Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրան դատ է հասնում, առնվազն մեկուսացում է հասնում հասարակությունից». ԲՀԿ նախկին պատգամավորը՝ Փաշինյանի կոչի մասին

Հուլիս 31,2019 18:03

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանն (լուսանկարում՝ մեջտեղում) այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե 2018-ի ԱԺ ընտրությունները նորմալ չէին, ուստի եկավ մի խորհրդարան, որը դերակատարում չունի. «Հասարակությունն ընտրել է, բայց էմոցիոնալ բարձր ֆոնով է ընդունել, հիմա չեմ կարծում, որ որեւէ մեկը չհամաձայնի, որ ԱԺ-ն դերակատարում չունի ՀՀ կառավարման համակարգում, չի արտահայտում հասարակության շահը: Դարձել է լրիվ կառավարելի, քայլ է կատարվել հաջորդին, հաջորդը դատարաններն են: Նպատակ է դրված դատարանները դարձնել կառավարելի, իշխանության ցուցումով աշխատող՝ ում ուզեն՝ դատեն, ում ուզեն՝ ազատ արձակեն: Հաջորդ քայլը գալու է մամուլին, մամուլն էլ դարձնեն կառավարելի»:

Ստեփան Մարգարյանը վստահ է, որ իշխանությունները հետո փորձելու են սեփականության վերաբաշխում անել՝ ստեղծելու քրեաօլիգարխիկ համակարգ. «Մինչեւ դրան հասնելը դատարաններն ու մամուլը պիտի լինեն լրիվ կառավարելի, որ ամեն ինչ, ինչ արվում է, ներկայացնեն, թե էս ինչ լավ բաներ են արվում: Խորհրդային տարիներն են հիշվում՝ ով է տվել այս կյանքը պայծառ մեզ՝ ընկեր Ստալինը»:

Այս ամենից հետո Ստեփան Մարգարյանն եկավ բուն թեմային՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ նրա, Քոչարյանի խոսքը սպասված է. «Շատերը սպասում էին, որ ինքը ելույթ ասի, որի մեջ ծրագրային տարրեր կան, եւ կային այդ ծրագրային տարրերը: Ինքը մեկ անգամ եւս հաստատեց, որ մտնում է եւ ակտիվ  զբաղվելու է քաղաքականությամբ, ինչը շատ-շատերի համար ցանկալի էր, եւ ասվեց նույնիսկ ակտիվ գործունեության ժամկետներ: Օրով, ժամով չի ասել, բայց աշնանը որոշ գործընթացներ, քաղաքական ուժերի միջեւ համագործակցության… Դա նորություն էր եւ ճիշտ էր: Քանի որ ԱԺ-ում այսօր չկա այն ընդդիմությունը, ինչը երկրին օդի ու ջրի պես անհրաժեշտ է, ուրեմն ընդդիմությունը ստեղծվելու է դրսում՝ արտախորհրդարանական ընդդիմություն է լինելու, որը լինելու է այլընտրանք իշխանություններին: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը կունենա մեծ դերակատարում ընդդիմության ձեւավորման գործում, դա այսօր ակնհայտ է: Ինքը կունենա լուրջ դերակատարում, կլինի ծրագրային եւ ասելիք ունեցող ընդդիմություն»:

ՀՅԴ-ական Գեւորգ Ղուկասյանն (լուսանկարում՝ աջից) ասաց, որ գործող իշխանությունները չեն կարող դատաիրավական համակարգի բարեփոխումներ իրականացնել, որովհետեւ հայեցակարգ չունեն:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք խոսում եք դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին ու ասում, թե ինչպիսի ղեկավար էր Քոչարյանը, բայց վերջերս ՄԻԵԴ վճիռներ ունեցանք ընդդեմ Հայաստանի, քանի որ Քոչարյանի հրամաններով իրացման գոտի ճանաչված տարածքները վերցնելու ընթացակարգերի ժամանակ խախտումներ են եղել, հիմա 1,6 նլն պիտի վճարենք պետբյուջեից, դա արդյոք Քոչարյանի ժամանակներից ստեղծված դատական համակարգի այսպես ասած «խերը» չէ՞ր, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Վատ բան է, չէ՞, որ Հայաստանը փող է մուծում, եթե դա եղել է, ենթադրեք նույնիսկ Քոչարյանի ցուցումով, դա վատ բան է: Դատապարտվա՞ծ ենք ասել, որ քանի որ մի ժամանակ ինչ-որ բան եղել է, հիմա էլ այսպես պիտի լինի: Նախկինների վրա գցելու տենդենցն է, եղբայր, եթե նախկինում ինչ-որ բան վատ է եղել, ես՝ ՀՀ քաղաքացիս, մեղավոր չեմ դրա համար, չէ՞, այսօր ես ուզում եմ լավ լինի, դու ես այսօր, քեզնից է կախված»:

Հարցրեցինք՝ հիմա ի՞նչ է արվում, զանգովի արդարադատությո՞ւն է իրականացվում, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ավելին, մարդուն բռնաճնշում, դա մարդուն բռնել եւ գործ հարուցելն է: Սահմանադրական կարգի տապալման հոդված է դրած Ռոբերտ Քոչարյանին, դատարանն իշխանության առանձին ճյուղ է, անկախ մարմին է, դատարանը շրջափակել ու ստիպել, որ մարդիկ դուրս գան… կամ այսօրվա ճնշումները ՍԴ-ի վրա դասական իմաստով սահմանադրական կարգի տապալում է: Հիմա եթե որեւէ դատավոր վերցնի ու Փաշինյանի կոչի համար, որ գնացեք շրջափակեք, հայց ներկայացնի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի, ոստիկանությունը, կամ մյուսներն արդյոք նպաստելո՞ւ են դրան, ոնց որ նպաստում էին դատարանի շրջափակմանը: Դատարաններ կային, որ որեւէ մարդ դուրս չէր եկել միայն 2-3 պատգամավոր դատարանի դռան դեմը կանգնած էին ու ասում էին, որ դատարանները շրջափակել ենք: Իշխանության մի մարմնի ներկայացուցիչը շրջափակում է մեկ ուրիշ մարմնին: Նրան դատ է հասնում, առնվազն մեկուսացում է հասնում հասարակությունից: Դա իսկապես սահմանադրական կարգի տապալման փորձ է: Նախկինը մենք չենք կարող փոխել, խոսքը ներկայի ու ապագայի մասին է»:

Մեր դիտարկմանը, որ դուք խոսում եք ապագայից, բայց դա կապում եք նախկինի հետ, այսինքն, վերադարձ այն ժամանակներին, երբ Ա1 պլյուս էր փակվում, երբ զուգարանում մարդ էին սպանում, երբ Մարտի 1 էր լինում, դա՞ է ապագան, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Նախկինում եղել է վատ բան՝ եկեք դրանով գործ հարուցեք, Մարտի 1-ին եղել են զոհեր, գործ հարուցեիք: Եկեք նայենք՝ սխալներն իսկապես ով արել է՝ թող պատասխան տա արածների համար: Իշխանության այսօրվա գործունեությունը բերեց նրան, որ հասարակությունը սկսեց փնտրել այլընտրանքային ուժ՝ ում շուրջը համախմբվել: Սա փաստ է արդեն, գործընթաց է, որը դժվար թե արդեն կասեցվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031