Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:
Մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով: Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական և տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:
2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, և վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:
Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Կարդացեք նաև
Գլոբալ ինովացիոն ինդեքսի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են 2007 թվականից ի վեր` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), «Cornell» համալսարանի և «INSEAD» միջազգային բիզնես դպրոցի համատեղ ջանքերով: Ինդեքսը նկարագրում է աշխարհի 130 երկրների տնտեսությունների ինովացիոն կարողությունները և կատարողականը` հատուկ մշակված մեթոդոլոգիայի միջոցով վարկանշավորելով երկրները 80 որակական և քանակական ցուցանիշների հիման վրա։ Այն հաշվարկվում է որպես Ինովացիոն մուտքերի ենթաինդեքսի (Innovation Input Sub-Index) և Ինովացիոն ելքերի ենթաինդեքսի (Innovation Output Sub-Index) պարզ միջին թվաբանական, ընդ որում ինդեքսի ցուցանիշները խմբավորվում են ըստ 7 հենասյուների` «Ինստիտուտներ» «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Բիզնեսի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» և «Ստեղծագործական արտադրանք»։
Տվյալները հավաքագրվում և վերլուծվում են հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից հրապարակված հաշվետվությունները, պետական վիճակագրական տվյալները, մասնավոր հատվածից ստացված տեղեկատվությունը և սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն