«Մեր նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ պահանջատեր է: Մեր վարժարաններում գործում է օրենք, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող տեղեկատվությունը ներկայացվում է ուսանողներին»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց պատվիրակությամբ Հայաստան այցելած Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսը: Նա շեշտեց՝ Կալիֆորնիան ԱՄՆ այն ինը նահանգներից է, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը. «Հուսամ, որ դա հավելյալ հնարավորություն կլինի՝ ՀՀ-ի եւ Կալիֆորնիայի միջեւ նոր համագործակցության համար»:
Պատվիրակության անդամ, Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարն էլ նշեց՝ Կոլորադոն ԱՄՆ միակ նահանգն է, որը պետական հողի վրա ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար. «Իսկ նախորդ տարի գլխավոր մայրուղիներից մեկի մի հատվածը անվանվել է «Սարդարապատի ճանապարհ»: Պատգամավորն այս օրերին այցելել է «Թումո» կենտրոն. «Մտածում ենք, թե ինչպես կարող ենք «Թումո» հիմնել նաեւ Կոլորադոյում: Շատ ոգեշնչված ենք այդ կենտրոնով: Հետաքրքրված ենք նաեւ հայաստանյան գյուղերի հետ գործակցության ծրագրով»:
Դանեա Էսկարը հավելեց, որ հանդիպել է նաեւ հայ պատգամավորների հետ, իրեն պատմել են հայաստանյան թավշյա հեղափոխության մասին. «Ասացին, որ այդ հեղափոխությունը կատարել են նաեւ կանայք եւ երեխաները, եւ այդ իրադարձությունների ժամանակ մեկ կաթիլ արյուն չի թափվել: Դա շատ է ոգեշնչել ինձ: Այդ հեղափոխությունը բարեփոխեց ոչ միայն ՀՀ-ին եւ հայ ժողովրդին, այլեւ ողջ աշխարհը: Վստահ եմ, որ նորից կայցելեմ Հայաստան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև