Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ կառավարությունը կկրճատի՞ Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. Սուրեն Սարգսյան

Հուլիս 31,2019 15:53

«ԱՄՆ-ը Հայաստանից հետո, աշխարհի միակ պետությունն է, որը առանց ճանաչելու Արցախը, ֆինանսական օգնություն է ցուցաբերում Արցախին: Սա չափազանց կարեւոր քաղաքական ու իրավական նախադեպ է, որը պետք է պահպանել ի օգուտ մեզ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Խոսքը ականապատված տարածքների ականազերծման համար տրամադրվող գումարներին է վերաբերում: Այդ ծրագիրը USAID-ի կողմից ֆինանսավորվող է, որի դադարեցումը, ըստ մեր զրուցակցի, լուրջ քաղաքական ուղերձ է իր մեջ պարունակում։

Դիտարկմանը, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ԱՄՆ կառավարությունը կրճատել է կամ ընդհանրապես ֆինանսական աջակցություն չի տրամադրել Արցախին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Իհարկե, եղել են տարիներ, երբ ԱՄՆ կառավարության կողմից Արցախին օգնություն չի տրամադրվել ` որեւէ խողովակով, եւ ադրբեջանցիները փորձում են հենց դա դարձնել նախադեպ: Մենք պետք է այնպես անենք, որ օգնության տրամադրումը դառնա նախադեպ, որպեսզի ամեն տարի, ԱՄՆ-ը`օրենսդիրի, գործադիրի, հասարակական թե հումանիտար կազմակերպությունների խողովակներով ուղիղ ֆինանսական աջակցություն տրամադրի Ստեփանակերտին: Սա մեր լոբբիստների համար ամենակարեւոր խնդիրն է այսօր»:

Անդրադառնալով վերջերս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցին եւ դրա արդյունքներին էլ, Սուրեն Սարգսյանն ասաց. «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի նպատակը ԱՄՆ Կոնգրեսի կողմից կազմակերպվող միջազգային կոնֆերանսին մասնակցելն էր,  եւ քանի որ Հայաստանի պառլամենտից վերջին շուրջ 12-13 տարիների ընթացքում պատվիրակություն Վաշինգտոնում չէր եղել, այս այցելությունը չափազանց կարեւոր էր: Այցի ընթացքում չափազանց կարեւոր հանդիպումներ տեղի ունեցան թե ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հետ, թե  Սենատի Հանրապետականների առաջնորդ եւ բավական ազդեցիկ գործիչ Միչ Մըքքոնլի հետ: Հանդիպումներ եղան նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամների հետ: Վստահ եմ, որ այդ կարեւոր հանդիպումների ժամանակ նաեւ քննարկվել են Հայաստանին օգնություն տրամադրելու մասին հարցեր»»:

Հիշեցնենք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայաստանին 40 միլիոն դոլար օգնությունը տրամադրելու փաթեթ է ընդունվել, այն ուղղարկվել է Սենատ: «Սենատում հաստատվելուց հետո Հայաստանը կկարողանա ԱՄՆ-ից ստանալ 40 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն: Սա որեւէ կապ չունի մյուս խողովակներով եկող աջակցության հետ: Սա առանձին աջակցության փաթեթ է»,- հստակեցրեց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031