Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ ղեկավարը արձագանքում է` հանրապետությունում չկա անվերահսկելի որեւէ հիվանդություն

Հուլիս 31,2019 14:00

Ըստ ծառայության պետի`լեշմանիոզ հիվանդությունը չի համարվում, եւ երբեւէ չի համարվել հատուկ վտանգավոր պաթոգեն

Հանրապետությունում չկա անվերահսկելի որեւէ հիվանդություն: «Առավոտի» հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՏՄ) ղեկավար ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Երեկ Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը ասուլիսում հայտարարել էր, որ վերջերս Շիրակի մարզում կենդանիների անկում է գրանցվել, որովհետեւ չեն պատվաստվել, բայց դրա մասին ոչինչ չի ասվել: Նա նաեւ մտահոգություն է հայտնել` «այսօր առկա է սանիտարահամաճարակային պայթյունավտանգ իրավիճակ, թռչունների անկում»:

Պարոն Գրիգորյանը նաեւ ասել է. «Կենդանիների հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը լեշմանիոզ հիվանդության քարտեզագրում է կատարել: Այս հիվանդությունը հատուկ վտանգավոր հիվանդությունների շարքին է պատկանում, որը փոխանցվում է մոծակներով թափառական շներից: Մենք հիմա խայտառակ իրավիճակ ունենք աղբահանության հետ եւ չի բացառվում, որ Երեւանում գոյություն ունի լեշմանիոզի բարձր ռիսկ: Ոչ ոք չի գնահատել այդ ռիսկը»:

«Առավոտը» ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս մեր հանրապետությունում լեշմանիոզի բարձր ռիսկ կա, հարցրինք նաեւ կենդանիների անկման պատճառներից:
Պարոն Ավետիսյանը հաստատեց, որ անցյալ տարի եւ այս տարի եղել են լեշմանիոզի տեղային բռնկումներ:

Սա, ՍԱՏՄ ղեկավարն ասում է, որպես լեշմանիոզ հիվանդությունը խորությամբ ուսումնասիրած մասնագետ: Նրա խոսքով, շատ վաղուց է զբաղվում այդ հիվանդության ուսումնասիրությամբ եւ եկող տարի փորձելու է դիսերտացիա պաշտպանել ՝լեշմանիոզ հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունով թեմայով:

Նրա խոսքով, նախ՝ այդ հիվանդությունը տարածվում է ոչ թե մոծակների, ինչպես ծառայության նախկին պետն է նշել, այլ` մլակների միջոցով եւ լեշմանիոզ հիվանդությունը չի համարվում եւ երբեւէ չի համարվել հատուկ վտանգավոր պաթոգեն:

«Առաջին ահազանգը, որ եղավ առողջապահության պատասխանատուների կողմից, այդ ժամանակ ես աշխատում է լաբորատորիայում եւ իմ կապերի միջոցով, պարզում էի ու անձամբ գնում` այն բնակավայրեր, որտեղ հիվանդացած մարդու դեպք էր գրանցվել եւ շներից արյուն էինք վերցնում` հետազոտում: Այդ հիվանդությանը շատ լավ ծանոթ ենք եւ այն այդ հիվանդություններից չէ, որը առաջացնում է համաճարակներ»,-ասաց պարոն Ավետիսյանը` նշելով, որ համաճարակային իրավիճակ հանրապետությունում չունենք եւ, եթե ունենայինք, այդ մասին, պարտադիր կհայտարարեին:

ԽԱՊԾ ղեկավարը նաեւ ասաց, որ լեշմանիոզի մասին հայտնել են նաեւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, որի ներկայացուցիչը մեր երկրում հենց Գեորգի Ավետիսյանն է. «Մենք պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ հիվանդությունների մասին այդ կառույցին տեղյակ պահել: Մեր կայքում կա տեղեկատվություն նաեւ կատաղության դեպքի մասին: Ու հիմա բրուցելոզի հաշվարկներն ենք անում, վեց ամսվա պատկերն ենք ամփոփում: Անհանգսանալու բան չկա, մենք` մասնագետներս, իհարկե անհանգստացած ենք բրուցելոզի տարածումով, բայց ունենք լուծումներ եւ կառավարելի իրավիճակ: Երբ որ երկրում կլինի անասունների ամբողջ գլխաքանակի հաշվառում եւ համարակալում, այդ ժամանակ մենք կկարողանանք բրուցելոզի տարածումն ավելի լավ վերահսկել եւ կանխարգելել, որպեսզի հնարավոր լինի մեր երկրում բրյուցելոզը վերացնել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

31.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031