ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է:
2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնևմոթորաքսի ձևով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1988թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:
Կարդացեք նաև
Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա համագյուղացուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, կատարվել հարցաքննություններ: Մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ հանցագործության գործիք հանդիսացած դանակի և միջադեպին ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին