Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձևի մասնակցության վիճակահանությունը:
ՀՀ զինված ուժերը ներկայացնող խոհարար-զինծառայողները մրցույթի առաջին փուլում ուժերը կչափեն Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերի հետ: Հայ խոհարարները պատրաստվում են մրցավարական կազմին ներկայացնել ազգային կերակրատեսակներ:
Նույն օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի վիճակահանությունը: Այս մրցաձևում ՀՀ զինված ուժերը ներկայացնող ռազմական ոստիկանների թիմը հանդես կգա երկրորդը:
«Կարգապահության պահապան» մրցաձևը բաղկացած է չորս փուլերից` հրաձգություն, արգելագոտու հաղթահարում, պարեկային խմբերի մրցարշավ ավտոմեքենաներով և բնական արգելագոտիների հաղթահարման թիմային մրցարշավ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն