Հինգ տարի առաջ հայրենի դատարանում մուտքագրվեց մի հայց, որն առնչվում էր անհիմն հարստացմամբ ձեռք բերվածը վերադարձնելու պահանջի հետ:
Հայցվորներ Խ. եւ Գ.-Կ. Թիթիզյանները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Լիբանանի քաղաքացի Գ. Կամարյանի՝ անհիմն հարստացմամբ ստացած 48 116 416 ՀՀ դրամ գումարը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցի պահանջը փոխվեց մի քանի անգամ. հայցվոր կողմը պահանջում էր անհիմն հարստացմամբ ստացած 111 703 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումարը, ապա՝ 131 111 ԱՄՆ գումար պահանջելով հայտնեցին, որ վճարումները կատարել են ԱՄՆ-ից փոխանցված ԱՄՆ դոլար գումարները ՀՀ դրամի վերածելով, եւ որ ԱՄՆ դոլար-ՀՀ դրամ փոխարժեքը տարիների ընթացքում եղել է անկայուն՝ ՀՀ դրամն անհամեմատ արժեզրկվել է:
Հայցվորների ներկայացուցիչները 2016 թվականի մարտին ներկայացրել են հայցի առարկայի փոփոխման՝ հայցապահանջի չափի ավելացման դիմում, որով խնդրել են Գ.Կամարյանին պարտավորեցնել վերադարձնել անհիմն հարստացմամբ ստացած 131 111 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը, ինչպես նաեւ 111 703 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ սկսած 2015 թվականի հունվարի մեկից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը, իսկ 19 408 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ սկսած 2016 թվականի հունվարի մեկից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը:
Կարդացեք նաև
Հայցվորների շնորհիվ մարզի պտղատու այգիները դարձել են բերքատու, պատասխանողն անհիմն հարստացել է, սակայն հրաժարվում է հայցվորներին վերադարձնել անհիմն հարստացումը:
Խոսքը 50,69 հա ընդհանուր մակերեսով այգու հողատարածքի, որը կազմված է գյուղատնտեսական նշանակության երեք առանձին հողամասերից եւ չորրորդ հողամասի հատվածի մասին է, որոնցից 14,29 հա է պատկանում պատասխանող Գ.Կամարյանին, իսկ մնացած երեք հողամասերը «Նորդ Հիլզ» ՍՊ ընկերությանը: Տարիներ առաջ պայմանագիր է կնքվել կողմերի միջեւ, որի համաձայն՝ կողմերը պարտավորվել են Արտամետ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 60,0 հա հողատարածքում կատարել բոլոր տեսակի հողային (գյուղատնտեսական) աշխատանքներ՝ քարհավաք, հարթեցում, տեղաձեւում, գծերի քաշում, փոսերի փորում, պարսպապատում, խորքային նասոսի տեղադրում, ծառատունկ: Հայցվորն ու պատասխանողը գումարային հատկացումները ըստ էության սկսել են 2006 թվականի հոկտեմբերի 30-ից: Ըստ պայմանագրի կողմերից մեկի՝ Անդրանիկ Մուրադյանի «ծախսերի տետրի», 2006 թվականի հոկտեմբերից մինչեւ 2009 թվականի վերջն ընկած ժամանակահատվածում հողատարածքի վրա կատարվել է 60 016 570 ՀՀ դրամի ծախս՝ 172 542 ԱՄՆ դոլարի ծախս, որից պատասխանողը վճարել է 33 000 ԱՄՆ դոլար: Ըստ քաղգործի, 15.04.2010 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Թիթիզյանների եւ Գ.Կամարյանի՝ որպես «գործատու» եւ ՀՀ քաղաքացի Արշավիր Գեւորգյանի՝ որպես «կառավարիչ», միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ պարագրաֆի համաձայն, Հայաստանի Արմավիրի մարզում գտնվող 61,5 հա եւ 40,1 հա սեփական հողատարածքներում, այգեգործության նպատակով կազմակերպում եւ իրականացնում է ծառատունկ եւ հարակից շինարարություն՝ հետագա 3-ից 4 տարվա ընթացքում ստեղծելով բերքատու այգիներ: Հայցվորների եւ Արշավիր Գեւորգյանի մասնակցությամբ ստեղծվել եւ 2012 թվականին պետական գրանցում է ստացել «Նորդ Հիլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը շարունակել է Արտամետ գյուղում գտնվող հողամասերի վրա պտղատու այգիներ հիմնելու աշխատանքը եւ զբաղվել է այգու մշակությամբ: 2010-2014 թվականների ընթացքում հողատարածքի վրա կատարվել է 119 878 590 ՀՀ դրամի ծախս: Կատարվել է 307 595 ԱՄՆ դոլարի վճարում, որից պատասխանողը վճարել է ընդամենը 15 342 ԱՄՆ դոլար: Պատասխանողի անհիմն հարստացումը կազմում է 87 189 ԱՄՆ դոլար: Ըստ դատարանում առկա գործի նյութերի, հողատարածքների մշակության համար կատարվել է ընդամենը 480 137 ԱՄՆ դոլարի վճարում, որից 431 795 ԱՄՆ դոլարը վճարել են Թիթիզյանները, իսկ 48 342 ԱՄՆ դոլարը՝ Գ.Կամարյանը:
Ուշադրության արժանի է այն, որ հսկայական գումարներ են պտտվել, սակայն հայցվորների եւ պատասխանողի միջեւ պայմանագիր չի կնքվել: Այգիները պտղատու են դարձել 2013-2014 թվականներին:
Ի դեպ, պատասխանող լիբանանցին ՀՀ-ում ունի կացության հատուկ կարգավիճակի անձնագիր, սեփականության իրավունքով անշարժ գույք: Պատասխանողը խնայել է միջոցներ, ավելացրել է իր գույքը հայցվորների հաշվին՝ առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ հայցվորների հետ որեւէ գործարքով սահմանված հիմքերի, անհիմն հարստացումը եղել է «պատասխանողի գործելակերպի հետեւանք», անհնար է, քանի որ քարքարոտ վարելահողը վերածվել է պտղատու այգու:
Մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր պատասխանող Գ. Կամարյանի ներկայացուցիչների դիմումը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին:
Թիթիզյանների հայցը բավարարել է մասնակիորեն՝ հօգուտ նրանց, որպես հանիրավ պահանջատերեր Գ.Կամարյանից բռնագանձել 24 497 446 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար. ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոս, 1 000 000 ՀՀ դրամ որպես կատարված ապրանքագիտական փորձաքննության վճար:
Հայցը՝ 38 452 487,60 ՀՀ դրամ, որպես անհիմն հարստացման գումարի, եւ նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ հաշվարկելու եւ բռնագանձելու պահանջի մասով, մերժել էր:
Վերաքննիչ քաղդատարանը նշանակել է վճռի հրապարակման օրը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
31.07.2019