Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի բուժման համար տունը վաճառել է՝ երեխայի հետ մնացել անօթեւան

Օգոստոս 01,2019 15:00

Վարսենիկ Մարգարյանը ժամանակավոր կացարան է փնտրում

64 ամյա Վարսենիկ Մարգարյանը դստեր հետ ուր որ է՝ հայտնվելու է փողոցում:

Տիկին Վարսենիկը բնակարան է վարձակալում Աջափնյակ վարչական շրջանում, իր աշխատանքի վայրին մոտ. մանկապարտեզում է աշխատում: Հիմա բնակարանի սեփականատերը խնդրել է ազատել բնակարանը:
Վարսենիկը պատմում է, որ հազիվ էր մատչելի գնով բնակարան գտել, աշխատում էր, վճարում էր, ճիշտ է՝ ծայրը՝ ծայրին հազիվ հասցնելով, բայց գոնե դա կարողանում էր:

Տիկին Վարսենիկը մասնագիտությամբ բանասեր է, բայց մանկապարտեզում մաքրություն է անում, կես դրույքով՝ մոտ 40 հազար դրամ վարձատրությամբ, 25 հազար դրամ էլ թոշակն է:

Այս փոքրիկ, բայց հոգսաշատ ընտանիքը մնացել է անտուն. տիկին Վարսենիկն իր բնակարանը վաճառել է աղջկա բուժման ծախսերը հոգալու համար. «Այդ բնակարանը վաճառեցի, բայց նաեւ մի փոքրիկ բնակարան գնեցի: Հետո դա էլ վաճառեցի, ոչ մի կերպ չէի հասցնում: Անընդհատ պետք է բուժման կուրս անցի աղջիկս, դեղեր խմի, հատուկ խնամք է հարկավոր: Ու մի օր վերջացան փողերը»:

Աղջկա հիվանդության մասին մեզ պատմեց, բայց խնդրեց դրանք չհրապարակենք:

Աշխատանքից տիկին Վարսենիկը չի վախենում, բացի մաքրուհու գործից, ձեռքի հետ այլ աշխատանք էլ է անում՝ ընտանիքի եկամուտը մի քանի հազարով ավելացնելու համար:

«Բայց, գիտե՞ք, դեղերի, բուժման ծախսերն այնքան շատ էին, որ իմ եկամուտով հնարավոր չէր տան վարձը վճարել, սնվել, ստիպված պարտքեր կուտակեցի, պարտքն ու վարկը միասին մոտ 1 միլիոն դրամ է: Երբ կարիքի մեջ ես լինում, երեխայիդ առողջության հարցն է, այդ պահին չես էլ մտածում՝ ոնց ես վճարելու, որովհետեւ, վստահ ես՝ կաշխատես, կվճարես»,-պատմում է Վարսենիկը:

Հիմա այս թոշակառու կինը անորոշության մեջ է, հետաքրքրվում է, «դռներ է թակում», փորձում է հասկանալ՝ ինչ ծրագրեր կան իր պես սոցիալապես անապահով մարդկանց աջակցող:

«Մի անելանելի իրավիճակում ենք: Կացարան չունենք: Դիմել էի Արաբկիրի թաղապետին, իմ գրանցման հասցեն այնտեղ է, բայց թաղապետն ասաց՝ վարչական շրջանում ժամանակավոր կացարան չունենք, օգնության ֆոնդ էլ չունենք: Չգիտեմ՝ էլ ում դիմեմ, որ դուռը թակեմ օգնության համար: Ինձ ընդամենը 4 պատ է հարկավոր, այն էլ՝ ժամանակավոր: Այդ ընթացքում պարտքերից կթեթեւանամ, նորից տուն կվարձակալեմ»,-ասում է տիկին Վարսենիկը:

Հետո անցնում է դստեր մասին պատմելուն. «Նկարչուհի է, կերամիկայից հրաշալի բաներ էր պատրաստում, կավագործությամբ էր զբաղվում, անգլերեն էր պարապում երեխաների հետ, երբ առողջական վիճակը մի փոքր բարելավվել էր: Տաղանդավոր աղջիկ ունեմ, եթե առողջությունը կարգավորվի, իրեն լավ զգա, կաշխատի՝ ինձ կօգնի: Հոգեկան ծանր ապրումներ է ունենում էս ամբողջի պատճառով: Ճիշտն ասած, ես էլ չեմ փայլում առողջությամբ, սիրտ-անոթային խնդիրներ ունեմ: Ձմռանը թոքաբորբ ընկա, հացի փռում էի աշխատում, երեւի ներսուդուրս արեցի՝ թոքաբորբ ընկա: Թոքաբորբն էլ հետեւանքներ թողեց: Բայց ես ամուր կին եմ, կարող եմ աշխատել, միայն թե ժամանակավոր կացարան ունենանք, ընդամենը ժամանակավոր»:

Ն.Բ.

«Առավոտ» օրաթերթ, 

31.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031