Այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը խոսում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած «կոնսենսուս մինուս մեկ» թեզի մասին:
Aravot.am-ի հարցին՝ դուք ասում եք «կոնսենսուս մինուս մեկ», բայց չի՞ կարող այնպես լինել, որ այդ մինուս մեկը Քոչարյանը լինի՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Այսինքն, Փաշինյանի՞ շուրջ համախմբվեն: Մի պահ եղավ կոնսենսուս մինուս մեկ, բայց այդ ժամանակ գործող իշխանությունն էր, դա տեւեց ընդամենը ամիսներ: Այսօր մեկուկես տարի էլ չի անցել դեռ եւ մինուս մեկը արդեն Փաշինյանն է դառնում, սա փաստ է»:
Ստեփան Մարգարյանը խոսում էր այն մասին, թե ինչպիսի ղեկավար է եղել Քոչարյանն ու ասում էր, որ երկրի ապագայի մասին է մտածում: Մեր դիտարկմանը՝ դուք խոսում եք ապագայի մասին, բայց, ըստ էության, առաջարկում եք անցյալը, այսինքն, առաջարկում եք համախմբվել մի անձի շուրջ, որի ղեկավարումը մենք արդեն տեսել ենք՝ Ստեփան Մարգարյանը արձագանքեց. «Ես վերլուծում եմ օրվա իրավիճակը. Եթե կլինի համախմբումը Քոչարյանի շուրջը՝ կլինի: Բայց իշխանությունն է դրան ձգտում: Քոչարյանի շուրջ համախմբումը հուսալի է միայն նրանով, որ տասը տարի ՀՀ տնտեսությունն աճել է Քոչարյանի օրոք»:
Մենք հիշեցրինք՝ Քոչարյանի օրոք եղել է Հոկտեմբերի 27, եղել է Մարտի 1 նաեւ՝ Ստեփան Մարգարյանն արձագանքեց. «Նույն ձեւ կարող եք ասել, որ Նիկոլի օրոք եք ունեցել Մարտի 1-ը, որովհետեւ գլխավոր գործողներից մեկը ինքն էր, ինքն էր միտինգները վարողը: Երբ լինում է բախում, երկու կողմն էլ մեղավոր են»:
Կարդացեք նաև
Մեր զարմանքին, որ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը չի եղել իշխանության, ո՞նց կարելի է ասել՝ «Նիկոլի օրոք» եղել է Մարտի 1, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Երբ որ բախում է լինում, մի կողմով չի լինում, երկու կողմն է»:
Վահան Բաբայանն էլ ասաց. «Էդ վիդեոները տեսե՞լ եք, երբ ասում է՝ սիրտս փառաբանվեց, որ վահանները ոստիկաններից խլեցիք, դա ինչի՞ մասին է խոսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ