Հուլիսի 31-ին Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ։
Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության և դրա աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Այս համատեքստում արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որն առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում։
Մասիս Մայիլյանը կարևորել է նաև Ավստրալիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումն ու երկու երկրների միջև տարբեր մակարդակներով համագործակցության հաստատումը։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
Արցախի արտաքին գործերի նախարարություն