Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին հիշեցրին նախընտրական խոստումները՝ «Չի՜ բարեկարգվել», «Չի՜  կանաչապատվել», «Չի՜ մաքրվել» (ֆոտոշարք)

Հուլիս 31,2019 15:19

«Չի՜ բարեկարգվել», «Չի՜ կանաչապատվել»,«Չի՜ մաքրվել»: Այսօր այս բովանդակությամբ պաստառներով ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի առաջ բողոքի ցույց անցկացրեց: Բարեկարգելը, կանաչապատելն ու քաղաքն աղբից մաքրելը, ըստ ցույցի կազմակերպիչների, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից էին: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտարարեց, որ այդ խոստումների կատարման համար ժամանակ է անհրաժեշտ: Ցույցի մասնակիցները պատասխանեցին՝ անցել է 9-10 ամիս, բայց քայլեր չեն տեսնում:

«Մենք այսօր ուզում ենք Երեւանի քաղաքապետին հիշեցնել իր տված խոստումները: Երեւանի բյուջեով նախատեսված է 5 միլիարդ 200 միլիոն աղբահանության համար, լրացուցիչ երկու միլիարդ ավելի ծախս է արվում, բայց աղբահանության հարցում իրավիճակ չի փոխվել»,-ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Արա Ռոստոմյանը։
Ի պատասխան, Հակոբ Կարապետյանն ասաց՝ ես համաձայն չեմ ձեր հնչեցրած թվերի հետ. «Սանիթեք» ընկերությունն իր չարած աշխատանքի համար գումար չի ստանում եւ չի ստանալու:

Պարոն Ռոստոմյանը եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը հիշեցրին վերելակների փոփոխության եւ կանաչապատման խոստումները՝ նշելով, որ, կրկին, վերելակների պատճառով զոհեր ենք ունենում, իսկ կանաչապատման փոխարեն էլ՝ կանաչապատ տարածքները հրդեհվում են։

Սարգիս Կարապետյանը հիշեցրեց հուլիսի 27-ի դեպքը , երբ վերելակի ճոպանը պոկվելու հետեւանքով երկու քաղաքացի մահացել էին:
Հակոբ Կարապետյանն ասաց, որ դա մասնավոր ընկերության վերելակ է եղել, եւ այդ վերելակների նկատմամբ պատասխանատվությունը, վերահսկողությունը Երեւանի քաղաքապետարանի տիրույթում չէ:

ՀՅԴ-ականների խոսքով՝ այս անգամ «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետին՝ որպես նախազգուշացում։ Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդը «կարմիր քարտն» է լինելու՝ հրաժարականների պահանջով:

Սարգիս Կարապետյանը հստակեցրեց իրենց պահանջը Երեւանի քաղաքային իշխանություններից. «Մեր պահանջն է՝ աղբահանություն, կանաչապատում, գետնանցումների բարեկարգում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031