Այսօր «Հայելի» ակումբում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հայտարարեց, որ փողոցի միջոցով իշխանություն վերցրած Փաշինյանը հիմա էլ ուզում է փողոցի ու իր ֆեյքերի միջոցով վերցնել դատական իշխանությունը իր անձնական վերահսկողության տակ. «Սա ոչ այլ ինչ է, քան դատական համակարգին դարձնել ծառա՝ իր տարբեր տեսակի վրեժխնդրությունների համար, դատաիրավական համակարգի այսպես կոչված բարեփոխումների համար: Հայտնի դատավորի հետ կապված վերջին իրադարձություններից պարզ է, որ ընտրովի մոտեցում է ձեւավորվում, բայց այս ամենը սկսեց նրանից, երբ հանրությունը լիարժեքորեն չգնահատեց Փաշինյանի կողմից կազմակերպված դատական համակարգի հանդեպ տեղի ունեցած արշավը, որը բացահայտ կոչ արեց շրջափակել դատարանները, դատական ատյանները շրջափակեց: Այդ օկուպացիոն ակցիան ոչ այլ ինչ է, քան դատական համակարգը ենթարկեցնելու փորձ»:
Ըստ Վահան Բաբայանի, որոշ ժամանակ անց այս իշխանությունները միայն այդ դրվագի համար պատասխանատվություն են կրելու: Բաբայանի խոսքով՝ «Կոնսենսուս մինուս մեկը» յուրաքանչյուր քաղաքացու մտորումն է այսօր, որովհետեւ կան նիկոլականներ, իշխանություն, որ իրենց է հասել ու կան ադեկվատ մարդիկ, որոնք սատարում են ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, Քոչարյանին, այլ կուսակցություններին, այսինքն, մարդիկ, որոնք չեն ընդունում աղանդավորական քաղաքական մոտեցումները: Աստվածապաշտությունը սկսվում եւ ավարտվում է իրենց վարչապետով, բայց հիշեցնեմ, որ իրենք եկել են իշխանության ոչ թե վրեժ լուծելու, ոչ թե դատական համակարգն իրենց վերահսկողության տակ վերցնելու, այլ երկրում տնտեսական թռիչքաձեւ աճ գրանցելու, ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու՝ մեծ ինտերվալով, քաղաքական ազատություններ շնորհելու, մենաշնորհներից վերանալու եւ այլն, բայց իրենք անում են լրիվ հակառակը»:
Վահան Բաբայանն ասաց՝ «Ինքը քարոզում էր, որ պետք է պետական ծառայողական մեքենաների թիվը կրճատվի, բայց վերջին կառավարական նիստերից մեկի ժամանակ ունկնդրում էր, թե իր թիմակիցները ոնց են բանավիճում, թե այդ 90 մեքենան որ տեսչությունների միջեւ կիսեն: Բա ո՞ւր մնաց ձեր մետրոները, ո՞ւր մնաց ձեր հեծանիվները: Փաստորեն ստացվեց, որ ժողովրդին խոստումները, որ տրվել էին ժամանակին, նույնպիսի փուչիկներ էին, որոնք պայթեցին ու գնացին»:
Aravot.am-ի հարցին՝ դուք ասում եք «կոնսենսուս մինուս մեկ», բայց չի՞ կարող այնպես լինի, որ այդ մինուս մեկը Քոչարյանը լինի՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Կենսենսուս մինուս քանիս կլինի՝ դա արդեն երկրորդական հարց է: Կարեւորն ի՞նչն է, որ երկրում լինի իրական ընդդիմություն եւ առաջընթաց: Երբ որ դուք մեղադրում եք ինչ-որ մարդկանց, մարդիկ էլ կան՝ այդ մարդկանց աջակցում են: Եկեք հնարավորություն տանք, թող մենաշնորհ չլինի երկրում, թող մարդիկ կարողանան իրենց ազատ ընտրությունն անեն, գնան այդ մարդու հետեւից, իրենց գաղափարները, ծրագրերն առաջարկեն, ուրիշ բան, որ այդ մարդը կարող է շատերի դուրը չգա, կարող է սխալներ թույլ տված լինի: Ի վերջո` ժողովուրդը էն նախկինը չի, չես կարող խաբել, աչքերը փակել»:
Կարդացեք նաև
Վահան Բաբայանն ասաց, որ երբ այս իշխանությունից մի լավ բան տեսնեն՝ կասեն. «Մենք հո պատվիրված ելույթներ չե՞նք ունենում: Շատ անգամ մեզ մեղադրում են, ասում են՝ քոչարյանական ենք, փող են տվել, որ խոսանք, բայց ժողովուրդ ջան, եկեք կոնկրետանանք: Երբ մենք մեր ուժերով ինչ-որ բան ենք անում, մեզ մեղադրում են, որ մեզ աջակցում են ինչ-որ տեղից: Եթե էդ ինչ-որ տեղի հետ անենք՝ արդեն էդ տեղի մարդն ենք համարվում: Ատելություն սերմանող մարդիկ չեն նայումով է, ինչ է: Նայում են, եթե Քոչարյանի մասին ինչ-որ լավ բան ես ասում, ուրեմն դու քոչարյանական ես: Ես պաշտոնապես ասում եմ՝ ես Քոչարյանի մասին շատ բան եմ խոսացել, ես իրեն սատարել եմ, երբ իրեն ձերբակալել էին, հայտարարել եմ, որ քաղաքական հետապնդում է, բայց ես քոչարյանական չեմ, ես ընդհանրապես որեւէ առնչություն չունեմ իր հետ: Ես ոչ իշխանություն եմ եղել, ոչ Մարտի 1-ին եմ մասնակցել, ոչ էլ կոռուպցիայի մեջ եմ ներքաշված եղել, մի հատ կուսակցություն էլ ես եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ