեկեցության, զարգացման մասնակիցներ, նաեւ հանդիսանում եք ձեր արմատների, ձեր ինքնության պահապանը: Դուք նաեւ կարեւորագույն կամուրջ եք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջեւ՝ ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու գործում։ Բոլորս գիտենք, որ առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների որպես համայնք։ Սակայն իմ կարծիքով մեր համայնքների եւ, մասնավորապես, այս համայնքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սա ոչ թե ուղղակի մարդկանց խումբ է, որոնք տարին մի քանի անգամ կարող են հավաքվել միասին սուրճ խմելու համար, այլ հայ համայնքի կարողությունն արտահայտվում է իր ինստիտուցիոնալ կազմակերպման մեջ։ Մենք ունենք ինստիտուցիոնալ առումով մեր ինքնությունն արտահայտելու տարբեր ձեւեր»:
Վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում նա խոսել է վրաց գործընկերների հետ բանակցությունների եւ երկկողմ հարաբերությունների մասին: Լրագրողները նրան խնդրել էին տեղեկացնել, թե վրացի գործընկերների հետ ինչ հարցեր են քննարկվել, մասնավորապես, ԱԳ նախարարին հիշեցրել էին, որ հունվար-փետրվար ամիսներին խոսվում էր վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին, արդյոք դա օրակարգո՞ւմ է Հայաստանի եւ Վրաստանի, նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Զոհրաբ Մնացականյանը պարզաբանել է. «Այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին եւ Վրաստանին, եւ վստահ եմ` Դուք էլ հետեւել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջեւ շարունակվում են: Բնականաբար, մենք շատ ուշադիր հետեւում ենք եւ խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաեւ այսօր եւ շարունակում ենք հետեւել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»: Իսկ հարցին, թե դա մոտ ապագայի՞ խնդիր է, Մնացականյանը հավելել է. «Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետեւ բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա եւ ինչ առաջխաղացում կարող է լինել… իհարկե, հարցին հետեւելով եւ խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավելի չեմ կարող ասել»:

Մնացականյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ գոյություն ունի չափազանց լայն օրակարգ: «Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջեւ, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում եւ հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու եւ որեւէ սահմանափակում չունենք որեւէ պահի եւ ցանկացած ձեւով շփվելու առումով: Այս պաշտոնական այցի շրջանակներում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին եւ այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաեւ ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը: Այդ առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն եւ շահագրգռվածություն»:

Անշուշտ, Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններում վերջին ամիսներին տարբեր մակարդակներով հանդիպումներում ակտիվություն է նկատվել: Այնուամենայնիվ, նախաձեռնողական քաղաքականության, նոր գաղափարների առումով առայժմ հանրությանը հայտնելու նորություններ, ըստ ամենայնի, չկան, կամ, եթե նոր գաղափարներ կան, ըստ երեւույթին՝ դրանք դեռեւս քննարկման փուլում են:
Հայ-վրացական հարաբերություններում որոշակի աշխուժություն մտցնելուն են, թերեւս, ուղղված Մնացականյանի հետեւյալ մտքերը. «Մենք փորձում ենք էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով: Սա նույնպես բնականաբար այն հարցերից է, որին մենք անդրադարձել ենք ե՛ւ Վրաստանի նախարարի, ե՛ւ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երեւանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչեւ տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները եւ ծավալուն է օրակարգը, որը ձեւավորվել է մեր կառավարությունների միջեւ եւ արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում: Դրա հարցերը, եւ որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին եւ արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումների ժամանակ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

31.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031