Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության» փոխարեն՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»

Հուլիս 31,2019 21:00

1997 թվականի հունվարի 22-ին Սուրեն Գորոյանը Էջմիածնի ծննդատան բակում՝ զուռնա-դհոլով էր։ Այդպես էր նա նշում առաջնեկի՝ Գոռի լույս աշխարհ գալը։ Կնոջ՝ Սուսաննայի հետ մինչեւ որդու ծնունդը, պատկերացրել էին նրա ապագան, նույնիսկ բարեկամներին էին պատմել ծրագրերը։ Բայց կիսատ մնացին նրանց երազանքները։ Չորս տարեկան էր Գոռը, երբ ավտովթարից մահացան ծնողները։ Գոռի խնամակալությունը ստանձնեց մորաքույրը՝ Ասյան։ Երեք երեխա ուներ, Գոռը դարձավ 4-րդը: Թերեւս, պայմաններից ելնելով՝ Գոռին ուղարկեց գիշերօթիկ մանկապարտեզ, հետո՝ էլ երաժշտական թեքումով գիշերօթիկ դպրոց։ «Նենց չի որ անտեսված եմ եղել։ Անտեր չմնացի։ Երաժշտական հակումներ ունեի, դպրոցում զարգացրի, ու հետագայում խորացա»,-ասաց Գոռը։ Նվագում է շեփուր եւ դաշնամուր, 14 տարեկանում արդեն «Կիլիկիա» նվագախմբի առաջին շեփորն էր։ Այնուհետեւ՝ 5 տարի զբաղվել է վոկալով։ Չգիտես ինչու կոնսերվատորիայի փոխարեն նախընտրեց թատրոնի եւ կինոյի ինստիտուտը։Ապաշնորհ չէր, անվճար համակարգ ընդունվեց եւ սկսեց կատարելագործել դերասանական հմտությունները։ Սովորելուն զուգընթաց՝ առաքիչ է աշխատել, կահույքի արտադրամասում՝ կահույքագործ։ Ինչ-ինչ պատճառներով հեռացնում են ինստիտուտից ։

Այստեղից էլ սկիզբ առնում է կյանքի այն փուլը, որը, ըստ Գոռի՝ չպետք էր լիներ, բայց ստացվեց։

Չպետք էր լիներ, բայց ստացվեց

2013 թվականի փետրվարի 4-ից հաշվառվում է ՀՀ ՊՆ Էջմիածնի զինկոմիսարիատում։2014-ին ընդունվելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի անվճար համակարգ՝ ստանում է տարկետման իրավունք մինչեւ 2018թ-ի հունիսի 28-ը։ Սակայն 2017 թ-ի սեպտեմբերի 23-ին հեռացվում է ԲՈՒՀ-ից, ներկայանում է զինկոմիսարիատ, անցնում է բուժզննում եւ ենթակա է եղել զորակոչման՝2017թ-ի ձմեռային զորակոչին։

Ընդգրկված լինելով «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի աշխատանքներում՝ Գոռը զբաղված էր տարբեր մարզերում՝ բարեգործական ծրագրերով։ Նրա խոսքով ծանուցագիր չի ստացել զինկոմիսարիատից, ուստի չի ներկայացել։ Համապատասխան զինկոմիսարիատում գիտեին նրա բնակության հասցեն։ Անկեղծանում է՝ ինքը երբեք չի հետաքրքրվել, թե ինչո՞ւ չեն կանչում բանակ։ Հետագայում պարզվում է՝ «խուսափել է» զինծառայությունից, հարուցվում է քրգործ եւ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրօրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում։ Պատիժը՝ երկու ամիս կալանքից՝ մինչեւ երկու տարի ազատազրկում։ Եվ 2019 ապրիլի 22-ից հայտնվում է անազատության մեջ՝ դառնալով «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր։ Գոռի պատմելով՝ օրերը մթնացնելով՝ սպասում էր, որ մի օր կազատեն, քանի որ վատ բան, իր կարծիքով, չէր արել։ Բայց դատական առաջին նիստում պարզվեց, որ քրեական գործից փաստաթղթեր են անհետացել։ «Մասնավորապես, որ ինքնակամ ներկայացել եմ քննչական, ասել եմ պատրաստ եմ ծառայելու, նաեւ չկային էն թղթերը, որ տարկետումը կորցնելուց հետո անցել եմ կամիսյա, գոդեն եմ ճանաչվել»,-ասաց Գոռը։ Նախաքննական մարմինը, ըստ կալանավորված երիտասարդի՝ գործը կազմել է այնպես, որ իբր խուսափել է, չի ներկայացել։ Զգալով որ նոր Հայաստանում դեռ ոմանք շարժվում են հին Հայաստանի բարքերով՝ իր մտահոգության մասին բարձրաձայնում է առցանց «Առավոտ»-ում։ Բացի այդ՝ դիմում է գլխավոր դատախազին՝ խնդրելով օրակարգում պահել իր քրեական գործի նախաքննությունը։ Անգամ պատրաստ էր հացադուլի, որովհետեւ նա երբեք միտք չի ունեցել խուսափել զինծառայությունից։

«Ես առողջ եմ, ես պիտանի եմ, ես ուժեղ եմ։ Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում»,- այդ ժամանակ ասել էր Գոռը։

Պատգամավորները՝ հանուն Գոռի

Մինչեւ գլխավոր դատախազը ընթացք կտար «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Գոռ Գորոյանի դիմումին, կարդալով հոդվածը՝ Ազգային ժողովի պատգամավորները արձագանքեցին եւ խնդիրը քննարկեցին պատկան մարմինների հետ։ «Իմ քայլ»-ի պատգամավորներ Տիգրան Կարապետյանը եւ Արփի Դավոյանը դիմեցին գլխավոր դատախազություն։«Մեզ համար զարմանալի էր, որ զորակոչային տարիքի առողջ պատանուն զրկում էին ծառայելու իրավունքից։ Գոռը, ցավոք, միակ չէ։ Նրա նման շատ զորակոչիկներ կան։ Չպետք է դատել ու հետո ուղարկել բանակ։ Փոխվում է մարդու արժեհամակարգային համակարգը։ Ուրախ եմ, որ Գոռի համար ամեն ինչ բարեհաջող էր եւ իր սրտով»,-ասաց Կարապետյանը։

ԲՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ինքն առաջին անգամ էր բախվում նման իրողության, որ երիտասարդը ուզենար ծառայել, բայց նրան պահեին կալանքում։ «Գոռ Գորոյանը դիմել էր հանձնաժողովին, նրա խնդիրը մեր օրակարգում էր, եւ պատրաստ էինք պայքարել Գոռի ոտնահարված իրավունքների վերականգնման համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը այցելել էր «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել Գոռին։

 

Գաղութից՝ առաջնագիծ

Մինչ Ազգային ժողովի բոլոր խմբակցության պատգամավորները փորձում էին օգնել Գոռին, ՀՀ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն՝«խորհուրդ տալով ձեռնպահ մնալ անհիմն լուրեր տարածելուց»:

Բայց ի վերջո՝ վերջին խոսքը դատարանինն էր։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը հանուն Հայաստանի Հանրապետության վճռեց՝ Գոռ Գորոյանին դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառել, որպեսզի Գոռը զորակոչվի բանակ։

«Շնորհակալ եմ այն բոլոր պատգամավորներին, որոնք նեցուկ կանգնեցին ինձ։ Շնորհակալ եմ դատարանին, անգամ դատախազին, որ չառարկեց»,-ասաց Գոռը։

Նա անմիջապես ներկայացավ զինկոմիսարիատ, նորից անցավ բուժզննում եւ ցանկություն ուներ ընտրելու «Ես եմ» ծրագիրը։ «Մի քիչ անհանգիստ, պրպտուն բնավորություն ունեմ։ Սովորելուն զուգահեռ՝ աշխատում էի, առաջնագծում ծառայելուց ուզում էի մի քիչ փող հետ գցեի, որ զորացրվելուց հետո շարունակեմ ուսումս, ընտանիք կազմեմ, տուն-տեղ դնեմ»,-ասաց Գոռը։ Սակայն զինկոմիսարիատում տեղեկացրին, որ դատվածության պատճառով չի կարող ընտրել «Ես եմ» ծրագիրը։

Վիճակահանությամբ որոշվեց ծառայության վայրը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի կինիլոգիայի վաշտ։

22 տարի անց 2019 թ. հուլիսի 27-ին նորից զուռնա-դհոլ հնչեցեց Գոռի համար։ Մի քիչ խոնավ աչքերով, բայց հպարտ հայացքով, պատրաստակամ հայրենիքը պաշտպանելու թշնամիներից։ «Հույս ունեմ, որ էլ կտրուկ սխալներ չեմ անի։ Բանակը շրջադարձ կլինի իմ կյանքում։ Ավելի վերաիմաստավորված կզգամ, մի խոսքով՝ լավ մնացեք….»,-եզրափակեց Գոռը՝ պատրաստվելով օրեր անց երդվելու՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

 

Արմենակ/Արմեն/ Դավթյան

Լրագրող

այժմ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031